top of page

Ինչպես խորհրդային ԿԳԲ-ի գործակալը Էջմիածնի վեհարանում խեղդեց Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին

24.10.2023


1873 թ. դեկտեմբերի 8-ին է ծնվել Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Տփղիսեցին (ավազանի անունը՝ Ալեքսանդր Հովհաննեսի Մուրադբեկյան)՝ Հայոց եկեղեցու ազնվագույն ու նվիրյալ դեմքերից մեկը, ով Եկեղեցու օրհասական պահերին, հանուն նրա գոյատեւման, պայքարեց բոլոր հնարավոր միջոցներով՝ կորցնելով հարազատներին ու նահատակվելով…


Ալեքսանդր Մուրադբեկյանը ծնվել է Թիֆլիսում, ավարտել Ներսիսյան դպրոցը, ուսումը շարունակել Շվեյցարիայի համալսարաններում, 1897-ից երգի դասեր վարել Ներսիսյան դպրոցում, 1901 թ. ձեռնադրվել է սարկավագ, այնուհետեւ՝ աբեղա, նշանակվել Նոր Բայազետի եկեղեցիների բարեկարգիչ, 1902 թ.՝ ձեռնադրվել վարդապետ։ Բարենորոգչական աշխատանքները, սակայն, հարթ չէին ընթանում. Հայ եկեղեցին անընդհատ ենթարկվում էր թե՛ ներքին, թե՛ արտաքին ճնշումների։


Խորեն վարդապետն աննահանջ էր ու տոկուն. նա դիմադրում էր բոլոր ուղղություններով, անգամ համարձակվում ընդդիմանալ ցարական իշխանություններին, որ ձգտում էին բռնագրավել Եկեղեցու կալվածքներն ու ունեցվածքը. հետեւանքը 1903 թ. աքսորն էր ռուսական Օրյոլ քաղաք։ Աքսորն ամենեւին չընկճեց Մուրադբեկյանին. 1905 թ., վերադառնալով աքսորից, շարունակեց բարենորոգչական աշխատանքները, իսկ 1909 թ. ձեռնադրվեց եպիսկոպոս։


Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ որպես Երեւանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահ, լծվեց վիրավոր հայ զինվորների եւ փախստականների օգնության գործին։ Նրա ջանքերն ուղղված էին նաեւ հայկական եկեղեցիների տարբեր թեմերի միջեւ համերաշխություն սերմանելուն, սակայն դժնդակ ժամանակներն առջեւում էին, երբ ցարական իշխանություններին փոխարինեցին խորհրդայինները, որոնք ոչ միայն Եկեղեցու կալվածքների ու գանձերի վրա աչք ունեին, այլեւ անխնա պայքարում էին Եկեղեցու դեմ ընդհանրապես։


Գեւորգ Ե Սուրենյանցի վախճանից հետո՝ 1932 թ. նոյեմբերի 13-ին Ամենայն հայոց կաթողիկոս օծված Խորեն Ա Տփխիսեցին Աղասի Խանջյանի հետ միասին պայքարում է Հայոց պետականության ու Հայոց եկեղեցու գոյության համար։


Քանի որ Սուրբ Էջմիածինը նաեւ տարագիր հայության հոգեւոր կենտրոնն էր, խորհրդային իշխանությունները միտք ունեին այն օգտագործել արտասահմանում ազդեցության տեղական լծակներ ունենալու նպատակով, իսկ դրա համար անհրաժեշտ էր այնտեղ նշանակել դրածո կղերի, որն անվերապահ կենթարկվեր ցանկացած կարգադրության։ Հարկավոր էր վերացնել թե՛ պետության գլուխը, թե՛ հովվապետին, ովքեր ազգային ու հայրենասիրական ոգով էին տոգորված։ Երկու դեպքում էլ խորհրդային իշխանությունները հաջողեցին. երկու սպանություններն էլ մշուշապատ էին՝ քողարկված պաշտոնական կեղծ մեկնաբանություններով, սակայն դեպքերի ընթացքը հանգեցնում է տրամաբանական եզրակացության, եւ ճշմարտությունը ոտքի տեղ է գտնում դաժան իրականության մեջ։ Նախ՝ Հայոց եկեղեցու դեմ սկսվում են անհիմն մեղադրանքներ, հոգեւորականների հալածանքներ, արտաքսումներ, հաշվեհարդարներ, զանգվածային ձերբակալություններ, քանդվում եկեղեցիներ, իսկ 1938 թ. Հայաստանի ժողկոմխորհը որոշում է ընդունում Էջմիածնի վանքից հարկեր գանձելու մասին, ինչը կրկնապատիկ-եռապատիկ գերազանցում էր Մայր Աթոռի եկամուտը, ի հավելումն՝ պահանջվում էր վճարել նաեւ 1936-37 թթ. պարտքերը՝ ավելի քան 200 հազար ռուբլի, իսկ չվճարելու դեպքում՝ ԽՍՀՄ ֆինանսների ժողկոմատի հանձնարարությամբ, Մայր Աթոռից պետք է առգրավվեին ու վաճառվեին նրա 2 ջրաղացները. նպատակը եկեղեցին տնտեսապես քայքայելն ու վերացնելն էր։


Խորեն Ա կաթողիկոսը կոնդակով դիմում է Հայաստանի Կենտգործկոմի նախագահին՝ խնդրելով նյութապես ծանր վիճակում գտնվող Մայր Աթոռն ազատել հարկերից։ Դիմումը ոչ միայն մերժվում է, այլեւ կաթողիկոսի դեմ սկսվում է դահճային արշավը. հաշվեհարդար են տեսնում նրա մերձավորների ու հարազատների հետ, 1937 թ. գնդակահարվում են երկու եղբայրները, իսկ 1938 թ. ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Վեհարանի իր ննջասենյակում կաթողիկոսն է խեղդամահ արվում պետանվտանգության ծպտյալ գործակալների կողմից, պաշտոնապես էլ հայտարարվում, իբր, կաթողիկոսը մահացել է սրտի կաթվածից, բայց փաստերն ու իրեղեն ապացույցները բացում են ճշմարտության դեմքը, ինչի ապացույցն է նաեւ այն, որ կաթողիկոսական աթոռը Խոսրով Ա-ի վախճանից հետո թափուր է մնում շուրջ 7 տարի, իսկ կաթողիկոսին հուղարկավորում են հապճեպ՝ Սուրբ Գայանե եկեղեցու գավթում, եւ միայն 1996 թ. սեպտեմբերին է Խոսրով Ա կաթողիկոսի աճյունը տեղափոխվում Էջմիածնի Մայր տաճարի բակ՝ տեղ գտնելով Հայոց կաթողիկոսների կողքին։

Comentarios


Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page