top of page

Ինչո՞վ է վտանգավոր լույսը մաշկի համար. բժիշկ մաշկաբանը՝ լուսածերացման մասին

04.06.2021

բժիշկ-մաշկավեբերաբան


Մաշկի լուսածերացումը


Օրգանիզմի բջջային և մոլեկուլյար մակարդակներում տեղի են ունենում բարդագույն կազմափոխական և վերակառուցողական գործընթացներ, որոնք նպաստում են բոլոր հյուսվածքների մշտական վերաթարմացմանն ու վերակազմավորմանը։ Այս գործընթացները գտնվում են գեների ուղիղ հսկողության ներքո և փոխհարաբերակցվում ու կարգավորվում են մոլեկուլային հետադարձ ազդակներով՝ մշտապես գտնվելով հստակ ցիկլայնության մեջ։


Ծերացման գործընացի սահմանումը.


Ծերացումը օրգանիզմի զարգացման ընթացքում օրինաչափորեն ի հայտ եկող հասակային անվերադարձ փոփոխություններն են, որոնք սահմանափակում են նրա հարմարվողական հնարավորությունները։ Ավելի լայն իմաստով՝ ծերացումը կարող է վերաբերել կամ օրգանիզմում եղած յուրաքանչյուր բջջի, որը դադարել է տրոհվել (բջիջների ծերացում), կամ տեսակների պոպուլյացիային (բնակչության ծերացում)։


Մաշկը՝ որպես օրգանիզմի անբաժանելի մաս, ևս ենթակա է այս գործընթացին։


Տարբերում են մաշկի ծերացման երկու, կլինիորեն տարբերվող, սակայն բջջային և մոլեկուլային մակարդակներում մեծապես համանման գործընթացներ։ Մի դեպքում խոսքը մաշկի բնական ծերացման մասին է, երբ փոփոխությունները դիտվում են տարիքին համահունչ և դրսևորվում են մաշկային ողջ ծածկույթով մեկ։ Մյուս դեպքում խոսքը ԼՈՒՍԱԾԵՐԱՑՄԱՆ մասին է, ինչն էապես նկատելի է լինում մաշկի հագուստով չպաշտպանված հատվածներում և ենթարկվում է արևի ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ճառագայթերի ազդեցությանը։ Եվ հենց վերջիններիս անբարենպաստ ազդեցությամբ է առանձանում մաշկի լուսածերացման գործընթացը։

Սխեմա 1

Լուսածերացման գործընթացը տարբեր տարիքային շրջաններում


Մաշկի ծերացման գործընթցը դրսևորովում է մաշկի էլաստիկության նվազումով, բնական փայլի կորստով, կնճիռների և գունակային բծերի առաջացումով, դեմքի բնական օվալի խախտումով և այլն։ Բոլոր այս փոփոխություններն առաջանում և զարգանում են աստիճանաբար՝ սկզբնական շրջանում թիրախավորելով դեմքի վերին, ապա նաև ստորին կեսը։ Նախևառաջ ձևավորվում են միջհոնքային (18-30 տարեկանում), ապա շուրջակնային կնճիռները (25-35 տարեկանում), հետո՝ սագաթաթիկները և գերգունակային բծերը (40 տարեկանում), ավելի ուշ՝ շուրջշրթունքային կնճիռները և ակոսները (40-50 տարեկանում), ի վերջո աղավաղվում է դեմքի օվալը (50-60 տարեկանում)։


Գործոններ, որոնք նպաստում են մաշկի վաղաժամ ծերացմանը


1․Միմիկա


Հայտնի է, որ առավել վառ արտահայտված միմիկա ունեցող մարդկանց մոտ կնճիռներն ի հայտ են գալիս առավել վաղ։ Պատճառը միմիկալ մկանների կծկման հետևանքով մաշկի շերտերի ծալավորումնե է, ինչի հետևանքով այն մեխանիկորեն սեխմվում է մկանային և ոսկրափակեղային ապարատի միջև, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է այդ հատվածի կազմափոխության, հենքային կառուցվածքի խախտման (բարակեցման) և առաձգականության կորստի։


2․Սննդակարգ


Չբալանսավորված և խառնիխուռն սնունդը, ինչպես նաև սննդակարգում ազատ ճարպաթթուների գերքանակությունը միմիայն նպաստում է օրգանիզմում, այդ թվում նաև մաշկում նյութափոխանակային գործընթացների խախտմանը։ Գենային մակարդակով կարգավորվող վերաթարմացման ու վերակազմավորման բազմաբարդ գործընթացները առավել խոցելի են ճարպաթթուների և դրանց ազատ ռադիկալների կողմից։ Ոստի ֆաստֆուդային սննուդնը միմիայն նպաստում է օրգանիզմի բնական ծերացման գործընթացի արագացմանը։


3․Ընդունած հեղուկի ծավալ


Պրոցեսները, որոնք տեղի են ունենում կենդանի օրգանիզմներում, իրականանում են հեղուկ միջավայրում և ֆերմենտների գրեթե 99%-ի ակտիվության համար անհրաժեշտ է, որպեսզի դրնաք լուծված լինեն ջրում։ Այդ կենսական կարևոր ֆերմենտների թերի ակտիվության կամ դրանց ակտիվության լիակատար խափանման հետևանքով կարող են զարգանալ բազմաթիվ ախտաբանական վիճակներ, որոնց շարունակական առկայությունը օրգանիզում հանգեցնում են հարմարողական և կենսաապահովման մեխանիզմերի հյուծման։ Ի հետևություն այս տեսությանը խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ընդունել բավարար քանակության հեղուկներ, ինչը համապատասխանում է 1,5-2 լիտր ջրի քանակին։


4․Կեսնակերպ


Օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները նույքան ակտիվ են, որքան մենք մեր առօրյայում։ Ֆիզիկական ակտիվությունը տոնուսավորում է օրգանիզմիը՝ ակտիվ պահելով օքսիդացիոն և էներգետիկ բոլոր պրոցեսները։ Անբավարար ակտիվության պարագայում թուլանում են նյուափոխանակային ստատուսը, ինչը բերում է ողջ օրգանիզմի վիճակի ու էներգետիկ հագեցվածության անկման։ Մաշկը ևս զերծ չի մնում և տուժում է այս բացասական գործընթացից։


5․Վնասակար սովորություններ


Մաշկը բավական զգայուն է քիմիական և տոքսիկ նյութերի նկատմամբ և մեծամասամբ բացասական է արձագանքում դրանց ազդեցությանը։ Նման նյութերի դասին են պատկաում նիկոտինը և ալկոհոլը, որոնց ախտաբանական ազդեցությունների մասին կարելի է անվեջ խոսել։ Օրգանիզմում նիկոտինը ներազդում է նիկոտինային և մի շարք այլ տեսակ ընկալիչների վրա, որոնցով առաջ է բերում անոթների լուսանցքի նեղացում, որն էլ իր հերթին բերում է ստորադիր հյուսվածքների սնուցման խափանման և թթվածնաքաղցի, դե իսկ ծխախոտի մեջ առկա բազամթիվ այլ վնասակար և ուռուցքածին նյութերի մասին խոսելն ավելորդ եմ համարում։


Մաշկի վրա ալկոհոլի բացասական ազդեցությունը կարելի է դիտարկել առաջին հերթին դրա միզամուղ էֆեկտով (ջրազրկում)։ Բացի այդ, ալկոհոլը բացասական է ազդում օրգանզիմում վիտամին A-ի քանակի վրա՝ նվազեցնելով մակարդակը և խոչնդոտելով նրա մասնակցությանը տարատեսակ նյութափոխանակային գործընթացներին։ Վերջինս արտահայտվում է վերնամաշկի եղջրացման գործընթացների խախտումով, ինչն իր հերթին բերում է մաշկային տարատեսակ խնդիրենրի առաջացմանը։


6․Սթրես


21-րդ դարի արդիական խնդիրներից մեկն է համարվում սթրեսը։ Նրա տևական ազդեցությունը ի զորու է լիակատար հյուծել օրգանիզմը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Ապացուցված է, որ ծանր սոցիալական և հոգեբանական պայմաններում օրգանիզմի ծերացման գործընթացը մի քանի անգամ արագանում է, վատթարանում է նյութափոխանակությունը՝ բերելով օրգանիզմի վաղաժամ ծերացման։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ դերակատարություն ունեն մի շարք նեյրոէնդոկրին բարդ մեխանիզմներ, որոնք վերջնականապես ուսումանսիրված չեն։


Մաշկաբանի խորհուրդները


Եվ այսպես, առողջ ու «երկարակյաց» մաշկի համար մենք պարտավոր ենք զերծ մնալ վերը թվարկվածներից և ամենօրյա հոգատար խնամք ցուցաբերել մեր մաշկին։ Ամառվա ընթացում և, առհասարակ, շոգ ու արևային եղանակին արևապաշտպան միջոցները առաջին ընտրության պարագաներն են, առանց որի չենք կարող խուսափել շատ ուշատ խնդիրներից։ Օգտագործեք բավարար քանակությամբ հեղուկ, քանզի շոգ եղանակին մաշկով ջրի գոլորշիացումը էապես մեծանում է։ Խուսափեք ծանր և տապակած սնունդից, ռացիոնում ավելացրեք թարմ մրգերն ու բանջարեղենը։ Խուսափեք սթրեսոր գործոններից և օրվա մեծ մասը լցրեք պոզիտիվով։


Եղեք առողջ:


Միքայել Մխիթարյան

բժիշկ-մաշկավեներաբան


ՄԻՔԱՅԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՄԵԼ +37499 091 090 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ։

Comentarios


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page