top of page

Ինչո՞ւ է Էջմիածինը կոչվում Մայր աթոռ

7 апр. 2024 г.
2 мин. чтения

07.04.2024



Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո կաթողիկոսական աթոռը հայտնվեց իսլամադավան տարբեր իշխանությունների տիրապետության տակ, որոնք ծանր հարկատվության ենթարկեցին այն։ Շատ հաճախ կաթողիկոսները գահից հեռացվում էին կամ գահ բարձրանում մուսուլման տիրակալների կամայականությամբ։ Այս ամենն առիթ էր ստեղծում նաև ներքին երկպառակության և պայքարի։ Տարբեր խմբավորումներ պայքարում էին կաթողիկոսական գահի համար։


Աթոռն այլևս դադարել էր բովանդակ հայության համազգային-եկեղեցական շահերն արտահայտող կենտրոն լինելու իր առաքելությունից, դարձել իշխող մահգմեդականների շահատակությունների, զեղծումների և անմիաբանության արտահայտիչ։ Պետականությունից զուրկ ժողովրդին համախմբելու և առաջնորդելու միակ ազգային կառույցը մնացել էր եկեղեցին։ Կիլիկյան իրականությունն այլևս ի զորու չէր կատարել այդ վեհ առաքելությունը։ Կաթողիկոսական աթոռի դերն ու նշանակությունը վերականգնելու և ամրապնդելու համար այն պետք է վերահաստատվեր իր նախնական տեղում՝ Էջմիածնում։


1430-ական թվականներին Հերմոնացին և Մեծշոփեցին պարբերաբար հանդիպումներ են ունենում Մեծ Հայքի նշանավոր վարդապետների, թեմակալ առաջնորդների, մեծատունների հետ։ Գնալով շարժումը ձեռք էր բերում լայն ժողովրդականություն։ Կաթողիկոսական աթոռի տեղափոխմանը հավանություն են տալիս նաև կիլիկյան հոգևորականներից շատերը։ Քայլեր են ձեռնարկվում նաև Ս. Էջմիածնի վանքը տնտեսապես հզորացնելու և բարվոք վիճակ ստեղծելու ուղղությամբ։ 1431 թվականին Սյունյաց իշխան Ռուստամ Օրբելյանը Ս. Էջմիածնին նվիրում է 7 խոշոր գյուղեր (Վաղարշապատ, Օշական, Նորագավիթ, Մուղնի, Աղավնատուն և այլն)։ Վանքում սկսվում են շինարարական վերանորոգուման աշխատանքներ։


Շուտով շարժման ղեկավարները հատուկ հրավիրագիր են ուղարկում Սիս՝ Հայոց կաթողիկոս Գրիգոր Թ Մուսաբեկյանցին Վաղարշապատ տեղափոխվելու և կաթողիկոսությունն այստեղ շարունակելու առաջարկությամբ։ Գրիգոր Թ–ն ծերության պատճառով չի կարողանում տեղափոխվել, սակայն իր գրավոր համաձայնությունն է տալիս կաթողիկոսական նոր ընտրություններ անցկացնելու և Մայր աթոռը Էջմիածին տեղափոխելու վերաբերյալ։ 1441 թվականի ապրիլին սկսեցին Երևան ժամանել ազգային-եկեղեցական ժողովի մասնակիցները՝ 300 հոգի։ Հայաստանում իշխող կարա-կոյունլու Ջահան շահը իր ենթականերին հրահանգ էր տվել ըստ ամենայնի աջակցել կաթողիկոսական ընտրություններին։

Մայիսի 25-ին տեղի ունեցան կաթողիկոսական ընտրություններ, որի արդյունքում կաթողիկոս ընտրվեց չեզոք, սակայն շատ ճանաչված ու հարգված հոգևորական՝ Կիրակոս Վիրապեցին։ Նա ծնունդով վասպուրականցի էր, եղել էր ճգնավոր Խոր Վիրապում, պաշտոնավարել Ղրիմի Կաֆա քաղաքում։ Հայտնի էր իր սրբակենցաղ ու խոնարհ նիստուկացով։ Մայիսի 28-ին 12 եպիսկոպոսների ձեռքով Կիրակոս Վիրապեցին օծվում է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Հատկանշական է, որ ինչպես կաթողիկոսի օծումը, այնպես էլ ընտրությանը հետևած մյուռոնի օրհնությունը կատարվեց Ս. Գրիգոր Լուսավորչի աջով, որը դեպքերից քիչ առաջ Սսից տեղափոխվել էր Էջմիածին։


Այսպիսով կաթողիկոսական այս ընտրություններով ավարտվեց Հայոց կաթողիկոսական աթոռի 1000-ամյա աստանդականու դեգերումներով լեցուն շրջանը, այն վերադարձավ իր բնական, նախնական վայրը։ Հայության համար այս իրադարձությունը ունեցավ պատմական կարևոր նշանակություն։ Վերստին Ս. Էջմիածինը դարձավ հայ ժողովրդի ոչ միայն հոգևոր-եկեղեցական կյանքի, այլև նրա կրթական, մշակութային գործունեության, քաղաքական ակնկալությունների ու ազատագրական պայքարի կենտրոնը։


Սվետլանա Համբարձումյան

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page