Ինչպե՞ս են դիմագրավում կորոնավիրուսին այլոք. Գերմանիայի հետաքրքիր փորձը



Համաճարակի տարածման շուրջ հանրային ու մեդիա լիովին հասկանալի ալեկոծությունների այս ֆոնին որոշ դիտարկումներ այլ երկրներից թերեւս կարող են օգտակար լինել հանրային տրամադրությունների եւ գործելակերպի առումով: Ստորեւ՝ համառոտ տնտեսական հսկա եւ առողջապահական դրախտ համարվող Գերմանիայում առկա իրավիճակի մասին:


Մի քանի շաբաթը բավական եղավ ականատես լինելու, որ այս համաճարակը հավասարաչափ անակնկալի բերեց զարգացման տարբեր աստիճաններ ունեցող երկրներին ու դրանց հասարակություններին: Ոչ մի երկիր պատրաստ չէր նման արագությամբ տարածվող համաճարակ դիմագրավելու, կանգնեցնելու, եւ այս պահի գլխավոր անելիքը դարձել է վարակի տարածման արագությունը կառավարելը:


Առողջապահական դրախտ համարվող Գերմանիայի ղեկավարությունը սառնասիրտ ու գործնական բացատրում է իր բնակչությանը, որ դարակներում պահած համապարփակ «մաստեր պլան» կոնկրետ այս դեպքի համար չկա, եւ անելիքների մասին որոշումները կայացվում են իրավիճակի ամենօրյա փոփոխման տրամաբանությամբ եւ ռիթմով: Երաշխիք, որ ձեռնարկված միջոցառումները ցանկալի արդյունքը կապահովեն՝ եւս չկա:


Կանցլերն անձամբ հայտարարեց, որ պետք է պատրաստ լինել շատ հավանական իրողությանը, որ բնակչության մինչեւ 70%-ը կարող է վարակվել: Առողջապահության նախարարը եւ համաճարակաբանները պարզաբանում են, որ ըստ այս պահի վիճակագրական դինամիկայի՝ պետք է նաեւ համակերպվել, որ ծանր ընթացքով դեպքերի համապատասխան տոկոսը մահվան ելքով է ավարտվելու:


Կառավարությունը բացատրում է, որ իր ձեռնարկած եւ ձեռնարկելիք միջոցառումներն ուղղված են ընդամենը վարակի տարածման արագությունը զսպելուն, տարածումը կասեցնել հնարավոր չէ: Այսինքն, գլխավոր մարտահրավերն այն է, որ իքս ժամկետում անխուսափելի բուժական օգնություն ստանալու ենթակա մարդկանց թիվը չգերազանցի բուժհաստատությունների եւ բուժանձնակազմի հնարավորությունները: Միջոցառումների մյուս խումբն անխուսափելի տնտեսական անկումը հնարավորինս մեղմելուն է ուղղվելու, ինչի մասին դեռ քննարկումներ են ընթանում:


Կառավարությունը չի խուսափում ասել, որ համաճարակի եւ դրա ստեղծած հարակից դժվարությունների մասին բոլոր հարցերի պատասխաններն այս պահին չունի եւ կարեւորում է ինֆորմացիոն թափանցիկությունը նաեւ այդ մասով:


Այսպես. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում առկա է 500 000 հիվանդանոցային մահճակալ (Գերմանիայի բնակչությունը կազմում է 82 մլն): Դրանցից 28 000-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, որոնք ընդամենը 25 000 արհեստական շնչառության ապարատ ունեն: Դրանից 80%-ը սակայն միջին ծանրաբեռնվածության ընթացիկ բուժսպասարկման դեպքում զբաղված է լինում այլ հիվանդությունների պատճառով: Բացի այդ, արհեստական շնչառության սարքերը հավասարապես չեն բաշխված բոլոր կլինիկաներում: Կառավարությունը օրերս մեծ պատվեր է տվել արհեստական շնչառության ապարատներ արտադրող գերմանական ընկերությանը, սակայն տեղեկացնում է, որ պատվերը տեխնիկապես հնարավոր կլինի կատարել եւ առաքել ամբողջ տարվա կտրվածքով եւ ոչ թե հիմա, շուտափույթ:


Հիշեցում՝ ըստ վիճակագրության, կորոնավիրուսով վարակվածների մոտ 5% արհեստական շնչառության անհրաժեշտություն է ունենում եւ տեխնիկական հագեցվածության սղությունն է, որ, օրինակ, Իտալիայում (ինչպես այնտեղի բժիշկներն են հայտնում) մահվան ելքով դեպքերը այդքան մեծ թիվ են կազմում:


Մինչ վիրուսի բռնկումը ԳԴՀ-ում արդեն իսկ առկա էր խնամող բուժական անձնակազմի 17 000 թափուր տեղ, որից 4000–ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Մեծ մտահոգություն է այն, որ առկա անձնակազմի անգամ նվազագույն տոկոսի վարակվելու դեպքում բուժսպասարկումը կոլապսի առաջ կկանգնի: Որպես ելք քննարկվում է բուժական ոլորտի ուսանողներին կամավորության հիմքով ինտենսիվ թերապիայի մասով արագ վերապատրաստելու եւ ներգրավելու տարբերակը:


ԳԴՀ սահմաններին հսկողությունը սկսվում է այսօրվանից, մանկապարտեզները, դպրոցներն ու բուհերը համատարած կփակվեն մարտի 18-ից: Այս իրավիճակում կարեւորագույն մասնագիտությունների տեր ծնողների երեխաների համար՝ բժիշկներ, ոստիկանություն եւ այլք, ամեն բնակավայրում կգործի երեխաների խնամքի հերթապահ կենտրոն: Կազմակերպչական առումով սակայն այս ամենը դեռ բազում անհստակություններ ունի, որոնք պատկան մարմինները խոստանում են արագ կարգավորել:


Ինչպես այլ երկրներում, այնպես էլ Գերմանիայում կան դժգոհություններ կառավարության հակաճգնաժամային կառավարումից, ինչը համապատասխանաբար արտացոլվում է մամուլում: Սակայն, ի տարբերություն շատ այլ երկրների, եւ այդ շարքում նաեւ Հայաստանի, հասարակության դժգոհությունն այս դեպքում խարսխված է հանրային այն համընդհանուր կոնսենսուսի վրա, որ սա մի ճգնաժամ է, որը հաղթահարելու ձեռնարկ-ուղեցույցը միայն… ճգնաժամի ավարտից հետո կարելի է ունենալ: Մինչ այդ պետք է համակերպվել իրողությանը, որ հակաճգնաժամային բոլոր միջոցառումները մեծ հաշվով էքսպերիմենտալ բաղադրիչ ունեն, դրանից բխող լավ կամ վատ հետեւանքներով:


Գերմանական հասարակության հաղթաթուղթը գլխավորի վրա կենտրոնանալու կարողությունն է: Այստեղ արդեն ձեռքները թափահարում են պաշտպանիչ դիմակ գնելու հնարավորության բացակայության համար եւ կարեւորում բուժանձնակազմի դիմակներով ապահովվածությունը: Նույնը՝ հակամանրէային օճառների եւ այլ ախտահանիչ նյութերի սղությունը, տեղ-տեղ իսպառ բացակայությունը: Դրան պատասխանն այն է, որ ուրեմն սովորական օճառով եւ ավելի երկար պետք է լվացվել: Այստեղ չեն վրդովվում, թե ինչու հանրային տրանսպորտը չի ախտահանվում, քանի որ նման մասշտաբի միջոցառման համար անհրաժեշտ մարդկային, լոգիստիկ եւ այլ ներդրումների ու դրա արդյունավետության աստիճանի հարաբերակցությունն այնքան էլ պարզ չէ:


Վիճակագրությունը, որ վիրուսակիրների 80%-ի մոտ հիվանդությունը առանց բարդությունների ընթացք է ունենում, գերմանացիների լավատեսության առանցքն է կազմում: Հասարակությունը կետրոնացել է առանց խուճապի, անկախ օրական բազմապատկվող վարակակիրների քանակից՝ հակաճգնաժամային այս էքսպերիմենտալ պայքարում իրեն բաժին ընկած անհատական առաջադրանքը կատարելու վրա՝ սոցիալական շփումները առավելագույնս սահմանափակել, հետեւողական պահպանել հիգիենայի կանոնները, անհարկի չխցանել բուժական հիմնարկները եւ դրանց արագ արձագանքման հեռախոսակապը, ըմբռնումով եւ հավասարակշիռ վերաբերվել բոլոր առկա սահմանափակումներին:


Եւս մեկ հանգամանք: Այստեղ քաղաքական ուժերի կամ լրատվամիջոցների մտքով չի անցնում այս իրավիճակից օգտվելով՝ կառավարող ուժի դեմ քաղաքական տարաբնույթ արշավներ ու մանիպուլյացիաներ կազմակերպել իրենց՝ ճգնաժամի հետ կապ չունեցող քաղաքական օրակարգերը առաջ մղելու համար: Եւ սա այն դեպքում, երբ 2021 թ. Բունդեսթագի ընտրություններն են եւ դա անելու գայթակղությունը պետք է որ մեծ լիներ: Ընտրությունների ժամանակ այս թեման անշուշտ կօգտագործվի, բայց բոլորին է հասկանալի, որ հիմա նման ցանկացած դրսեւորում իրենց իմիջի բարոյականության բաղկացուցիչը պարզապես կզրոյացնի:


Եւ վերջում. համաճարակը մեզ ակնհայտորեն դեռ երկար է ուղեկցելու, եւ լավ կլինի, որ այդ ընթացքում հիգիենայի կանոններին հետեւելու, սոցիալական անհատական պատասխանատվության վարքի մեկընդմիշտ բարելավմանը զուգահեռ բարելավենք նաեւ հանրային վերբալ հաղորդակցության «հիգիենան»:


Կորոնավիրուսի շուրջ Հայաստանում ծավալված քննարկումները լրացուցիչ անգամ ի ցույց դրեցին հանրային խոսքում տիրող անտանելի «հակասանիտարական» վիճակը …


Իրինա Ղուլինյան-Գերց, Բեռլին


Lragir

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան