Ինչպես «Զվարթնոց» օդակայանը 1986 թվականին հայտնվեց լեհական ֆիլմում
- T S
- 10 мар. 2020 г.
- 1 мин. чтения

1985 թվականին լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Գրադովսկին նկարահանեց «Պան Կլյաքսայի ուղեւորությունը» մանկական ֆիլմ-հեքիաթը հրաշագործ Ամբրոզի Կլյաքսայի (Թանաքաբծի) արկածների մասին: Այս հերոսը պատմում է փոքրիկ Պետրեկին, թե ինչպես Մեծ Էլեկտրոնիկը ծրագրել է ոչնչացնել թանաքի պաշարները Հեքիաթների Թագավորությունում, որպեսզի մարդիկ զրկվեն իրենց ֆանտազիաները գրի առնելու հնարավորությունից եւ ենթարկվեն մեքենաների կամքին: Հերոսներն ուղեւորվում են տարբեր երկրներ, արկածների են հանդիպում ամենատարբեր վայրերում... եւ ահա հայ հանդիսատեսը տեսնում է իրեն քաջ ծանոթ մի տեղանքՙ «Զվարթնոց» օդակայանի շենքը: Լեհ-խորհրդային արտադրության կինոնկարի հեղինակները, ի թիվս Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի օդակայանի նորաբաց շենքի, տեսել են իրենց երեւակայական աշխարհի գործողության վայրերից մեկը: Եվ իսկապես, այդ մոդեռն շինությունը (որպիսիք քիչ էին ԽՍՀՄ տարածքում) չափազանց հարմար էր արդիական հեքիաթի համար: Այս առթիվ չենք կարող ցավով չնշել այն խայտառակ իրողությունը, որ անգամ օտարերկրյա կինոհեքիաթ մուտք գործած այդ հետաքրքրական կառույցը այսօր տեղական ինչ-ինչ ուժեր նույնպես ցանկանում են վերացնել երկրի երեսից...





















