ԵՐԵՎԱՆ, 13.05.2023
Խաչատուր Սուքիասյանին պատկանող FlyOne Armenia բյուջետային ավիաընկերությանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ արգելվել է Դուբայում վայրէջք կատարել, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Դուբայի ավիացիոն իշխանությունների արգելքի պատճառով Երևանից մեկնած ինքնաթիռը շուրջ 40 ուղևորով նախօրեին Իրանում է վայրեջք կատարել, ժամեր անց Երևան վերադարձել։ Նույնը եղել էր նաև օրեր առաջ՝ մայիսի 7-ին, թե ինչու՝ հստակ չէ։
«Երբ որ իրանք արդեն Դուբայի վրա են էղել, ոնց որ քաղաքը արդեն էրևում ա, ու մոտավորապես հինգ րոպե հետո ասում են՝ մենք հետադարձ ենք անում, մեզ թույլ չեն տվել իջնել Դուբայում։ Ինքնաթիռը պտտվում ա հետ, իրանք հայտնվում են Իրանի Շիրազի օդանավակայանում», - ասում է երևանաբնակ Շուշաննա Սայադյանը, ում ամուսինն երկու այդպես էլ չկայացած չվերթների ուղևորներից է։
Շուշաննան պատմում է՝ երեկ, երբ արդեն պարզ էր, որ դարձյալ խնդիր կա, միանգամից գնացել է ավիաընկերության գրասենյակ. - «Ասում են գալու ա անպայման, մենք կանենք ամեն ինչ, որ իրանք վերադառնան։ Այն հարցին, թե ինչու արդեն երկրորդ անգամ նման իրավիճակ ա ստեղծվում, որևէ հստակ պատասխան իրանք չունեն»։
FlyOne-ից պնդում են՝ Դուբայ չվերթի համար իրենք բոլոր թույլտվություններն ունեցել են. ոչ մի խնդիր չի եղել, իսկ արգելքի պատճառաբանություններն անհեթեթ են համարում։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանի խոսքով, դիսպետչերական հարց է եղել, ինչ-որ կոդերի անհամապատասխանություն։ Այդուհանդերձ, նաև պնդեց, թե Դուբայից իրարամերժ պարզաբանումներ են ստացել. - «Մենք տեղեկացրել ենք բոլոր համապատասխան գերատեսչություններին, որ նման խնդիր է առաջացել, ու չվերթի ընթացքում մեզ տրվել են իրարամերժ պարզաբանումներ»։
Անանյանի խոսքով, իրենք այդպես էլ տեղ չհասած ուղևորներին փոխհատուցել են. - «Երևան ժամանած ուղևորներին ձևակերպվել են այլ ավիաընկերության տոմսեր, Դուբայում գտնվող ուղևորների մեծամասնությունը դիմել է միջոցների վերադարձի համար, ավիատոմսի»։
Շուշաննա Սայադյանի ամուսինն այսօր առավոտյան մեկ այլ ավիաընկերության չվերթով Երևան է վերադարձել։ Կինը սակայն չի համարում, որ տոմսը իրենց վնասը փոխհատուցում է, քանի որ Դուբայում անգամ մեկ օր մնալ է թանկ, իսկ դա իրենց ոչ ոք չի հատուցել։
FlyOne-ը չվերթներ է իրականացնում դեպի Ռուսաստան, եվրոպական ու Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներ։ Մայիսի 17-ին նախատեսված է դեպի Դուբայ հերթական չվերթը։
Հարցին՝ կլուծվե՞ն մինչ այդ այս խնդիրները, Անանյանն արձագանքեց. - «Մինչ այդ հարցը պիտի պարզաբանվի, խնդիրը պիտի իր իրավաբանական հանգուցալուծումը գտնի, և չվացուցակի բոլոր փոփոխությունների վերաբերյալ ավիաընկերությունը ուղևորներին տեղյակ կպահի»։
Հայաստանի քաղավիացիայի կոմիտեից փոխանցեցին՝ հաջորդ շաբաթ Դուբայի գործընկերների հետ քննարկում է նախատեսված՝ խնդիրները պարզելու համար։ Մինչ այդ ոչինչ ասել չեն կարող։
Ավելի վաղ Թուրքիայի իշխանություններն էին FlyOne-ին արգելել իրենց օդային տարածքով թռիչքներ իրականացնել։ Անկարայից հայտարարել էին, թե պատճառը Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումն է։ Ընկերությունը հարևան երկրի օդային տարածքով չվերթներ էր իրականացնում դեպի եվրոպական քաղաքներ։ Արամ Անանյանը թուրքական արգելքի ու Դուբայ չվերթների խնդիրների միջև ուղիղ կապ չի տեսնում։
Ինչ մեխանիզմներ կան թուրքական օդը բացելու համար։ Flyone Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահի խոսքով, իրենք պատրաստվում են դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն, սակայն մանրամանսեր հաղորդել չցանկացավ. - «Պրոցեսի զարգացման վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ այս պահին ձեռնպահ կմնամ հայտնելուց։ Սակայն մենք օգտագործելու ենք առկա ողջ գործիքակազմը, որպեսզի էդ հարցի համար տրամաբանական հանգուցալուծում ստանանք»։