top of page

Որտեղ են թաղված Սարդարապատի ճակատամարտում ընկած հերոսները

28.05.2023

Հայաստանցիներն առ այսօր չգիտեն վայրը, որտեղ կարող են այցելել, գլուխ խոնարհել Սարդարապատում ընկած մարտիկների հիշատակի առաջ: Մինչդեռ արխիվային վավերագրերը տալիս են դրա պատասխանը:


Պատմաբան Հարություն Թուրշյանը ուսումնասիրություն է կատարել եւ հստակեցրել այդ վայրերը: Այդ մասին տպագրվել է «Պատմա-բանասիրական հանդես» ամսագրում (1978թ., 2-րդ համար).


«Մեծ էր Սարդարապատի տակ ընկածների թիվը։ Զոհված աշխարհազորայիններից շատերը թաղվեցին իրենց գյուղերում, դրսեցիներից զոհվածներին թաղեցին Գայանեի վանքի բակում (Խենթի գերեզմանի կողքին՝ եղբայրական գերեզմանի մեջ), բնիկ երեւանցիներին բերեցին Երեւան եւ թաղեցին ներկայիս Կոմիտասի անվան այգում»։


Գրող Դերենիկ Դեմիրճյանը, ով Թիֆլիսում էր բնակվում, այդ օրերին գործի բերումով եկել էր Երեւան եւ ակամա ականատեսն ու մասնակիցն էր դարձել մեր ժողովրդի հերոսական պայքարի:


Սարդարապատում զոհված հերոսների մի մասի հուղարկավորությունը տեղի ունեցավ հունիսյան մի օր, քաղաքի Մլեր գերեզմանատանը (ներկայիս Կոմիտասի անվան այգու տարածքում): Նրանք թաղվեցին մի վայրում` եղբայրական գերեզմանում, եւ հանգան նույն շիրմաթմբի տակ: Հավաքվել էր մեծ բազմություն:


Շատերը հրաժեշտի ու գնահատանքի խոսքեր էին հնչեցնում: Եվ, ահա, հենց այդ պահին թափորի միջից դուրս է գալիս Դեմիրճյանը, մոտենում է թարմ շիրիմներին, գրպանից դուրս է բերում մի թուղթ եւ հուզված ձայնով սկսում է ընթերցել:


Դա Սարդարապատի հերոսներին նվիրված առաջին բանաստեղծությունն էր:


Այսօր, այս վեհ ուրախության եւ խոր սուգի հանդեսին,

Ո՜վ մարմարե նահատակներ, կանգնած ձեզ հետ միասին,

Ո՜վ խնկելի Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան,

Խոսեցնում եք իմ բերան։

Սակայն ինչպե՞ս խոսեմ ձեզ հետ` ցավի դողը իմ շուրթիս,

Ի՜մ, ապրողիս խղճի խայթով՝ մեռածներիդ հանդիման,

Ինչպե՞ս հնչեմ ձեր անունը՝ ամոթանքը ճակատիս,

Գովեմ ձեր բառն աննման։

Բայց եւ ինչպե՜ս լռեմ հիմա, ինչպե՜ս լռե իմ բերան՝

Վերհիշելով Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան.

Դուք գնացիք, սակայն ինչպե՞ս իմ լուռ հոգին այսուհետ

Չխոսի ձեր շուքի հետ:

Ահա տեսնում եմ ձեզ մահատեսիլ, խստադեմ,

Երբ որ մահը մեռցնելու դուք գնացիք մահի դեմ,

Եվ դուք գտաք ձեր պտրածը-ձեզ համար՝ մա՛հ չարաթույն,

Հայրենիքին փրկությո՛ւն։

Եվ այլ ինչ բան պիտի սազեր հերոսական ձեր սրտին,

Բուն այդ կատակն օրհասական հանդեպ մահվան գոռ աստին.

Ո՞վ ավելի արհամարհեց, տեսավ մահը չըմեռած,

Եվ մեռնելիս չըդողաց։

Ահա, այս վեհ ռազմադաշտում, որտեղ լսվեց մի մեծ օր

Ձեր ռազմական խրոխտ գոչը, վերջին գոչը փրկության՝

Մենք երկու տոն ունենք այսօր-մեկ ձեր տոնը «սգավոր,

Մեկ մեր սուգը խնդության»:

Ահա ուժգին որոտում է ժողովուրդը ամբոխված,

Ձեր խնկելի շուքերի հետ, ռազմադաշտում Հայրենի.

Ահա՛ կարմիր դրոշակներ՝ ձեր արյունով կարմրած

Եվ արյունով բյուրերի։

Դուք հաղթեցիք, ով ընկածներ, մահվամբ զմահ կոխեցիք։

Դուք հաղթեցի՜ք եւ չըթողիք ոչինչ էլի հաղթելու.

Մկրտվեցիք դուք մահի մեջ, մահվամբ դառաք գեղեցիկ,

Ձեզ փա՜ռք հավետ, ալելո՜ւ:

Comentários


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page