top of page

Իլհամ-Նիկոլ զույգը

30.06.2023

«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել. «Եվ դարձյալ արտահերթ ու ակամա մարտիրոսված մեր չորս ոսկետղերքն էին Իլհամի և Նիկոլի պայմանավորված քաղաքականության թիրախում։


Անհուն կսկիծով կիսում եմ Արմոյի, Սամվելի, Երվանդի և Գագիկի ընտանիքների ու ծառայակից ընկերների անասելի վիշտը։ Նրանց կենդանի հիշատակը մեզ՝ ժառանգորդիներիս, թող լույս-ճշմարտություն բերի, իմաստնություն ու կամք, հատուցում և ողնաշարի ուղղում։


Քանի չարաբաստիկ զույգը կա՝ չեն լինելու խաղաղություն, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, կենսական ազգային շահ: Չեն լինելու սահմանադրական իրավունք ու տարրական արժանապատվություն, ՄԱԿ-ում ծածանվող պետական դրոշին վայել տեղ ու դեր՝ այս տարածագոտում և աշխարհում։


Լինելու են լոկ կրկնվող շարաններ զինվորական և քաղաքացիական տևական սպանությունների, հայրենի հողի զիջումների ու կորուստների՝ դավադիր գործարքների կամ պարտադրված նախահարձակումների, հայ մարդու ստորացման և հանրության ամլացման: Լինելու են, վերջին հաշվով, Հայաստանի պետական կործանում և Արցախի ոչնչացում, իսկ լավագույն դիպաշարում՝ նրանց վերածում անկամ ու ենթակա, հաշմված ու խեղված, ոչ մեկին չվերաբերելի միավորների։


Իրենց Մուհամեդ և Քրիստոս երևակայողները կամ՝ առնվազն Նապոլեոն ու Մանդելա, միգուցեև՝ Ռաբին ու Սադաթ, կարող են հոգեկանի աշխարհում խաղաղության հեղինակավոր մրցանակներ ըղձալ, բայց իրենց չարիքի և հանցագործությունների համար՝ Իլհամի ու Նիկոլի բուն անխուսափելի տեղը խստագույնս արդարադատության ատյանի առջև է. մեկը՝ միջազգային, մյուսն՝ ազգային։


Մեր Հայրենիքի, պետականության, ազգի ու ժողովրդի, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի, Արարատի ու Արագածի, մեր ողջ պատմության և ապագայի ցանկացած հնարավորության ճակատագիրը հենց այսօր դրված է զոհասեղանին։

Բացառիկ պայմանակարգով պիտի հետաձգենք անհատական և հատվածական, մեծ ու փոքր, հին ու նոր շարժումների, հոսանքների կամ կուսակցությունների գերակայությունը և փոխարենը ազգովի, հասարակավ, քաղաքացիական հզոր ալիքով, ապաև պետականորեն գնանք մեծ համախմբման՝ մեկ անգամ և վերջնականապես լուծենք սերունդների ու հայկական քաղաքակրթության բազմադարյա պատմագրության թնջուկը՝ Հայոց մեծ հարցը»։

Comentarios


Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page