05.02.2024
Իր գոյության մեծ մասի ընթացքում հայ ժողովուրդը սեփական անվտանգության պաշտպանության խնդիր է լուծել՝ պայքարելով օտար նվաճողների դեմ: Իսկ պատերազմների միջև ընկած կարճատև շրջաններում, երբ ստեղծագործել-արարելու հնարավորություն է ստացել, պարզապես հրաշքներ է գործել՝ ստեղծելով փառահեղ ու հրաշակերտ արժեքներ, որոնք հավերժորեն իրենց տեղն են գտել համաշխարհային արժեհամակարգի գանձարանում: Նաև այդ կերպ է ապացուցել հավերժ ապրելու իր անկոտրում կամքը: Որովհետև յուրաքանչյուր արարում կենսականության հզոր ուղերձ է՝ նետված թշնամիներին: Երբ ժամանակին արաբ զորավար Բուղան տեսավ, որ իր շրջափակած Գտիչի բերդում հայերը կռվում են ու միաժամանակ եկեղեցի կառուցում, կորցրեց նրանց հաղթելու վերջին հույսը:
Նախորդ դարասկզբին պատերազմներից, ցեղասպանությունից ու տարբեր համաճարակներից ուժասպառ եղած հայության բեկորները Խորհրդային Հայաստանում արարելու հնարավորություն ստացան, և շուտով երկիրն սկսեց ոտքի կանգնել: Հայրենական մեծ պատերազմն ու մեր զոհերն էլ չկանխեցին հայի մտքի թռիչքը: Կյանքի տարբեր ոլորտներում առաջընթացի քայլերը պարզապես հսկայական էին: Հայ ժողովրդի հերոս ու հանճարեղ զավակներն իրենց խոշոր ներդրումն էին անում ԽՍՀՄ-ի պաշտպանության ու զարգացման գործում: Սովորել-արարելու ձգտումն աննախադեպ աշխուժություն առաջացրեց նաև Հայաստանում, և շուտով պարզ դարձավ, որ մեր ժողովուրդը պետք է որակական նոր թռիչք արձանագրի՝ իր ներքին ուժին, կարողություններին ու հզորությանը համապատասխանելու համար: Ստեղծվեցին տարբեր առողջական, գիտական, կրթադաստիարակչական, մարզական, մշակութային ու այլ կենտրոններ:
Մարզական առաջնություններ հյուրընկալելու, միջազգային մշակութային միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը ծնեց մի գաղափար, որի արդյունքը պետք է դառնար Ծիծեռնակաբերդի բլրի վրա կառուցված մարզահամերգային համալիրը՝ բաղկացած երկու մեծ՝ մարզական ու համերգային սրահներից, համալիր, որը հետագայում պետք է կրեր իր ստեղծման գործի ամենամեծ նվիրյալի՝ հայ քաղաքական գործիչ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անունը:
Նման կառույց Հայաստանը դեռ չէր տեսել
Ի սկզբանե համալիրի կառուցման նպատակով փակ մրցույթ հայտարարվեց, որին մասնակցեցին 8 նախագծային կազմակերպություններ: Խնդիր էր դրված կառուցել սպորտի պալատ 10000 հանդիսատեսի համար: Նման պալատներ ԽՍՀՄ մի քանի հանրապետություններում արդեն կային:
Սպորտի պալատը ենթադրում էր ունենալ ծածկած դահլիճ՝ հոկեյի դաշտով: Նախագծեր են արվում մի քանի վայրերի, այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի համար: Տարբերակներից մեկն էլ Կասկադի տարածքն էր, որն այն ժամանակ պարզապես բլուր էր: Դիտարկվել էր նաև Ազգային ժողովի հետևի տարածքը: Քննարկումներից հետո ընտրվեց Ծիծեռնակաբերդի տարբերակը:
Մրցույթում հաղթեց «Հայպետնախագիծ» ինստիտուտը, որի տնօրեն Կորյուն Հակոբյանը հանձնարարեց շարունակել նախագիծը և ընդլայնել աշխատանքային խումբը: Դրանում ընդգրկվեցին ինքը՝ Հակոբյանը՝ որպես ղեկավար, և ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը: Մուշեղյանն ու Հակոբյանը, ի դեպ, միասին աշխատել էին նաև «Հրազդան» մարզադաշտի նախագծի վրա:
Մարզամշակութային համալիրի նախագիծը մի քանի ամիս գտնվում էր երևանյան ու մոսկովյան գրասենյակներում: Ի վերջո, շինարարության բյուջեն հաստատվեց 35 մլն ռուբլու չափով: Դա, իհարկե, բավարար գումար չէր. Մոսկվան հանրապետություններին սովորաբար ստիպում էր հնարավորինս քիչ ծախսել, բայց իր տարածքում նման կառույցների համար ոչինչ չէր խնայում: Բավական է հիշել, որ ԽՍՀՄ Պետպլանը «Լուժնիկի» մարզադաշտի կառուցման համար հատկացրել էր 100 մլն ռուբլի:
Բոլորը հասկանում էին, որ բյուջեի հաստատումը թելադրում է արագացնել նախագծման գործընթացը: Ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը Կորյուն Հակոբյանի ու Գուրգեն Մուշեղյանի հետ 1976 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հեղինակում են համալիրը: Կարեն Դեմիրճյանն ու Կորյուն Հակոբյանն ընդունում են առաջարկվող այն գաղափարը, որ նպատակահարմար է կառուցել տրանսֆորմացվող դահլիճներ՝ դրանք առավել հաճախ օգտագործելու համար: Երբ նախագիծն արդեն պատրաստ էր, նախագծող խմբին այցելում են Կարեն Դեմիրճյանը, Կորյուն Հակոբյանը և ԽՍՀՄ Պետշինի նախագահ Ֆոմինը: Նախագիծը հավանության է արժանանում, և աշխատանքներն սկսվում են: Նման կառույց Հայաստանը դեռ չէր տեսել: Կոնստրուկտորներն էին Իգոր Ծատուրյանը և Գրիգորի Ազիզյանը: Ստեղծվեց առանձին արվեստանոց՝ 40 մասնակցով:
Շինարարությունը վստահվեց «Հիդրոէներգոշին» կազմակերպությանը: Համալիրի յուրահատկությունն այն էր, որ այն ոչ թե սոսկ շենք պետք է լիներ, այլ հսկայական մեխանիզմ: Դա էր պատճառը, որ դեռևս համալիրի նախագծման ժամանակ համագործակցություն էր հաստատվել ԽՍՀՄ-ի մոտ 40 կազմակերպությունների հետ: Կառուցվելիք երկու դահլիճներն իրար էին միանում պտտվող 1000 տեղանոց տրիբունայով, ինչը որոշակի ձև էր ապահովում: Նախասրահն ընդհանրացնելու նպատակով սառցադաշտը բարձրացվեց վերև, և ֆոյեները միացվեցին իրար: Դա հանճարեղ որոշում էր, որովհետև նույնիսկ մեր օրերում նախասրահն ավելի հաճախ է օգտագործվում, քան հենց դահլիճը: Մասնագետների վկայությամբ՝ մարզահամերգային համալիրի սառցադաշտը լավագույններից մեկն էր ողջ ԽՍՀՄ-ում:
Համալիրը երկու պաշտոնական բացում ունեցավ: Նախ 1983 թ. բացվեց մարզական բաժինը, երբ Երևանը պետք է ընդուներ աշխարհի ծանրամարտի առաջնությունը: Բացումից երկու ամիս առաջ Մոսկվայից պատվիրակություն է ժամանում Երևան, ծանոթանում շինարարության ընթացքին և Կարեն Դեմիրճյանին հայտնում, որ նախատեսված ժամկետներում «հնարավոր չէ համալիրը շահագործման հանձնել, անհրաժեշտ է փոխել առաջնության անցկացման վայրը: Կարեն Դեմիրճյանը պնդում է, որ Հայաստանը կհասցնի դա անել: Այդպես էլ եղավ, բայց առաջնությունը, այնուամենայնիվ, անցկացվեց Մոսկվայում:
Չնայած հայ մարզասերները հնարավորություն չունեցան Երևանում հետևել մրցաշարի զարգացումներին, միևնույն է, հիացած էին նրա արդյունքներով: Հայաստանի ներկայացուցիչներ Հոկսեն Միրզոյանը, Յուրի Սարգսյանն ու Յուրի Վարդանյանը աշխարհի չեմպիոններ դարձան: Ընդ որում՝ Հոկսեն Միրզոյանը հաղթեց բուլղարական ծանրամարտի ծագող աստղ Նաում Շալամավովին, ով տարիներ անց փախավ Թուրքիա և դարձավ Նաիմ Սուլեյմանօղլուն:
Երկրորդ՝ համերգային մասի բացումը տեղի ունեցավ 1984 թ. հրդեհից հետո, որը բռնկվել էր համերգային դահլիճում, որտեղ դեռ շարունակվում էին շինարարական աշխատանքները: Մոսկվայից ժամանած հակահրդեհային պաշտպանության մասնագետների կարծիքով՝ վարկած կար, որ հրդեհը կազմակերպվել է, սակայն Կարեն Դեմիրճյանը հայտարարել էր, որ այն կապված է եղել էլեկտրական սարքերից մեկի հետ:
Համալիրի կառուցումը ոգևորություն էր առաջացրել հայ ժողովրդի մեջ: Համերգային մասի բացումից առաջ շինարարներն աշխատում էին երեք հերթափոխով: Մարդիկ ցանկանում էին ամեն կերպ օգտակար լինել գործին, իսկ հրդեհի ժամանակ պարզապես արտասվում էին: Կարեն Դեմիրճյանը չկոտրվեց և խոստացավ, որ հետևանքները շատ արագ կվերացվեն: Նա հավատարիմ էր իր խոստմանը:
Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի կարծիքով՝ մարզահամերգային համալիրն ինքնատիպ է թե ճարտարապետական, թե շինարարության ծավալների, թե ֆունկցիոնալ իմաստով, և այդպիսի նոր կառույց Հայաստանը դեռ երկար ժամանակ չի ունենա:
Մոսկվան ոչնչի չէր հավատում
«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը, մի առիթով խոսելով համալիրի կառուցման մասին, շեշտել է, որ 1975 թ. է Հայաստանի կառավարությունը դիմել Մոսկվային՝ մարզահամերգային համալիր կառուցելու թույլտվություն ստանալու համար:
«Չնայած Մոսկվան հաստատել էր նախագիծը, միևնույն է, չէր հավատում, որ մեզ կհաջողվի իրականացնել այն: Հաշվարկները ստուգեցին Մոսկվայի ու Կիևի երկու փորձագիտական կազմակերպությունները: Ութ ամիս տևեց միայն նամակագրությունը, որի ընթացքում մանրամասնում էինք մեր բոլոր խիզախ կոնստրուկտորական քայլերը: Մոսկվայից մեզ ասում էին, որ այն, ինչ մենք նախագծել ենք, իրենք նախատեսում էին իրականացնել միայն երկու տասնամյակ հետո: Այս կառույցի համար մեր ստեղծագործական խումբը ստացավ հեղինակային իրավունքի պատենտներ, այդ թվում՝ պտտվող բեմի նախագծման և կառուցման համար»,- նշել է Գրիգոր Ազիզյանը:
Պատճառներ էին որոնվում՝ Դեմիրճյանին մեղադրելու համար
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի կարծիքով՝ մարզահամերգային համալիրը շատ «ծանր» օբյեկտ էր, որը հսկայական ճանապարհ է անցել: Նա համոզված է, որ համալիրի ստեղծման համար առաջին հերթին պետք է երախտապարտ լինենք Կարեն Դեմիրճյանին:
«Գորելյեֆի էսքիզների վրա սկսել եմ աշխատել 1980 թ., աշխատանքս ավարտել եմ 1984-ին,- նշել է նա:- Գորելյեֆը պատրաստված է Լենինականի Գյուլբուլաղի տուֆից, թեման Հայաստանը և մեր երկրի վերածնունդն է: Քանդակի բարձրությունը 6 մետր է, երկարությունը՝ 60 մետր: Ընդհանուր ֆիգուրների քանակը 330 է:
Կենտրոնում պատկերված է Վահագնի ծնունդը, եզրերին՝ քոչարի պարը, երգչախումբ, գիտություն, բերքահավաք, առատություն, հեղափոխության ամբոխ… և այդ բոլորը միասին Հայաստանն է: Մի հատվածում պատկերել եմ մեր ստեղծագործական խմբի անդամներին. կենտրոնում Արթուր Թարխանյանն է, կողքին՝ Հրաչ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, կոնստրուկտորներ Գրիգոր Ազիզյանը, Իգոր Ծատուրյանը և ես:
Մտածում էինք, թե ում քանդակենք ձախ հատվածում: Որոշեցի պատկերել այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել համալիրի ստեղծման գործում` Կարեն Դեմիրճյանին, Ֆադեյ Սարգսյանին, Հրանտ Հայրապետյանին»:
Ի վերջո, Կարեն Դեմիրճյանն ու Ֆադեյ Սարգսյանը Ֆերդինանդ Առաքելյանին հանձնարարում են քանդել իրենց պատկերող քանդակների դեմքերը, քանի որ «մեծ քաղաքը» դժգոհություն է հայտնել: Նրան ոչինչ չէր մնում, քան քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հետ արձանների դեմքերը տաշելը:
«Բացումից մի քանի ամիս հետո ինձ կանչեցին Կենտկոմ՝ երկրորդ քարտուղար Գենադի Անդրեևի մոտ: Ներս մտա, նա ինձ շատ ջերմ ընդունեց: Նստած էր նաև Կարեն Ղամբարյանը և 3-4 ռուսներ: Սկսեցին ինձ գովել, ասացին, որ շատ են հավանել գորելյեֆը: Վերջում հանկարծ հարցրեց. «Իսկ Կարեն Սերոբիչը տեղյա՞կ էր, որ դուք իր դեմքն եք քանդակել»: Պատասխանեցի, որ, այո, տեղյակ էր: «Իսկ նա դրա համար հատուկ կեցվա՞ծք էր ընդունել»: Պատասխանեցի, որ ոչ, լուսանկարից եմ քանդակել: Հասկացա, որ Դեմիրճյանին ուզում էին մեղադրել «անհատի պաշտամունքի» մեջ: Մի քանի ամիս անց դեպքը կրկնվեց, Մոսկվայից ժամանեց մի խումբ, ինձ կրկին կանչեցին և սկսեցին հարցաքննել, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց Կարեն Սերոբիչին առաջադրել այդ անհիմն մեղադրանքները: Ի դեպ, նախատեսվում էր նաև շատրվանները զարդարել քանդակներով, սակայն ամեն ինչ արեցին, որ այդ մտահղացումը չիրականանա: Ենթադրում էին, որ ցանկանում ենք կառուցել «Կարենգոֆ» (ակնարկելով Պետերգոֆի անվանումը)»,- փակագծեր է բացել Ֆերդինանդ Առաքելյանը՝ ավելացնելով, որ մի ժամանակահատված է եղել, երբ համալիրի կառուցման գործընթացը լիովին սառեցվել է: Ֆինանսական խնդիրների պատճառով Մոսկվայի որոշմամբ կոնսերվացիայի էին ենթարկվել ԽՍՀՄ-ի տարածքում կառուցվող բոլոր նման օբյեկտները:
«Դեմիրճյանն ասաց, որ մենք կանգ չենք առնի և կշարունակենք մեր գործը: Շուտով մեզ մատնեցին, և Մոսկվան, առանց Հայաստանի կառավարությանը զգուշացնելու, հանձնաժողով ուղարկեց՝ իրավիճակը զննելու նպատակով: Սակայն հանձնաժողովի՝ Երևան ժամանելուն պես օդանավակայանի տնօրինությունը կապվեց Ֆադեյ Սարգսյանի հետ և տեղեկացրեց, որ «հյուրեր» են սպասվում: Նա էլ անմիջապես կարգադրեց, որ համալիրում գտնվող բոլոր բանվորները թաքնվեն անտառում՝ մինչև հանձնաժողովի մեկնելը: Եթե ինչ-որ մեկն այդ պահին անտառ մտներ, կմտածեր, որ հայտնվել է պարտիզանների մասին ինչ-որ կինոնկարում:
Հանձնաժողովի անդամների զարմանքը բավական մեծ էր, երբ սպասված «եռացող» աշխատանքի փոխարեն նրանք ամայի շինհրապարակ տեսան:
Հետագայում Դեմիրճյանը մեկնեց Մոսկվա, որտեղ նրան հաջողվեց ստանալ ոչ միայն աշխատանքը շարունակելու թույլտվությունը, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցներ»,- շեշտել է քանդակագործը:
Նրանք անցել են այս համալիրով
Համալիրը հյուրընկալել է հանրահայտ արվեստագետներ Թոմաս Անդերսին, Միշել Լեգրանին, Դեմիս Ռուսոսին, Յան Գիլանին, «Լա Սկալա» օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին, «Բոնի էմ» խմբին, Յանիին, ռուսական էստրադայի աստղեր Ալլա Պուգաչովային, Իրինա Ալլեգրովային, Ստաս Միխայլովին և այլոց: Մարզահամերգային համալիրում են անցկացվել նաև Շախմատի միջազգային օլիմպիադան, Եվրոպայի ուշուի առաջնությունը, բասկետբոլի համահայկական խաղերը, ինչպես նաև ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, գեղասահքի տարբեր առաջնություններ:
2008 թ. վերանորոգումից հետո մարզասրահում տեղի է ունեցել հայ երգիչ Հարութ Փամբուկչյանի համերգը, իսկ համերգասրահը հյուրընկալել է աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված համերգը։
Հանդես են եկել նաև Ֆլորա Մարտիրոսյանը, Պիտեր Գեբրիելը, Պեդրո Էուստեշը, Ալան Փարսոնսը, Բորիս Գրեբենշչիկովը և ուրիշներ։ Համալիրում նաև բազմաթիվ համերգներ են կայացել Պոլ Բաղդադլյանի, Անդրեի, Հայկոյի, Արման Հովհաննիսյանի և այլ հայ երգիչների կատարմամբ։
Կանադացի Գարուն մարզահամերգային համալիրում երգել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում։ Այստեղ հանդես են եկել բրիտանական ռոք խումբ «Ջեթրո Թալը», բրիտանական ռոք խումբ «Uriah Heep»-ը, ամերիկյան ջազ երաժիշտ և երգիչ Ջորջ Բենսոնը: Անգլիական ռոք խումբ «Deep Purple»-ը բարեգործական համերգով հանդես է եկել ավելի քան 10.000 երկրպագուների համար։ Համալիրում ելույթ է ունեցել ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը՝ «System of a Down» խմբի հետ։
Այնուհետև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երգել են անգլիացի Ջո Քոքերը, Լարա Ֆաբիանը, Շառլ Ազնավուրը, ամերիկյան ջազ երաժիշտ Մարկուս Միլլերը՝ «Երևան Ջազ Ֆեստ 2017» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում:
Մարզասրահը հյուրընկալել է աշխարհի հոկեյի առաջնությունը։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը պաշտպանել է IBO-ի վարկածով չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով Էվանս Մբամբային։
Համալիրում կայացել են «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը, «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը։
2022 թ. սեպտեմբերի 5-10-ն ընկած ժամանակահատվածում այստեղ տեղի է ունեցել «Սթարմուս 4» փառատոնը՝ «50 տարի Մարսի վրա» խորագրով։ Փառատոնի ընթացքում բեմին էին Սերժ Թանկյանը, «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյը, «Sons of Apollo» ռոք խումբը և նշանավոր այլ երաժիշտներ։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համազգային նվիրումի խորհրդանշան է, այն բանի ապացույցը, որ բնակչության բոլոր շերտերի միասնությունը կհաղթահարի ցանկացած փորձություն և կստեղծի մթնոլորտ, որտեղ բոլոր նպատակները ստորադասված կլինեն ազգային ու պետական շահերին:
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Comments