top of page

Ինչո՞վ են զբաղված ռուս խաղաղապահներն Արցախում

  • 4 авг. 2022 г.
  • 3 мин. чтения

04.07.2022

ՀՀ ԱԳՆ-ն օգոստոսի 3-ի հայտարարության մեջ կոչ է անում 2020-ի նոյեմբերի 9-ի թե 10-ի եռակողմ հայտարարության կողմերին հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին։ Խոսքը վերաբերում է նաեւ Ռուսաստանին, որը նոյեմբերի 9-ի թղթով իրականացրեց իր 30-ամյա երազանքը՝ զորք մտցրեց Արցախ։ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է «այս տարվա մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը Փառուխ գյուղի ուղղությումբ, 2020 թվականի դեկտեմբերին 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ձեռնարկված գրոհը, որոնք նույնպես գտնվում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»։ Նշվում է նաեւ, որ Բաքուն շարունակում է իր էթնիկ զտման եւ հայատյացության քաղաքականությունը։


Ավելի պարզ ասած՝ ռուսական «խաղաղապահությունը» 2020-ի նոյեմբերի 9 թե 10-ից սկսած՝ չի լուծել խաղաղության, հրադադարի հարցը, ինչը սահմանված է թղթով։ Այդ ընթացքում Բաքուն նոր տարածքներ է գրավել ոչ միայն Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում ու Փառուխում, այլեւ ներկայիս շփման գծի այլ հատվածներում, այդ թվում օգոստոսի 1-ից սկսած ռազմական գործողությունների արդյունքում։ Հին Թաղեր-Խծաբերդի դեպքում Կրեմլը հայտարարեց, որ դա գլխացավանք է ռուսական կոնտինգենտի համար, իսկ Փառուխի դեպքում, երբ արդեն ամենանվիրյալ ռուսասերների համար պարզ դարձավ հայկական հողի գողացման ռուս-թուրքական սխեման, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե դեռ պետք է պարզել, թե ինչ է կատարվել։ Մինչեւ հիմա պարզում են, թեեւ խոստացել էին Բաքվի զորքը վերադարձնել ելման դիրքեր։


Ռուսական «խաղաղարարության» ընթացքում Բաքուն շարունակում է սպանել հայ զինվորականներին ու քաղաքացիական անձանց, ոչնչացնում է հայկական մշակութային-կրոնական ժառանգությունը։ Սրանք չոր փաստեր են։


Ռուսական զորքը Արցախում կարող էր հայտնվել միայն պատերազմի ու հայերի երաշխավորված պարտության դեպքում, շրջանցելով միջազգային լեգալ կառույցներն ու ԵԱՀԿ ՄԽ մանդատը։ Դա էլ տեղի ունեցավ ռուս-թուրքական համաձայնությունների արդյունքում, այդ թվում՝ Շուշին եւ Հադրութը Բաքվին հանձնելու պայմանով։ Այդ համաձայնությունները, որոնց մասին բազմիցս խոսել են ՌԴ առաջին դեմքերը, ենթադրում են երաշխիքներ Բաքվին՝ հայկական հնարավոր նախաձեռնությունները զսպելու եւ ռուս-թուրքական «եռակողմ» պայմանավորվածություններն իրականացնելու համար, ինչպես նաեւ Մոսկվայի առաջնորդությունը Բաքվի քայլերին։ Ակնայում ստեղծված ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը իրականացնում է այդ գործառույթները։


Որն է ռուս-թուրքական համաձայնությունների էությունը կոնկրետ Արցախի հարցում․ միջազգային մանդատով քաղաքական կարգավորման եւ կարգավիճակի հարցի բացառում, Արցախի՝ Բաքվին պատկանելության ճանաչում, որի «ընդունում-հանձնումը» Մոսկվայի ու Բաքվի միջեւ մոտ ժամանակների հարց է, ինչպես պնդում է «հայամետ ականավոր փորձագետ» Տարասովը։ Իսկ Կրեմլի խոսափող թերթերից մեկն էլ գրել է, թե հայերն իզուր են շինարարություն անում Արցախում։ Սա ոչ այլ ինչ է, քան պատերազմական ակտ։


Ռուս «խաղաղապահները» գործում են ռուս-թուրքական համաձայնությունների շրջանակում, ոչ ավել, ոչ պակաս։ Ընդ որում, պետք է նկատի առնել, որ խոսքը ոչ այնքան նոյեմբերի 9-ի թղթի մասին է, որքան ռուս-թուրքական բուն համաձայնությունների, ինչից էլ բխում են ռուսական պատճառաբանությունները Հադրութի երկու գյուղերի եւ Փառուխի վերաբերյալ։


Հայաստանում արդեն նույն էնտուզիազմով չեն կրկնում «Բաքվի քայլերը հարված են ռուս խաղաղապահների հեղինակությանը եւ կասկածի տակ են դնում ռուսական խաղաղապահությունը», «այս ամենը ձեռնտու չէ Ռուսաստանին, եւ Մոսկվան քայլեր կանի», «եթե չլինեին ռուս խաղաղապահները, լայնածավալ պատերազմն անխուսափելի կլինի» եւ այլն։ Կրեմլի կոյուղատարներից նետված այս թշնամական թեզերը նախեւառաջ հայերին շանտաժի ենթարկելու եւ հայկական նախաձեռնությունները զսպելու նպատակ ունեն։


Միեւնույն ժամանակ, եթե նույնիսկ մի կողմ դնենք այս բոլոր հանգամանքները, դա չի հանում պարզ հարցադրումները՝ պարտավորություն ես ստանձնել՝ պետք է կատարես, անկախ ամեն ինչից։ Չե՞ս կարողանում, թե չես ուզում։ Կոսովոյում մի քանի օր առաջ ստեղծված լարվածության կապակցությամբ ՆԱՏՕ-ն, որի հովանու տակ գործում է խաղաղապահ կանտինգենտը, հայտարարեց, որ եթե սերբական բանակը դիմի գործողությունների՝ ՆԱՏՕ-ն կմիջամտի։ Երբեւէ Մոսկվայից նման հայտարարություն եղե՞լ է։


Արցախում վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ «ընդունում-հանձնումը» մտադիր են արագացնել։ Թվում է՝ երկու տարին բավական էր Կրեմլի կոյուղատարներից նետված քարոզչական աղբի շրջանակում ներքին նողկալի բանավեճերից վեր բարձրանալու, համախմբվելու եւ մեր անելիքները ճշտելու համար։ Հնարավորությունները շատ են եւ կարող են բազմապատկվել, հաշվի առնելով ներկայիս միջազգային իրավիճակը։ Խնդիրները լուծելու ամենահարմար ժամանակն «անցման շրջաններն» են, ինչպես 1990-ականների սկզբին։ Դրա համար քաղաքական մտածողություն, ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողություն ու կամք է պետք։ Կա՞ն Հայաստանում եւ հայության մեջ այս հատկանիշները։


 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page