top of page

Թաղմանը վարակվածները

30.04.2020,ԵՐԵՎԱՆ

Կորոնավիրուսով վարակվելու 134 նոր դեպքի գրանցումը մեկ օրվա ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության հերթական նիստում «վատ իմաստով ռեկորդային ցուցանիշ» անվանեց:


Աճի աննախադեպ մեծ թիվը, Թորոսյանի խոսքով, հետևանք է հուղարկավորության անցկացման:

«Հուղարկավորությանը վարակված անձ է մասնակցել ու մյուսներին վարակել: Դրա համար դարձյալ պիտի կոչ անենք հնարավորության դեպքում հուղարկավորությունների չմասնակցել ու չհամարել, որ վտանգն ամբողջությամբ անցել է»,- ասաց Թորոսայնը:


«Արհեստական շնչառության սարքերին միացված այս պահին ունենք 6 քաղաքացի, ծանր վիճակում՝ 17, ծայրահեղ ծանր՝ 59: Իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին կամ շատ թեթեև վիճակում գտնվող քաղաքացիներին չհոսպիտալացնելու քաղաքականությանը: Բայց այդ որոշումն ընդունելու օրը մենք պետք է հասկանանք, որ դա բերելու է նաև նոր դեպքերի ավելացման: Ենթադրում ենք, որ դեռ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել»,- ասաց Թորոսյանը:


Նա նաև հայտնեց, որ գրանցված նոր 134 դեպքերի մեջ մեծ թիվ են կազմում իրար հետ փոխկապակցված անձինք, ինչը հույս է տալիս ենթադրելու, որ աճի այս տեմպը հետագա օրերին հնարավոր է` նվազի:


Հիվանդների թվի ավելացումը չի հանգեցնի սահմանափակումների խստացման: ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը չբացառեց, որ ծրագրվող ռեժիմի թեթևացումը մայիսի 4-ից ու տնտեսական որոշ տեսակների բացումը ներկա պահին դեռ մնում է ուժի մեջ: Բայց, ինչպես նշեց պարետը, ամեն ինչ կախված կլինի հետագա օրերին գրանցվող իրավիճակից:


Հիշեցնենք` վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ 134–ով և դարձավ 2066։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 929 մարդ, փաստացի բուժվողները 1103–ն են, անցկացվել է 21 125 թեստավորում։ Մահացածների թիվը 32 է։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page