top of page

Ինչու են լռում Ֆրանսիան ու ԱՄՆ-ն

09.08.2022

Հայաստանում Բերձորի և Աղավնոյի հանձնման առնչությամբ հայրենասիրական մեծ պոռթկման հերթական ալիքն է: Այն ներառում է իհարկե քաղաքական, հասարակական-քաղաքացիական փերեզակությամբ զբաղվող տարիների փորձառություն ունեցող բազմաթիվ շերտեր, որոնք ստացել են հերթական կորստի վրա խաղալու նոր հնարավորություն: Միևնույն ժամանակ, առկա ալիքը ներառում է իհարկե հազարավոր մարդկանց, որոնք միանգամայն անկեղծ են կորստի ցավի, հայրենասիրության պոռթկման մեջ, ինչը սակայն քիչ բանով է փոխում խնդրի էությունը: Իսկ որն է խնդիրը: Խնդիրն այն է, որ հերթական ալիքը վերստին արտացոլում է հայկական հասարակական-քաղաքական օրգանիզմի, քաղաքական մտքի ռացիոնալության գրեթե զրոյական մակարդակը:


Բերձորի և Աղավնոյի խնդիրը ակնառու էր նոյեմբերի 9–ի հայտնի փաստաթղթի ստորագրումից: Այն հստակ ամրագրված է փաստաթղթում, որ պետք է կառուցվի Լաչինի միջանցքի նոր ճանապարհ, ուր պետք է վերատեղակայվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտը: Դրա նպատակը այն է, որ այսպես ասած Լաչինի շրջանում չլինի որևէ հայկական բնակավայր: Բնականաբար, դա նպատակ է, որը ընդունելի չէ Հայաստանի և Արցախի համար, բայց պատերազմի պարտությունը թողնում է իր հետևանքը և ներկայումս Հայաստանն ու Արցախը գործնականում չունեն այդ հարցերում մեծ դիմադրության ռեսուրս, առավել ևս՝ չունենալով միջազգային աջակցություն: Իսկ այն, որ չկա աջակցությունը, գոնե առայժմ վկայում է միջազգային դերակատարների լռությունը: Ռուսաստանի պարագան հասկանալի է, ռուսներն իրենք են ստորագրել եռակողմ համաձայնագիրը: Ինչո՞ւ են լռում Ֆրանսիան ու ԱՄՆ, ինչու՞ չեն արտահայտվում այդ խնդիրների վերաբերյալ: Դա բացատրել նրանով, թե՝ Երևանը իրենց չի դիմում, լռության պատճառը դա է, նշանակում է պարզապես զբաղվել անիմաստ ինքնախարազանումով և քաղաքական անհամարժեքությամբ: Ֆրանսիան ու ԱՄՆ առաջնորդվում են ոչ թե Հայաստանի դիմումներով, այլ իրենց շահով, իրենց հետաքրքրությամբ: Օրինակ, երբ ԱՄՆ պետքարտուղարը զանգահարում է Փաշինյանին և Ալիևին, զանգահարում է իր նախաձեռնությամբ՝ չսպասելով հատուկ հրավերի կամ առաջարկի, և շոշափում է հարցեր, որոնք ԱՄՆ հետաքրքրության գոտում են: Եվ սա միանգամայն հասկանալի քաղաքական վարքագիծ է, որևէ մեկը որևէ մեկին լավություն կամ բարեգործություն չի անում: Պարզապես պետք չէ նաև մտածել, թե որևէ մեկն ինքն իր շահհը սպասարկելու համար պահանջում է Հայաստանի դիմում: Վերադառնալով նոր ճանապարհի և Բերձորի ու Աղավնոյի խնդրին: Հանրությունը տեղյակ էր այդ մասին, բայց անցնող մոտ երկու տարիների ընթացքում զբաղվելով ինչով ասես, և գտնվելով գերազանցապես դեկլարատիվ քաղաքական պայքարի շրջանակում, այսօր պոռթկամ ռեժիմում հայտնվածծ ուժերի, խմբերի գերակշռող մեծամասնությունը երկու տարիների ընթացքում չի էլ փորձել ծավալել աշխատանքային գործընթաց, որի սեղանին կլինեին առկա խնդրի լուծման տարբերակներ:


Հանրությունը չունի լուծման պատասխանատվություն, այն պահանջող է, իսկ պատասխանատվությունը քաղաքական իշխանությանն է: Քաղաքական իշխանությունը ներկայացրել է իր մոտեցումը, հանրության մի ստվար մաս չի ընդունում այն, տալիս է դրան կոշտ գնահատական: Ամբողջ հարցն այն է, որ չընդունելով հանդերձ, հասարակական տարբեր խմբերը այդ ընթացքում քաջատեղյակ լինելով հասունացող խնդրից, այն չեն «ենթարկել» ռացիոնալ դիտարկման և չեն մշակել խնդրի հանդեպ դիմադրության կամ հակազդեցության համակարգային գործողությունների ծրագիր, այլ «պոռթկացել» են այսպես ասած վերջին պահին: Ընդ որում, սա մի երևույթ է, որը բնորոշ է ցանկացած հարցի: Եվ այստեղ է, որ կան իհարկե միանգամայն անկեղծ մղումներով առաջնորդվող շերտեր, խմբեր, անհատներ, և միևնույն ժամանակ կան միավորներ, սուբյեկտներ, որոնց համար այդօրինակ իրավիճակները ընդամենը հայրենասիրական միավորների, այլ ոչ քաղաքական պատասխանատվության հնարավորություն են:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page