top of page

Ինչո՞ւ է Փաշինյանը սկսել չհասկանալ Ալիևին

31.05.2023

«Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները, և այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ ՝ Լաչին քաղաքում։ Թող չմոռանան, որ այստեղից նաև երևում են Հայաստանի գյուղերը», – մայիսի 28-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ավելացնելով նաեւ, որ սահմանազատումը պետք է կատարվի Ադրբեջանի պայմաններով:


Անձամբ ինձ եւ, կարծում եմ, իրադարձություններին հետեւող ցանկացած մարդու համար պարզ է, թե ինչ է ասում Ալիեւը: Տեքստը միանգամայն պարզ է, մութ տեղեր չկան, երկիմաստ մեկնաբանությունների հնարավորություն՝ նույնպես:


Բոլորը, կարծես թե, հասկացան, թե ինչ է Ալիեւի ասածը, բացի Հայաստանի վարչապետ Փաշինյանից, որն այդ հայտարարությունները մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Առնվազն հասկանալի չեն էս առումով Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում եմ, որ այստեղ և’ Ադրբեջանը, և’ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակում է հրաժարո՞ւմ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»:


Եթե դատենք Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարությունից՝ այդ պայմանավորվածությունների էությունը փոխադարձաբար՝ 86.6 եւ 29.8 կիլոմետրի նկատմամբ Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխանությունը ճանաչելն է: Ստացվում է, որ Հայաստանի վարչապետն այնքան դյուրահավատ է, որ կարծում է, թե Ադրբեջանի նախագահը հավատարիմ է լինելու որեւէ պայմանավորվածության, հերթական զիջումներից հետո նոր պահանջներ առաջ չի քաշելու եւ նոր սպառնալիքներ չի հնչեցնելու:


Եթե, այնուամենայնիվ, կան «չհասկացողներ», ապա ցանկանում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ


ա/ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակն է հայկական պետականության ոչնչացումը եւ հայկական էթնոսի՝ այդ տարածաշրջանից հեռացումը,


բ/ ոչ մի պայմանագրի, ոչ մի գրավոր կամ բանավոր պայմանավորվածության համար որեւէ երաշխավոր գոյություն չունի: «Միջազգային գործընկերները», որոնց հետ հույսեր է կապում Փաշինյանը, գործնականում չեն կարող ապահովել այդ պայմանավորվածությունների իրականացումը՝ ոչ թե այն պատճառով, որ նրանք վատն են կամ մեզ չեն սիրում, այլ՝ որովհետեւ զբաղված են այլ գործերով եւ ունեն այլ շահեր:


Փաշինյանը, հավանաբար, պատրանք ունի, թե որոշակի զիջումից հետո, երբ Ալիեւը կրկին «առաջ գնա», Շարլ Միշելը կամ կամ Լավրովը կամ որեւէ մեկը կասի՝ «դե այդ մեկն արդեն չեղավ, մենք քեզ պատժելու ենք»: Իրականում հակառակն է տեղի ունենում՝ որքան շատ ես այս ձեւով զիջում, այնքան շատ են քեզնից պահանջում:


Ադրբեջանական զինուժը անպատիժ զավթել է Ջերմուկի եւ Սեւանի մոտակայքում գտնվող բարձունքները՝ ՀՀ ինքնիշխան տարածքը: Հիմա էլ Ալիեւը Լաչինից սպառնում է, որ կհարձակվի ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի վրա: Դա ինչ-որ բան ասո՞ւմ է մեր իշխանություններին:


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր

Comments


«Քոչարյանին ասացի՝ ժողովուրդը ձեզ ատում է». Հարութ Սասունյանը՝ Քըրք Քըրքորյանի համեստության, մեր անփառունակ ոչ վաղ անցյալի և վտանգավոր ներկայի մասին | «Զրույցներ հայության մասին»

bottom of page