15.05.2020, ԵՐԵՎԱՆ
Հանրային սննդի փակ տարածքներով հաստատությունների գործունեությունը մայիսի 18-ից վերսկսվելու է: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր հարվիրած ասուլիսում ներկայացրեց այն կանոնները, որոնք պետք է ապահովեն այս հաստատությունները:
«Հանրային սննդի օբյեկտներում մուտքից առաջ պետք է անպայման բոլորը ջերամաչափվեն: Ում ջերմությունը բարձր լինի, հրանահանգված է կանոնների համաձայն սպասարկում չիրականացնել: Այն մարդիկ, որոնք բացահայտ ունենում են ախտանշանները՝ ջերմություն, հարբուխ, հազ, չեն սպասարկվելու առաջին հերթին, այսինքն՝ չի թույլատրվելու նրանց մուտքը հանրային սննդի օբյեկտներ, միաժամանակ, վերջիններիս վերաբերյալ անհրաժեշտ է տեղեկություն հաղորդել Առողջապահությն նախարարության թեժ գծերին: Այս միջոցառումները ուղղված են համավարակի տարածումը կանխելուն և ռիսկերը նվազեցնելուն»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ տնտեսվարողներին կոչ են անում՝ քանի դեռ չեն ապահովել այս պայմանները, չվերսկսել աշխատանքը: Պարետի որոշմամբ սահմանված է, որ այս կանոնները ամբողջական ու լիարժեք պետք է պահպանվեն:
Կանոնների մասնակի կիրառումը կհամարվի աշխատանքի թերի կազմակերպում, և դա հիմք է, որպեսզի տնտեսվարողի գործունեությունը սահմանափակվի: Հանրային սննդի օբյեկտներում արգելվելու է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև նարգիլեի օգտագործումը: Հանրային սննդի օբյեկտներում նշանակվելու է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, որը հսկողության սահմանման նպատակով իրականացնելու է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները:
Առևտրի իրականացման վայրերի, մոլերի աշխատանքի կազմակերպման համար ևս հստակ կանոններ են սահմանված: Արգելվում է հաճախորդների մուտքը տարածք՝ առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների: Նաև անհրաժեշտ է բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում պետք է ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը: Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը պետք է սպասարկվեն միայն կենսաթոշակային տարիքի անձինք: