top of page

Ինչպես մի գործակալ իր «Արցախն Ադրբեջան է» բանավոր հայտարարությամբ բացեց ջարդերի ճանապարհը

Արցախի վերջնական կործանումը շատ մոտ է



07.09.2023



Իրավիճակը մոտ է հանգուցալուծման, ինչի վկայությունը երեք ուղղություններով թեժացվող քարոզչական ալիքն է․ 1․ հայ-ռուսական «փոխադարձ դեմարշներ» ու մեղադրանքներ՝ տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալ-չհեռանալու շուրջ լեզվակռվով, 2․ Բաքվի ռազմական կուտակումներ՝ մոտալուտ պատերազմի կանխատեսումներով, 3․ Իշխանափոխություն Հայաստանում։

Բերձորի միջանցքի շուրջ Փաշինյանի ու նրա ենթակա Ալիեւի կեղտոտ խաղերը հանգեցրել են նրան, որ միջանցքի կամավոր բացման այլընտրանքը կամ գրոհն է Գորիսի կողմից, կամ կոտորածները Բաքվից՝ Արցախ կամ ՀՀ այլ շրջաններ ներխուժմամբ։ Սոթքի շրջանում ռազմական գործողությունները եւ Բաքվի կուտակումները դրա վկայությունն են։ Բերձորի միջանցքի հարցը առաջիկա զարգացումների հիմքն է՝ Արցախի «վերաինտեգրումը» ազերբայդժանին, ՀՀ այլ շրջանների օտարումը միջանցքներով, որոնք վերահսկվելու են օտար ռազմական ուժերով։

Այս խնդիրների շուրջ արտաքին կոնսենսուսն ակնհայտ է, ընդ որում՝ «Ռուսաստան-Արեւմուտք մրցակցությունը» ավելի շուտ այդ կոնսենսուսի վկայություն է․ կարգավորման առաջարկների բովանդակությունն ու իրագործման մեխանիզմները նույնն են, ինչը նշանակում է, որ կա համապատասխան դերաբաշխում, եւ սեւ գործը գետնի վրա իրականացնում է Ռուսաստանը Փաշինյանի բարձր առաջնորդությամբ, ինչի էությունը հայկական իրավունքների ուրացումն է։

Փաշինյանի բառախաղերն ու Երեւանի «հակառուսական հայտարարությունները» չպետք է մոլորեցնեն։ Պետք է հետեւել Փաշինյանի «պասերով» Բաքվի հայտարարություններին, որոնցում հստակ արտացոլված են իրողությունները։ Դա էլ Փաշինյան-Ալիեւ սիներգետիկ դերաբաշխումն է։ Հայաստանի «վերակողմնորոշման» խնդիր չկա, Փաշինյանը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը (Հայաստանը չի կարողանում օգտվել ո՛չ պրոռուսականության առավելություններից, ոչ էլ պրոարևմտականության հնարավոր առավելություններից կամ օգուտներից- Փաշինյան): Պատահական չէ, որ վճռորոշ զարգացումներից առաջ Ռուսաստանը, Եվրամիությունը եւ ԱՄՆ գործում են Փաշինյանի՝ Արցախը ազերբայդժանի մաս ճանաչելու պատրաստակամության վերաբերյալ բանավոր հայտարարության «դրոշի» տակ։

Փաշինյանն այդ հայտարարությամբ փորձել է «հեշտացնել» Հայաստանի վերացման ծրագրերը եւ արտաքին կոնսենսուսի մասնակիցներին ազատել իրավական ու քաղաքական կաշկանդող հանգամանքներից։ Այլապես, ինչով էր Ռուսաստանը բացատրելու եռակողմ հայտարարությամբ իր պարտավորություններից հրաժարվելը, կամ ԱՄՆ եւ Եվրոպան ինչպես էին բացատրելու միջազգային հիմնարար սկզբունքներից ու իրենց արժեհամակարգից հրաժարվելը։

Մյուս կողմից, այդ հայտարարությունն ավելի է խորացրել իրավիճակը, քանի որ նույնիսկ եռակողմ հայտարարության եւ Ալմաթիի 1991-ի հռչակագրով առնվազն Արցախը եւ Բերձորի միջանցքը ազերբայդժան չեն։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում այն պատճառով, որ այդ դեպքում առաջանում են այլ, ավելի բարդ խնդիրներ, մասնավորապես կապված Հայաստանի սահմանների կոնֆիգուրացիայի հետ, ինչն արդեն պետք է լուծվի հանրաքվեով։

Ամենուր հայկական իրավունքներ են, փաստաթղթավորված եւ միջազգային բանաձեւերով ամրագրված, եւ ինչպես էլ փորձում են Հայաստանի վերացման ծրագրերի համակարգող նշանակված Փաշինյանն ու կոնսենսուսի մասնակիցները շրջանցել դրանք՝ չի ստացվում։ Մի կողմից, զավեշտալի պատկեր է ստացվում, թե ինչպես են «մի հիմարի գլորած քարը փորձում հանել 100 իմաստուն», բայց իրավիճակն առավել քան լուրջ է, եւ հանգուցալուծման ռազմական տարբերակն ու ջարդերը առավել քան հնարավոր ելք են դիտվում։

Այդպես է լինում, երբ տվյալ երկիրն ու հանրությունն իր քաղաքական ու հոգեւոր վերնախավերով հրաժարվում են իրավունքներից ու սուբյեկտային դերակատարումից։

コメント


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page