13.08.2023
Արդյո՞ք կանայք տեղ ունեն մեր միջավայրում աշխարհայացքի ու մտածողության վրա ազդող պատմական նարատիվներում:
Կարծրատիպերով լցված այդ նարատիվները ձևավորվել են, օրինակ, երբ պատմաբանները աղբյուրներում տեսել են ու տեսնում են, որ 1219 թ. Կիլիկյան Հայաստանի առաջին թագավոր Լևոն I Մեծագործի մահից հետո գահի իրավահաջորդը դուստր Զապելն էր, բայց որպես միանձնյա միապետ գրքերում, դասագրքերում ներկայացրել ու ներկայացնում են Հեթումին: Սակայն նույնիսկ, երբ 1226 թ. Զապելին բռնի, ստիպողաբար ամուսնացնում են իրենից գրեթե 3 տարով փոքր Հեթումի հետ, նա մնում է այդ պետության միապետը, որի պարզ, բացահայտ վկայությունը կից մետաղադրամն է: Այս դրամը միակն է Կիլիկիո դրամներից, որի վրա պատկերված է թագուհին: Այսինքն, Հեթումը պարզապես գահակից էր, այնպես, ինչպես Անգլիայի թագուհու ամուսինը, որը չէր դառնում թագավոր զուտ ամուսնանալով Էլիզաբեթի հետ:
Որքան էլ Զապելը չուներ իրական իշխանություն, Կիլիկիո վերնախավը պարտավոր էր պաշտպանել գահի իրավահաջորդությունը: Հեթումի անունով Հեթումյան դինաստիան իրենց գրքերում հորինել են հետագայում պատմաբանները' տուրք տալով տղամարդու դերը գերշեշտելուն:
Զապելի այս մոմենտը մասնավոր օրինակ է, որը միայն նրա կամ անցած պատմության մասին չէ, այլ նաև ինդիկատոր հասարակության հանդեպ ներկա վերաբերմունքի մասին: Թեման իհարկե լայն է ու պետք է քննարկել:
Սկսենք Լևոն I Մեծագործից (որպես իշխան՝ II - 1187-1198, որպես առաջին թագավոր՝ 1198-1219), որի կինը Կիպրոսի թագավոր Ամորի Լուզինյանի և Երուսաղեմի թագուհի Իզաբելլա I-ի դուստր Սիբիլլա Կիպրացին էր։
Լուզինյան քաղաքը մինչև այժմ գտնվում է Ֆրանսիայում և Լուզինյանները որպես խաչակիրներ Արևելք եկել էին հենց այդ քաղաքից։ Լևոնի ու Սիբիլլայի դուստրը հայտնի Զապելն էր, որը հետագայում դառնում է Կիլիկիո գահի իրավահաջորդ և հայոց թագուհի։ Նկատեք, որ Զապելին անվանում են մորական տատիկի անունով։
Ասեմ, որ Հեթումը, ում հետ ստիպողաբար ամուսնացնում են Զապելին, պարզապես դառնում է գահակից, սակայն իրավական առումով՝ ոչ Կիլիկիո միապետ։ Նշեմ, որ ամուսնության պահին Զապելը 14-15 էր, իսկ Հեթումը նրանից փոքր էր՝ 11-12 տարեկան էր։ Ավելին, նրանց որդին՝ ապագա- թագավոր Լևոնը նախ անվանվում է մորական պապու անունով և նաև աղբյուրներում հիշվում է որպես Ռուբինյան։ Ամենայն հարգանքով Հեթում թագավորի հանդեպ, իրապես Հեթումյան արքայատոհմը հետագա դարերին տարբեր պատմաբանների կողմից հորինված պարզագույն ֆիկցիա է։
Զապելի ու Հեթումի որդին՝ Լևոնը ծնվում է իր հոր ու մոր ամուսնությունից 10 տարի անց՝ 1236 թվին։ Նրա կինը Կեռան թագուհին էր, որը Կիլիկիո հայկական ազնվականական ընտանիքից էր։
Լևոնն ու Կեռանը ունեցան բազմաթիվ զավակներ, որոնցից շատերի կյանքը ողբերգական ավարտ է ունենում։ Նրանց զավակներից Օշինը (1308-1320) դառնում է Կիլիկիո թագավոր։ Օշինը ամուսնանում է Սիցիլիայի Նեապոլիտանական թագավորության թագավոր Ռոբերտ Անժուացու կամ Նեապոլիտանացու եղբայր՝ Տարանտոյի իշխան Ֆիլիպի դուստր Ժաննա Տարանտացու հետ, որին նաև անվանում են Ժաննա-Իրեն:
Օշինի հաջորդը՝ Լևոն IV (1320-1341)-ը երկրորդ անգամ ամուսնանում է Սիցիլիայի մեկ այլ թագավորության թագավոր Ֆրեդերիկ III-ի դուստր Կոնստանս Սիցիլացու հետ։
Այս մետաղադրամը միակն է եղել Կիլիկյան Հայաստանում, որի վրա պատկերված է նաև կինը՝ թագուհի Զապելը իր գահակցի՝ Հեթումի հետ, այն պարզ պատճառով, որ գահի իրավահաջորդ միապետը հենց Զապել թագուհին էր։
Զոհրաբ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Comments