top of page

Ինչո՞ւ և ո՞ւմ պատճառով է Հայաստանը հայտնվել այսպիսի ողորմելի վիճակում

04.08.2022


Ի՞նչ զարգացումներ էին սպասվում, ի՞նչ մարտահրավերներ, որ հանկարծ ներազգային համախմբման անհրաժեշտություն էր առաջացել: Տարօրինակ է, մենք ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած քառօրյա պատերազմում համազգային այնպիսի համերաշխություն էինք դրսևորել, որին կնախանձեին աշխարհի ամենահամախմբված ազգերն անգամ: Պատերազմից առավել է՞լ ինչ մարտահրավերներ էին առաջացել, որ որոնց դեմ պետք էր լրացուցիչ համախմբվել: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է փոխել Հայաստանի քաղաքականությունը Արցախի հարցում և շարժվել հանրահայտ «զիջողական քաղաքականության» ուղով, ինչին Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, պատասխանել է՝ չեմ կարող, ինձ կհոշոտեն: Լևոն Տեր-Պետրոսյանը դրանից հետո պետք է հայտնվեր Կենտրոն հեռուստատեսության եթերում, ավելի ստույգ՝ Պետրոսի «Ուրվագիծ» հաղորդաշարի մեջ և «ոչմիթիզհողականների» հասցեին չարախնդար՝ «Ուրեմն ես հող անձնող եղա, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հող պահո՞ղ… Դե տղա եք՝ պահեք»: Դա արդեն 2017թ, մարտին էր՝ ԱԺ ընտրությունների նախօրյակին: Այդ ընտրությունների արդյունքներով, ինչպես հիտեք, ՀԱԿ-ը դուրս մնաց խորհրդարանից՝ իր տեղը զիջելով Փաշինյանի «Ելք» դաշինքին: Այսպես Լևոն Տեր-Պետրոսյանի թեթև ձեռամբ օձը թաքուն տեղավորվեց տաքուկ պայմաններում ու սկսվեց Արցախի խնդրի կազմաքանդման դավադրությունը: Ինչո՞ւ… Այս հարցը տվեք Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի դեռ այդ հնարավորությունը կա:


Ես շատ երկար չեմ պատմի, թե ինչպես Նիկոլին հաջողվեց զրոյի հավասարեցնել 30 տարվա մեր ձեռքբերումները: Այդ մասին կան բազմաթիվ վերլուծություններ, հոդվածներ, ֆիլմեր, վավերագրեր: 44-օրյա պատերազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ ժամանակ ընդամենը երկամյա կառավարման լավագույն գնահատականն է և Արցախի հարցի թաղման լևոնա-նիկոլական «հանճարեղ» պլանի կարևորագույն մասը: Լևոն Տեր-Պետրոսյանը, ճիշտ է, Փաշինյանին ազգակործան պատուհաս անվանեց այդ պատերազմից հետո, պահանջեց, որ նրան հեռացնեն երկրից, ապահով մի տեղ տանեն, բայց դա ընդամենը ցինիզմ էր ՀՀ առաջին նախագահի կողմից, որովհետև Նիկոլը դեռ պետք էր նրան՝ «ոչմիթիզհողականներին» ապացուցելու, որ ոչ միայն ազատագրված տարածքները հնարավոր չէր պահել, այլև Հայաստանն Արցախի հետ կապող որևէ պորտալար, որ մեզնց ոչ միայն Հադրութ ու Շուշի կարող են խլել, այլև Սյունիք, Վարդենիս ու Տավուշ: Նիկոլը դեռ պետք էր նրան, որ իր «հայրենանպաստ» ճանապարհից հեռացներ հայկական սփյուռքը՝ որպես խանգարիչ հանգամանք: Հենց սա է այն մղձավանջը, որին չէինք սպասում, բայց նա մեր տուն մտավ երդիկով:

Այսօր, երբ Հայաստանը, կարելի է ասել, վերջնականապես վերածվել է քաղաքական ջնջոցի, ոչինչ չորոշող մի գոյացության, ազգակործան պատուհասները հանկարծ որոշում են, որ Հայաստանի համար Արցախի խնդիրը ավելին չէ, քան այնտեղ ապրող մի բուռ հայերի իրավունքների պաշտպանությունը: Եվ ինչպե՞ս պետք է պաշտպանեք արցախցիների իրավունքները՝ Արցախի ՊԲ-ն ոչնչացնելո՞վ, Հայաստանն Արցախի հետ կապող միակ ճանապարհը թշնամուն հանձնելո՞վ, Ադրբեջանին տված ձեր չմտածված խոստումները կատարել չկարողանալու պատճառով նոր պատերազմ հրահրելո՞վ: ՀՀ իշխանություններ, Նիկոլ, Լևոն, դուք, ախր շատ ծիծաղելի եք…


Հիմա գանք այս հոդվածի վերնագրին: Օրերս, երբ Ադրբեջանական զինուժը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները, հերթական ոտնձգությունները կատարեց Հայաստանի և Արցախի նկատմամբ, շատ արագ պարզվեց, որ պատճառը Նիկոլ Փաշինյանն է, որ չի կատարում իր գրավոր, ինչպես նաև բանավոր խոստումները: Ռուսները, ինչպես և պետք էր սպասել, այս փուլում ևս խաղաղություն պարտադրեցին Ադրբեջանին, ինչից հետո Պուտինը և Լավրովը զանգահարեցին համապատասխանաբար՝ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին: Էլի նույն երգերը՝ նոյեմբերի 9-ի, նոյեմբերի 26-ի, հունվարի 13-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկում, լո, լո, լո… Թե իրականում էին են ասել Պուտինն ու Լավրովը, ոչ ոք չգիտի:


Նույնիսկ հայտնի էլ չէ, թե ում նախաձեռնությամբ են տեղի ունեցել այդ հեռախոսային դեբատները: Փոխարենը, սակայն, ակտիվացել են հակառուսական տրամադրություններ տարածող հայ արևմտամետները, որ 100 տոկոս վստահությամբ պնդում են, թե Պուտինն ու Լավրովը սրանց ասել են՝ շուտ արեք, ամեն ինչ տվեք, որ Ադրբեջանը պատերազմ չհայտարարի և, Ուկրաինայում պատերազմը չավարտված, նոր գլխացավանք չդառնա Ռուսաստանի համար: Այ քեզ՝ էշություն:


Նախ՝ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել է ոչ թե նոր, այլ 2014 թվականից: Մեր հակառուս մեկնաբանները, կարծում եմ, սա գիտեն: Այնպես որ, երկրորդ ճակատը Ռուսաստանի համար Հայաստանն է, ոչ թե Ուկրաինան: Ու դեռ հարց է, թե ինչո՞ւ 2022թ. փետրվարին նորից սրվեց իրավիճակը Ուկրաինայում:


Պատահաբար լևոնա-նիկոլական արտաքին քաղաքականությունը չէ՞ր պատճառը, որ հանգեցրեց մեր տարածաշրջանում այս պայթյունավտանգ իրավիճակին: Եվ հիմա, երբ ջուրը ջաղացը տարել է, մեր արևմտամետները այլ բան չունեն անելու, քան Ռուսաստանին մեղադրելն է: Ու մեկը չկա ասի՝ բա Հայաստանն ի՞նչ մեխի գլուխ է այլևս, եթե մի այնպիսի հարց, ինչպիսին արցախցիների խղճուկ գոյության իրավունքի պաշտպանությունն է, չի կարողանում ապահովել և իսկույն դիմում է ռուսներին: Կարելի է մտածել՝ ռուսական խաղաղապահ զորախումբը մեր փողերով ենք պահում, իրենք էլ մեր տանը տնվոր են:


Եվ ավարտեմ: Մենք այսօր վայելում ենք «լավագույն պաշտպանությունը պաշտպանություն չունենալն է» տերպետրոսյանական հայտնի սոփեստության պտուղները: Քանի դեռ վարչապետ կլինի Նիկոլը, մենք խաղաղություն չենք ունենա ու կշարունակենք այսպես անծրագիր ու անապագա քարշ գալ մեկ՝ ռուսի, մեկ՝ թուրքի, մեկ՝ ադրբեջանցու, մեկ՝ պարսիկի, մեկ՝ Ամերիկայի, մեկ՝ Եվրոպայի դռներին:

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ»

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page