top of page

Ինչո՞ւ Ալիևը ձերբակալեց Ռուբեն Վարդանյանին՝ Պուտինի դրամապանակներից մեկին

28.09.2023

Ռուբեն Վարդանյանը գերեվարված է և Բաքվում է:


Թուրքական քաղաքական մշակույթն անչափ ուրույն է: Այն իր դաշնակիցներին պարբերաբար, մեթոդիկ ընդմիջումներով հարվածներ է հասցնում: Թյուրքական արտաքին քաղաքական փիլիսոփայության մեջ դա մտրակի և շագանակի թեզի մարմնավորումն է:


Ըստ այդ տեսության` թյուրքական պետությունից ոչ շատ ուժեղ դաշնակիցը պետք է միշտ մոտիվացված լինի դաշնակից լինելու համար և պարբերաբար զգուշացվի, ուստի անհրաժեշտ է դաշնակցին վնասել, ցույց տալ, որ ավելի լավ է պետության հետ մշտապես լավ լինել` քան խնդիրներ ունենալ:


Նորագույն շրջանում այդպես նախ խփեցին ռուսական օդանավը Սիրիայում, ապա եղբայրացան ռուսների հետ: Հետո Ստամբուլում գնդակահարեցին դեսպան Կառլովին ու ռուսներն էլ ավելի ջերմացան իրենց հետ, 20թ.-ին Երասխի երկնքում խփեցին ռուսական ուղղաթիռը, երբ նույն օրերին ռուսների հետ միասին գրավում էին Հայաստանի Հանրապետության Արցախի հատվածը: Օրեր առաջ ռուսների հետ Արցախի մնացորդը վերացնելիս իբր պատահաբար ռուսական ռազմաբազան հրետակոծեցին և զոհեր պատճառեցին:


Հենց այս համատեքստում է Ռուբենի գերեվարման բանալին: Ձերբակալել են ռուսին և պատժելու են ռուսին: Իսկ Ռուբենը հայ չէ: Նա ռուս է, թեև Երևանում է ծնվել, միկերպ հայերեն է խոսում և երակներում հայի արյուն է հոսում:

Ալիևը առնվազն չորս-հինգ անգամ հրապարակայնորեն, ընդ որում բարձր միջազգային հարթակներից հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը Արցախում չարիք է և անձնական ատելություն է հայտնել նրա նկատմամբ:


Ինչու՞:


Որովհետև Վարդանյանը, լինելով Մոսկվայի ամենաբարձրապրոֆիլ գործակալը, ուղարկվել էր Արցախ` Մոսկվայի համար Ալիևի վրա ազդելու լծակ ունենալու նպատակով:


Եվ Վարդանյանը, իմանալով ու հասկանալով թե ինչ կեղտոտ ռուսական խաղի մաս է դառնում` սիրով համաձայնել էր: Թատրոն բեմադրեց թե հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից, թե ընտանիքով առհավետ տեղափոխվում է Արցախ և այլն:


Չնայած դրան` Վերոնիկա Զոնաբենդն ու իր որդին մնացին Մոսկվայում և Երևանում:

Զուգահեռաբար Վարդանյանը ստեղծեց ու ֆինանասավորեց Ապրելու Երկիրը, որի ղեկավար նշանակեց որևէ քաղաքական սկզբունքով աչքի չընկած Մանե Թանդիլյանին:

Պաշտոնից Մոսկվայի կողմից ազատվելուց հետո Վարդանյանը փակվեց Արցախում` շանս չունենալով դուրս գալու:


Հիմա` փախուստի պահին Բաքուն, որ նրան երկար փնտրում էր` ձերբակալեց ու անմիջապես Բաքու տարավ:


Ալիևը սրանով մի քանի խնդիր է լուծում:


Նախ` հավելյալ ահավոր սարսափ է սերմանում հայերի սրտերում, իսկ դա միշտ օգտակար է իրեն:


Հետո` գերեվարում է ըստ իր ներկայացման` «հայերի սեպարատիստական ահաբեկչական խմբավորման» պարագլուխներից մեկին:

Նաև` ձերբակալում է մեկին, որ հսկայական տեղեկատվության է տիրապետում Կրեմլի և Պուտինի մասին:


Տիրանում է Պուտինի գանձապահներից մեկին:


Ցույց է տալիս, որ ինքը անսահմանափակ հնարավորություններ ունի և կամք` ձերբակալելու Ռուսաստանի դրածոյին և հայերի ամենաերևելի դեմքերից մեկին:


Ստանում է Ռուբենին հիմարացնելու, կեղծ խոստումներ կորզելու միջոցով հարյուրավոր միլիոնավոր, գուցե միլիարդ դոլարի փրկագին ստանալու հնարավորություն:


Ստանում է կարևոր մանրադրամ` Պուտինի հետ իր հարաբերություններում:


Բացառված չէ նաև, որ Ռուսաստանը, ապահովելով Բաբայանի անցումը Երևան` գիտակցաբար և կանխամտածված զոհաբերել է Վարդանյանին, որպեսզի ազատվի այն բալաստից, որ Ռուբենը դարձել էր իր համար:


Ռուսաստանը հայտնի է նրանով, որ արագ և խիստ արդյունավետ ազատվում է իր այն գործակալներից, որոնք կատարել են իրենց գործն ու այլևս պիտանի չեն: Հատկապես նրանցից, որ կարող են բեռ դառնալ իր համար:


Ռուբենին Ալիևը դժվար թե ազատ արձակի: Դա Ադրբեջանի ներսում և երկրից դուրս` իր համար իմիջային խնդիրներ կարող է ստեղծել:


Կարող է և ազատել, եթե Պուտինի հետ առևտուր անի և Ռուբենի կյանքի գնով Ռուսաստանից Հայաստանի հաշվին նոր հանձնումներ ստանա:

Ամեն դեպքում Ռուբեն Վարդանյանին անպայման կտտանքների կենթարկեն:


Կստորացնեն, կզրկեն քնից, կծեծեն, կթունավորեն, բացառված չէ, որ այլ բաներ էլ անեն:


Հետո կա´մ կփոխանակեն ինչ-որ մի բանի դիմաց, կա´մ էլ կդատապարտեն երկարատև բանտուրկության ու բանտում արագ` ամիսների ընթացքում կսպանեն:


Ռուբենը մեկ այլ խնդիր էլ ունի: Գոնե պաշտոնապես ու հրապարակայնորեն նա հրաժարվել է իր տիրոջ` ՌԴ քաղաքացիությունից և Կրեմլը հաստատել է այդ փաստը: Իսկ դա նշանակում է, որ հրապարակայնորեն և պաշտոնապես Կրեմլը Ռուբենին ազատելու փաստական հենարան չունի և չի ունենալու:


Զուտ մարդկային առումով` Ռուբենն արժանի է կարեկցանքի:


Բայց որպես Ռուսաստանի գործակալ, որպես հայազգի ռուս, որ գործել է հօգուտ Ռուսաստանի հակահայ շահերի և տրոյական ձիու դեր ստանձնել սեփական ծննդավայր-հայրենիքում` Ռուբենն արժանի է նրան` ինչ իր հետ պատահում և պատահելու է այս օրերին:

Դավաճանները միշտ ամենաթանկ գինն են վճարում: Հատկապես, երբ հիմար են այնքան, որ իրենց դնում են մի վիճակում, որից ելք չկա և որից նրանք որևէ կերպ չեն շահելու:


Ռուբենը կարող էր իր միլիարդները դնել ի շահ հայերի և Հայաստանի շահերի: Կարող էր կեղծ Ավրորաներ կազմակերպելու և սեփական կապերը դրանով ընդլայնելու ու ապուշ նպատակներով միլիոններ մսխելու փոխարեն` Հայաստանում հսկայական գործ կատարել` նախևառաջ քաղաքական առումով: Եվ կարող էր ոչ թե Թանդիլյանների պեսերին խաղացնել ու ինքն անձամբ ռուսական հակահայ և թաթարական օրակարգ սպասարկել, այլ` փոխել երկրի քաղաքական ողջ իրավիճակը և անել դա ազգային գաղափարներ դավանելով:

Ռուբենի պատմությունը պետք է դաս ծառայի իր հայրենակից բոլոր հայ դավաճանների համար:

Նրանք հասնում են ամեն ինչի` ծառայելով հակահայ Ռուսաստանին, հետո` անպիտանելիանալու են և թափվելու աղբարկղ ու կորցնելու ամեն ինչ:


Դա է դավաճանների և թշնամական գործակալների վերջն ամենուր:


Եվ Ռուբենը թեև առաջինն է, բայց վերջինը չէ:

Եվ թող նույնն ու ավելի´ն պատահի Արցախի բոլոր չորս նախկին պսևդոնախագահներին, նախարարներին, հոգևորականներին և բոլորին, որոնք ծառայելով Ռուսաստանին` Հայաստանը կործանման բերեցին:

Հ.Գ. Մի վարկած էլ - հնարավոր է որ ռուսներն ու Բաքուն նոր նիկոլփաշինյան են կերտում Ռուբենից: Գերի, զոհ, հերոս, Հայաստանի ղեկավար: Ով գիտե թե Կրեմլն ուրիշ ինչ պլաններ ունի:


Հայկ Մարտիրոսյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page