23.04.2022
Արևմտահայ գրողների հիշատակին
Ապրիլի 23-ին Երևանում, գրողների տանը տեղի ունեցավ 1915-ին նահատակված արևմտահայ գրողների հիշատակին նվիրված երեկո, որին մասնակցում էին գրողներ, գիտնականներ, արվեստագետներ, մտավորականության ներկայացուցիչներ:
Բացելով երեկոն, Ստեփան Զորյանն ասաց, որ հիսուն տարի առաջ նահատակված հայ գրողների հիշատակը իր սրտում սրբությամբ է պահում հայ ժողովուրդը: Նշելով նրանց հիշատակը, մենք պետք է նոր և բարձրարվեստ գործերով հարստացնենք մեր մշակույթը, բոլորանվեր ծառայենք հայրենիքին:
Արևմտահայ գրողների մասին խոսք ասացին Վաղարշակ Նորենցը, Գևորգ Էմինը, Անահիտ Սահինյանը, Գրիգոր Քեշիշյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Սիլվա Կապուտիկյանը:
Սովետական Հայաստան, թիվ 96, շաբաթ, 24 ապրիլի 1965:
Ծանոթ. Լուրը դրվել է վերջին, չորրորդ էջում՝ ամենից նվազ աչքի ընկնող մասում:
Արհավիրքից՝ վերածնունդ
… Միայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան, կոմունիստների լենինյան պարտիան հայ ժողովրդին փրկեցին համազգային աղետից:
… Հայաստանը դարձավ առաջավոր արդյունաբերության և գյուղատնտեսության, համատարած գրագիտության, ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական, զարգացած կուլտուրայի երկիր:
… Հիսուն տարի առաջ աշխարհը ցնցվեց Օսմանյան կայսրության կառավարող կլիկի կատարած ահավոր ոճրագործությունից: 1915 թվականին երիտթուրքական կառավարությունը կազմակերպեց արևմտահայության զանգվածային տեղահանումն ու բնաջնջումը:
… Չէ որ գենոցիդի (ցեղասպանության) քաղաքականությունը մեծ մաշտաբներով գործնական հիմքի վրա է դրվում պատերազմների ժամանակ:
… 1909 թվականի աշնանը դաշնակների և “Իթթիհադի” միջև կնքված “ուխտը”, որով “օսմանյան նվիրական հայրենիքի” գաղափարներն էին սրբագործվում, զգալի չափով թուլացրեց հայ ժողովրդի դիմադրական ոգին: 1915-1916 թվականների ընթացքում ամենայն վանդալությամբ ոչնչացվեց մեկուկես միլիոն մարդ:
… Այն, ինչ կատարվեց արևմտահայության հետ առաջին համաշխարհային պատերազմի դժնդակ տարիներին, նոր ժամանակների պատմության մեջ ամենամասսայական գենոցիդի քաղաքականության սկիզբն էր, որն ավելի մեծ մասշտաբներով և ավելի կատարելագործված մեթոդներով երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կրկնեցին գերմանական ֆաշիստները հրեաների, սալավոնական և այլ ժողովուրդների նկատմամբ:
… Սովետական Ռուսաստանի կառավարությունը Վ. Ի. Լենինի ստորագրած “Թուրքահայաստանի մասին դեկրետով” հռչակեց, որ պաշտպանում է Արևմտյան Հայաստանի “ազատ ինքնորոշման իրավունքը”:
… Անդրկովկասի հակառևոլյուցիոն պարտիաները՝ մենշևիկները, մուսավաթականները, դաշնակները, դավաճանելով աշխատավորների շահերին, երկրամասն անջատեցին Սովետական Ռուսաստանից և հեշտացրին թուրքական և մյուս իմպերիալիստների ինտերվենցիան:
Գ. Գալոյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ջ. Կիրակոսյան, Պատմական գիտությունների թեկնածու
Սովետական Հայաստան, թիվ 96, շաբաթ, 24 ապրիլի 1965:
Ծանոթ. Հոդվածը դրվել է երկրորդ և երրորդ էջերում: Հոդվածում խոսվում է նաև Խորհրդային Հայաստանի նվաճումների, բնակչության աճի, քաղաքների ու ավանների շենացման, գիության, արդյունաբերության զարգացման, ռուս և խորհրդային մյուս ժողովուրդների միջև բարեկամության մասին:
Գենոցիդը ամենածանր հանցագործությունն է մարդկության հանդեպ
… Հիսուն տարի առաջ երիտթուրքերի կառավարությունը բնաջնջեց մոտավորապես մեկ ու կես միլիոն հայ:
Մ. Ներսիսյան, Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
Ն. Ուշակով, Իրավաբանական գիտությունների դոկտոր
Սովետական Հայաստան, թիվ 97, կիրակի, 25 ապրիլի 1965:
Ծանոթ. Հոդվածը, որ թարգմանություն է Պրավդա թերթի ապրիլ 24-ի համարից, դրվել է երրորդ էջում: Հոդվածը գրվել է Ապրիլ 24-ի առիթով, բայց ավելի շատ նվիրված է աշխարհի այլ ցեղասպանությունների, ինչպես նաև՝ գենոցիդին, որպես ծանրագույն և ծայրագույն հանցագործություն:
Երևանի հասարակայնության ներկայացուցիչների ժողովը
Ապրիլի 24-ին լրացավ սուլթանական Թուրքիայի կառավարողների կազմակերպած հայկական կոտորածների 50-ամյակը: 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին էր նվիրված Երևան քաղաքի հասարակայնության ներկայացուցիչների ժողովը, որը տեղի ունեցավ երեկ Ալ. Սպենդիարյանի անվան Լենինի շքանշանակիր օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում:
Ժողովի նախագահությունում էին Յա. Զարոբյանը, Ն. Հարությունյանը, Ա. Քոչինյանը, Բ. Մուրադյանը, ռեսպուբլիկայի մինստրներ, անվանի գրողներ, գիտության և արվեստի ականավոր գործիչներ:
Օթյակում էր Ամենայն Հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք Վազգեն Առաջինը:
Ժողովը հակիրճ ճառով բացեց Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության նախագահ ընկեր Նագուշ Հարությունյանը. “Հայ ժողովուրդը այսօր առաջին անգամ արժանավայել նշում է մեծ եղեռնի տարելիցը, նրա բյուրավոր անմեղ զոհերի պայծառ հիշատակը… Մենք ամբողջ հոգով ու էությամբ դատապարտում ենք գենոցիդը՝ ժողովրդասպանությունը”:
Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգում են զոհերի հիշատակը:
Ընկ. Ն. Հարությունյանը 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ժողովը հայտարարում է բացված:
Զեկուցման համար խոսք է տրվում Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին. “Կես դար է անցել այն օրից, երբ սուլթանական Թուրքիայի գղութարարներն անցան վաղօրոք նախապատրաստված իրենց ծրագրի իրականացմանը: Նրանք սկսեցին ցեղասպանության հրեշավոր գործը՝ հայ ժողովրդի բնաջնջումը Արևմտյան Հայաստանում”:
Սովետական Հայաստան, թիվ 97, կիրակի, 25 ապրիլի 1965:
Ծանոթ. Հոդվածը դրվել է երկրորդ էջում:
Մտորումներ
… Դա Հոկտեմբերի արևն էր: Նա ծագեց Հյուսիսից, որ ջերմացնի մեր մոլորակի կյանքը… Եվ Հայաստանի դաշտերում կրկին վերստին լսվեց հայկական հորովելը, քաղաքներում կրկին բարձրացան դղյակներ: Եվ նոր քաղաքներ ծնվեցին…
Հր. Քոչար
Սովետական Հայաստան, թիվ 96, շաբաթ, 24 ապրիլի 1965:
Ծանոթ. Հոդվածը դրվել է չորրորդ էջում: Այն հրապարակախոսական ժանրով է գրված: Խոսվում է Սուլթան Համիդի, Երիտթուրքերի, Կարաբեքիրի, Էնվեր և Ջեմալ փաշաների գործած հանցագործության մասին: Գովք կա Լենինի, Խորհրդային կարգերի, ռուս ժողովրդի հասցեին: Սա Քոչարի վերջին գիրն է: Նա մահացավ օրեր անց՝ մայիսի առաջին օրերին:
Փարիզի հայ համայնքի ժողովը
ՓԱՐԻԶ, 26 ապրիլի (ՏԱՍՍ)- Փարիզի հայ համայնքը այս օրերին նշում է Թուրքիայում հայերի ողբերգական կոտորածի 50-րդ տարեդարձը: “Դա 20-րդ դարում գենոցիդի առաջին հանցագործությունն է: Դրա հետևանքով զոհվեցին օսմանյան կայսրության հպատակ մեկուկես միլիոն հայեր”, ասված է այդ տարեդարձին նվիրված ցույց կազմակերպած կոմիտեի հայտարարության մեջ:
Սովետական Հայաստան, թիվ 98, երեքշաբթի, 27 ապրիլի 1965:
Ծանոթ. Լուրը դրվել է երրորդ էջում: