28.06.2023
1970 թվականին Երեւանում արտառոց և սենսացիոն իրադարձություն էր արձանագրվել՝ Կենդանաբանական այգուց փախել էր Վովա անունով փիղը: Նա դուրս էր եկել այգու տարածքից, իջել Մյասնիկյան փողոցով և համարյա թե հասել փողոցի սկիզբում գտնվող կամրջին: Այդ փաստի ականատեսները շատ են եղել, բազմաթիվ երևանցիներ էին ցանկանում սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է փիղը քայլում փողոցում և, վերջիվերջո, թե ինչո՞վ են ավարտվելու իշխանությունների՝ փղին գազանանոց վերադարձնելու ջանքերը:
Լուսանկարիչ Հերբերտ Բաղդասարյանն, ով փղի փախուստի լուրին սկզբում չի հավատացել՝ մտածելով, որ կատակ է, պատմում է. «Այնքան շատ մարդ էր քայլում փղի ետևից, կողքերից և առջեւից, որ նույնիսկ պատկերացնելն է դժվար: Փղի ետևից քայլող մարդիկ երեք մետր էին համարձակվում մոտենալ Վովային, իսկ առջևի մարդիկ՝ 20 մետր:
Կատաղած փիղն աջ ու ձախ էր թեքում գլուխը, և մարդիկ կայծակնային արագությամբ ետ էին վազում, ազատում փղի դիմացի տարածությունը: Փողոցում սարի նման մի հատված կա, մարդիկ հասցնում էին մագլցել այդ սարը, թեև մինչեւ հիմա էլ չեմ կարող հասկանալ՝ ինչպե՞ս էր դա նրանց հաջողվում, այդ սարն անկարելի էր բարձրանալ»: Վովան անկառավարելի էր, մեքենաներ էր շրջում, ժանիքներով տրոլեյբուսներ ճեղքում, անընդհատ մարդկանց վնասելու վտանգ կար: Ամբոխից և անսովոր ազատությունից խենթացած հսկա կենդանուն պետք էր Կենդանաբանական այգի վերադարձնել: Բայց ինչպե՞ս: Փողոցում զինվորների խումբ էր տեղակայվել և «ԲՏՌ» էր բերվել: «Սկզբում փորձում էին «ԲՏՌ»-ով հրել փղին, բայց ոչինչ չէր ստացվում: Վովան մեր հիմիկվա փղի նման չէր, իսկական հսկա էր: «ԲՏՌ»-ով հրելով` նրան կարողացան այգու դարպասների մոտ բերել, բայց ոչ մի կերպ չէր ստացվում այգու տարածք վերադարձնել»,- պատմում է Հերբերտ Բաղդասարյանը: Քնաբեր հեղուկով փամփուշտներ չկային, և որոշում է ընդունվում ոչնչացնել փղին: Կրկակահերթ է արձակվում, բայց վիրավոր փիղը չի դադարում վտանգավոր լինել և ոչ մի կերպ չի ցանկանում մահանալ…
Նա այս ու այն կողմ է վազում, թեև փամփուշտներից մեկն ուղիղ գլխին էր դիպչել: Վովային շրջափակում են և պատին սեղմում, որից հետո «ԲՏՌ»-ը քշում են ուղիղ նրա վրա… Տեսարանը դաժան էր: Հ. Բաղդասարյանը հիշում է, որ նույնիսկ «ԲՏՌ»-ի ճնշման տակ Վովան դեռ մի քանի ժամ ապրել է. «Նայում էին ու տեսնում, որ դեռ շնչում է, այդպիսի հսկային սպանելը հեշտ չէր»: Վովայի արյունոտված դիակը, միևնույն է, Կենդանաբանական այգի վերադարձվեց և այլ կենդանիների համար սնունդ դարձավ:
Վովա փղի մասին երեւանցիները մինչ օրս հիշում են և լեգենդներ են հորինում, թե ինչու էր Վովան բարկացել և փողոց դուրս եկել: Իսկ Վովայի անձնական վարժեցնող Իվանն այդ դաժան պատահարից հետո չլքեց Հայաստանը և շարունակեց աշխատել Կենդանաբանական այգում:
Սոցիալիստական երկրին ոչ հարիր այս պատմությունը հետաքրքիր շարունակություն ունեցավ: Թեև շատ հայ լուսանկարիչներ լուսանկարել էին Վովայի կյանքի վերջին ժամերը, միևնույն է, հաջորդ օրը կենտրոնական թերթերը գրեցին, որ Երևանի Կենդանաբանական այգուց փախած փղին հաջողվել է ետ վերադարձնել, և նա այժմ իր տեղում է գտնվում: «Մոսկվայից մեզ զանգահարում էին ու ուզում էին փղի վերադարձի մասին լուսանկարներ ստանալ,- պատմում է Հերբերտ Բաղդասարյանը: -Մենք ասում էինք, որ փիղը սպանվել է, սակայն վերադարձի մասին լուրը չհերքվեց, քանի որ փաստն արդեն տպագրվել էր սովետական կենտրոնական մամուլում: Հետո արդեն Վովայի վախճանի մասին գրեցին արտասահմանյան թերթերը»: