Նոր քիթը չի երևում

07.07.2020, ԵՐԵՎԱՆ

Ավելի քան մեկ ամիս է` Հայաստանում դիմակ դնելու պարտադիր ռեժիմ է գործում։ Սոցցանցերը ողողված են դիմակով մարդկանց լուսանկարներով, որոնք բողոքում են, թե ամռան շոգին դիմակը խանգարում է նորմալ շնչել։ Բայց կան նաև մարդիկ, որոնց զայրացնում է դեմքը փակելու բուն փաստը։


Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր կոսմետիկ վիրահատություն կամ ներարկումներ են արել։ Նրանք ստիպված են դիմակի տակ թաքցնել ոչ միայն իրենց բնական, այլև արհեստական գեղեցկությունը։ Իսկ դրա համար քիչ գումարներ չեն ծախսել։

Գյումրեցի Միքայելը պատմեց, որ ավելի քան 500 հազար դրամ է ծախսել քթի վիրահատության համար։ Վիրահատության է գնացել դեկտեմբերին, որպեսզի արդեն ամռանը բոլոր այտուցներն անցած լինեին և լողափում լուսանկարվեր «նոր» դեմքով։ Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդացումների, և Միքայելը կարող էր արդեն մարտին պարծենալ իր նոր քթով, բայց այն ժամանակ խանգարել է կարանտինը, իսկ հիմա էլ դիմակի պատճառով չի կարողանում վայելել իր նոր կերպարը։

«Վիրահատության համար չեմ փոշմանում, որովհետև ինձ համար եմ արել, բայց կուզեի պրոֆիլս ցույց տալ։ Աղջիկները հաստատ կգնահատեին»,– ասաց երիտասարդը։

Ի տարբերություն Միքայելի` Հեղինեն կոսմետոլոգների և պլաստիկ վիրաբույժների մշտական հաճախորդներից է։ Մի քանի ամիսը մեկ օգտվում է նրանց ծառայություններից` մեծացնում է շուրթերը, փոխում այտոսկրերի ձևը և այլն։ Կարանտինից հետո էլ է «գեղեցկության ներարկում» արել։ Սկզբում դիմակ դնելը միայն ուրախացրել էր նրան, քանի որ պրոցեդուրայից հետո լիարժեք վերականգնվելու համար մի քանի օր է հարկավոր, բայց դրան հաջորդել է հիասթափությունը. ստացվում է, որ գումարն իզուր է ծախսել։


«Յուրաքանչյուր այցելության ժամանակ 300-400 հազար դրամ եմ ծախսում։ Դիմակի տակ «նոր կերպարը» թաքցնելն ափսոս է, իսկ պաշտպանիչ վահանն առանց դիմակի դնել չեմ կարող, որովհետև արդեն երկու անգամ «պլստացել» եմ տուգանվելուց», – նշեց նա։


Հեղինեն չի բացառում, որ մի քանի ամիս չի կարողանա կոսմետոլոգի մոտ գնալ, մինչև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվի։

Մեր մյուս զրուցակիցը` Լիլիթը, մտադիր չէ հրաժարվել էսթետիկ ներարկումներից, կարծում է, որ միջամտության է դիմում բացառապես իր համար, ոչ թե հասարակության։ Շուրթերը հերթական անգամ մեծացրել է այն ժամանակ, երբ երկրում արդեն դիմակ դնելու ռեժիմ էր հայտարարվել։


«Դիմակը հո 24 ժամ չե՞մ դնում։ Շուրթերը մեծացնելուց հետո հայելու մեջ ավելի հաճույքով եմ նայում։ Ափսոս միայն, որ պրոցեդուրաների գները չեն իջնում», – ասաց նա։


Պլաստիկ վիրաբույժ Անի Այվազյանն էլ հաստատեց, որ գներն իսկապես չեն փոխվել, թեև կարանտինի շրջանում և դրանից հետո հաճախորդների թիվը, անցած տարվա համեմատ, էապես նվազել է։ Այդ անկումը վիրաբույժը կապում է ոչ միայն համավարակի, այլև զբոսաշրջիկների բացակայության հետ, որոնք հաճախ էին գալիս պլաստիկ վիրահատություն անելու համար։


«Հաճախորդների թիվը նվազել է, բայց միշտ էլ կան մարդիկ, որոնք պարբերաբար վիրահատություններ ու ներարկումներ են անում սեփական ինքնագնահատականի ու իրենք իրենց դուր գալու համար», – ասաց նա` ավելացնելով, որ տղամարդիկ էլ են հաճախ էսթետիկ վիրաբույժների օգնությանը դիմում, բայց կարանտինից հետո նվազել է նաև նրանց թիվը։


Կոսմետոլոգը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, պատմեց, որ կարանտինից հետո պարտքեր է կուտակել և թանկացրել պրոցեդուրաների գները` բացի շրթունքների մեծացումից, քանի որ այն մեծ պահանջարկ չունի։ Այսօր ավելի շատ պահանջված է թարթիչների երկարացումը, ինչպես նաև կոպերի և ունքերի տատուաժը։


«Ժամանակն է ընդգծել աչքերը, ոչ թե շրթունքները կամ այտոսկրերը։ Մարդիկ դա հասկանում են, և դիմակը հենց այդ նպատակով էլ օգտագործում են», – եզրափակեց նա։


Նշենք, որ մայիսի 25-ից Հայաստանում դիմակ դնելը պարտադիր է հանրային տրանսպորտում և նույնիսկ փողոցում։ Միակ բացառությունը տունն է և սրճարանը։


ՆԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՍՊՈՒՏՆԻԿ

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան