top of page

Ինչպես հաղթահարել սարսափելի շոգը

27.06.2021

Հունիսի համար ռեկորդային շոգը կարող է բացասաբար անդրադառնալ հատկապես սրտի խնդիր ունեցողների առողջական վիճակի վրա։ Բարդությունների ռիսկը նվազեցնելու համար հարկավոր է մի շարք կանոնների հետևել։


«Աստղիկ» բժշկական կենտրոնի սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, կարդիովիրաբույժ Մհեր Սուսանին նշեց, որ ինքնազգացողության վատթարացման առաջին իսկ նշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:

Նույնիսկ առաջին հայացքից անլուրջ ախտանիշների հետևում կարող է ինչ-որ գործընթաց թաքնված լինել, որն ավելի հեշտ է կանխել սկզբում:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում բարձր ջերմային ֆոն է հաստատվելու՝ պայմանավորված արաբական անապատներից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր որ Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում, ինչպես նաև Երևանում կարձանագրվի հայկական օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը: Եղանակն այսպիսին կլինի մինչև հունիսի վերջ:

«Կարևոր է պահպանել կանոնները, հետևել առողջապահության նախարարության ցուցումներին։ Հատկապես խուսափել ժամը 13:00-16:00-ը փողոցում գտնվելուց»,-ասաց Սուսանին:

Կարդիովիրաբույժը նշեց նաև, որ ի հեճուկս տարածված կարծիքի՝ սրտանոթային հիվանդությունները չեն «երիտասարդացել», պարզապես մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել հետազոտվելու համար, բարձրացել է ախտորոշման մակարդակը:


Ինչպես պարզաբանեց բժիշկը, Հայաստանում սրտանոթային համակարգի ամենատարածված հիվանդությունը սրտի իշեմիկ հիվանդությունն է։ Երկրորդ տեղում են սրտի փականի աշխատանքի հետ կապված հիվանդությունները

Կարդիովիրաբույժը նշեց, որ սրտի իշեմիկ հիվանդության պատճառ են դառնում սխալ կենսակերպը, ծխելը, գենետիկ նախահակվածությունը, յուղոտ սննդի օգտագործումը, շաքարային դիաբետը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը։


Սուսանին ընդգծել է, որ Հայաստանում մինչև 50 տարեկան տղամարդկանց մոտ 10 տոկոսը սրտի իշեմիկ հիվանդություն ունի, կանանց մոտ այդ ցուցանիշն ավելի բարձր է: Միայն իրենց բժշկական կենտրոնում Սուսանիի ղեկավարությամբ այդ տարիքային խմբի հիվանդների շրջանում տարեկան մոտ 100 վիրահատություն է կատարվում։


Նշենք, որ Հայաստանում մահվան դեպքերի ավելի քան 50 տոկոսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդությունների հետևանքով առաջացած բարդություններին։ Զարկերակային հիպերտենզիա ախտորոշվել է երկրի 18 տարեկանից բարձր բնակչության 42%-ի մոտ։


Ավելի վաղ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը հուշագիր էր հրապարակել՝ հիշեցնելով մի շարք կանոնների մասին, որոնք ցանկալի է պահպանել բարձր ջերմային ֆոնի պարագայում: Մասնավորապես, քաղաքացիներին կոչ են անում ժամը 11:00-ից մինչև 17:00-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ավելի հաճախ լվանալ ձեռքերը և կրել բամբակյա կամ այլ «շնչող» գործվածքներից կարված հագուստ:


ՍՊՈՒՏԻԿ ԱՐՄԵՆԻԱ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page