12.10.2020
Ալիեւը Անկարայի աջակցությամբ տապալում է Ռուսաստանի հրադադարի միջնորդությունը, հայտարարել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական, գեներալ Վաղարշակ Հարությունյանը: Նա նշել է, որ նպատակը արցախյան հարցում Թուրքիայի դերը բարձրացնելն ու ռազմավարական հեռանկարում ՌԴ-ին ռեգիոնից ընդհանրապես դուրս մղելն է:
Անկարան իր նպատակը գործնականում չի էլ թաքցնում: Այստեղ հարցը դառնում է այն, թե որոնք են Ռուսաստանի նպատակները: Միեւնույն ժամանակ, կա նաեւ մեկ այլ հարց՝ որքանով է Ռուսաստանն ունակ լինել իր նախաձեռնած գործընթացի տեր, առաջ մղել հրադադարի նախաձեռնությունն ու հասնել դրա ապահովմանը: Ի վերջո, տարօրինակ կլինի մտածել, թե ՌԴ նախագահ Պուտինի մակարդակով ստանձնելով այդ հանձնառությունը, հետեւաբար՝ հետագա իրավիճակի զարգացման համար որոշակի պատասխանատվություն, Կրեմլը չէր պատկերացնում Անկարայի հակազդեցության հնարավորությունը:
Եթե Անկարան սանձազերծել է պատերազմը իր դերը բարձրացնելու համար, ապա միանգամայն պարզ է, որ դերի արձանագրում չլինելու դեպքում նա շարունակելու է պատերազմել: Հարցն այստեղ Ռուսաստանի դերն է, ի վիճակի՞ է Մոսկվան խաղալ այն եւ հասնել նրան, որ Անկարան չհասնի իր նպատակին, բայց հաստատվի կայուն հրադադար եւ սկսի քաղաքական գործընթաց:
Առայժմ դա չի ստացվում, եւ հրադադարի հայտարարությունից հետո Բաքուն չի կանգնել եւ թուրքական աջակցությամբ շարունակում է պատերազմը: Նկատելի չէ, թե ինչ է անում Ռուսաստանը: Լավրովը զանգահարել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին, հետո Չավուշօղլուն զանգահարել է Լավրովին: Հոկտեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե շփումները հրադադարի հասնելու ուղղությամբ շարունակվում են:
Ու՞մ հետ, ինչպես, ինչ բովանդակությամբ: Դրանք հարցեր են, որ չունեն պատասխան:
«Եթե չեն ուզում լսել Լավրովին, ապա կլսեն Շոյգուին», անցնող օրերին բաց թողեց ռուսական քարոզչությունն իր ապոլոգոտների շուրթերով: Կլսե՞ն Շոյգուին: Իսկ ի՞նչ կարող է ասել Շոյգուն, որպեսզի Անկարան լսի նրան: Եվ արդյո՞ք Շոյգուն մնացել է ռեգիոնում Ռուսաստանի վերջին հույսը: Եթե այո, ապա դա գուցե այնքան էլ լավ չէ, եթե Կրեմլը Կովկասում մոտեցել է «վերջին հույսին»:
Կարո՞ղ է Մոսկվան սկսել արագորեն հեռանալ «վերջին հույսի» կետից եւ ձեռնամուխ լինել Կովկասում արդյունավետ քաղաքական դերի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
«Լրագրի» մեկնաբան
Comments