22.06.2023
Նոր Հայաստանի վարչապետը, փայլուն ինքնադրսևորվելով որպես գերագույն հրամանատար, աստվածաբան և քաղաքական գործիչ, այժմ նոր ոլորտներ է ներխուժում՝ պատմա-փիլիսոփայական և քաղաքակրթությունների տեսության:
Անշուշտ, այստեղ էլ նրան մեծ հաջողություններ են սպասում, ինչպեսև ռազմի դաշտում 44-օրյա պատերազմի ժամանակ, այլ հարց է, թե ինչի կվերածվի վարչապետի հաջողությունը հայ ժողովրդի համար:
Այսպես, խոսելով ՀՀ զինանշանի «հակահայկականությունից», ժողվարչապետ փաշինյան նիկոլն ասաց. «Դա մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի: Հարցը հետևյալն է. իրական Հայաստանը պետք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը՝ իրական Հայաստանին: Սա է այն քաղաքական և դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պետք է տանք»:
Իհարկե, լավ կլինի, եթե վարչապետը ոչ մի հարցի պատասխան չտա, քանզի դրա տված պատասխաններն ու նրանցից բխող գործողությունները կործանարար են Հայաստանի համար: Ասածն այն է, որ պետք է ապրել ներկայով ու ապագայով և ազատվել պատմական կաղապարներից:
Բայց մյուս կողմից սա ասում է, որ պատմությունը պետք է ծառայեցնենք ներկային և ապագային, սակայն սա այդ ծառայեցնելը պատկերացնում է այլասերված, նենգափոխված, սրա միտքն այն է, որ անհրաժեշտ է Ցեղասպանության և այլ՝ հարևանների հետ խնդիրներ առաջացնող հարցերի թարգը տալ: Եվ օրը կգա, վարչապետը կասի. Ժողովուրդ ջան, կամ մոռանում ենք Ցեղասպանությունը և բարեկամություն անում թուրքերի հետ՝ պոմիդորը գնելով 50 դրամով, կամ չենք մոռանում Ցեղասպանությունը և պոմիդորը գնում ենք 500 դրամով:
Սա կկարողանա հանրությանն ապացուցել, որ Ցեղասպանությունը բեռ ու խոչընդոտ է մեր զարգացման համար: Եվ անշուշտ, դա սրա մոտ կստացվի:
Մի խոսքով, ժողվարչապետը, հայտարարելով, որ պատմությունը պետք է ծառայի ներկային, նկատի ունի պատմությունից և պատմական դիվիդենդներից հրաժարվելու անհրաժեշտությունը, որոնք նյարդայնացնում են մեր հարևաններին, քանզի այն խոչընդոտում է զարգացմանը և նպաստում բանջարեղենի թանկացմանը: Սա հակազգային մոտեցում է:
Պատմությունը, իհարկե, պետք է ծառայի ներկային և ապագային, բայց այլ եղանակով: Օրինակի համար վերցնենք Լևոն Տեր-Պետրոսյանի աներանց գեղը՝ Իսրայելը:
Նախ, պետք է ընդունել, որ եթե չլիներ հրեաների ցեղասպանությունը, այդ պետությունը չէր ստեղծվի 1949 թվականին: Գուցե ստեղծվեր 1970-ականներին, երբ Բրիտանիայից անջատվեցին Արաբական Էմիրությունները, բայց միանշանակ պետք է ասել՝ Համաշխարհային պատերազմի արդյունքում նման պետություն չէր գոյանա քարտեզի վրա: Իսրայելի ստեղծումն այն գինն էր, որ միջազգային հանրությունը վճարեց հրեաներին ցեղասպանության դիմաց:
Եթե անհայրենիքները չզավթեին իշխանությունը Հայաստանում գոնե ևս 10 տարի և Հայոց Ցեղասպանության ճանաչումը անշրջելի թափ հավաքեր աշխարհում, ապա երևան կգար հայերի փոխհատուցման հարցը Ցեղասպանության դիմաց, և քանի որ հայերն արդեն պետություն ունեին, ապա այդ փոխհատուցումը կլիներ Արցախի ճանաչումը: Այս մասին, բնականաբար, գիտեին թե Տեր-Պետրոսյան Լևոնը, թե համաշխարհային քաղաքականության կենտրոններում, դրա համար էլ բուծվեց Հայաստանում շատ արագ տեմպերով հանրույթ և բերվեց իշխանության, որը կամավոր հանձնեց Արցախը պայմանավորված պատերազմով, որից հետո նախաձեռնեց խաղաղության պայմանագրի գործընթաց՝ հարցը ընդմիշտ փակելու և Հայաստանը 1920-ի կարգավիճակին ու սահմաններին վերադարձնելու նպատակով:
Զարմանալի է, որ մեկը հարց չտվեց հանրությանը. այդ ինչո՞ւ եք գնում խաղաղության պայմանագրի, եթե պարտվելուց հետո դա պարտադիր պայման է, ինչո՞ւ Ադրբեջանին 1994-ին չպարտադրեցիք նման պայմանագիր, կամ ինչո՞ւ Ադրբեջանում անգամ ծպտուն չեղավ խաղաղության մասին Հայաստանի հետ պարտությունից հետո: Նշանակում է՝ խաղաղության պայմանագիրը Արցախի և այլ հայոց հողերի օտարման պրոցեսի անհրաժեշտ քայլն է, իսկ քանի որ Հայաստանի այժմյան էլիտայի քաղաքական նպատակը հենց դա է, ի տարբերություն ադրբեջանականի, ապա ամեն ինչ պարզ է դառնում:
Երկրորդ. խելոք օգտագործելով իրենց ազգային ողբերգությունը և ձեռք բերելով պետություն, հրեաները առաջին իսկ օրվանից վարեցին զուտ ազգային, հրեական քաղաքականություն: Ի՞նչ արեցին նրանք Երուսաղեմի գրավումից հետո: Անմիջապես հռչակեցին այդ քաղաքը Իսրայելի մայրաքաղաք, չստեղծեցին ինչ-որ Մինսկի խմբեր, բանակցություններ չվարեցին, թե ինչ են վերադարձնելու և երբ, ինչպես, ինչ պայմաններում և այլն: Ինչո՞ւ: Որովհետև Իսրայելի գլխին այն ժամանակ և առ այսօր կանգնած են իսկական հրեաներ, որոնք առաջնորդվում և շնչում են բացառապես ազգային, հրեական շահերով, այնինչ Հայաստանի առաջին իսկ ղեկավարությունը արդեն հայկական չէր, լինի դա իբր ազգայնական (հայրիկյանի տիպի), թե լիբերալ (Տեր-Պետրոսյանի թիմի կարգի):
Երրորդ. հայերը հսկայական առավելություն ունեին, ի տարբերություն հրեաների, որը նույնպես չօգտագործեցին: Բանն այն է, որ Պաղեստինում արաբները ավտոխտոն ժողովուրդ են, այսինքն, այդ հողի ծնունդ են և հրեաներին հավասար իրավունքներ ունեն դրա նկատմամբ (ի վերջո, հորեղբոր տղաներ են արաբները հրեաների հետ, չէ՞, նրանք առաջացան երկու ողբայրներից՝ Իսմաիլից ու Իսահակից), ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք ավտոխտոն չեն Արցախում՝ առաջին թյուրքերը հայտնվել են Ղարաբաղում առնվազն հայերից հազար տարի հետո: Նշանակում է՝ ադրբեջանցիք ոչ մի պատմական, բարոյական իրավունք չունեն Արցախին տիրանալու համար, ի տարբերություն արաբների և Պաղեստինի, սակայն իրականությունն այնպես դասավորվեց, շնորհիվ հայկական հակազգային իշխանությունների, որ ավտոխտոն հայերն այսօր կորցնում են Արցախը հօգուտ եկվոր ցեղերի: Իսկ ավտոխտոն արաբներն առ այսօր չեն կարող տիրանալ իրենց պետությանը իրենց հողի վրա՝ ՄԱԿ կողմից ստեղծված, քանի որ 1949 թվականից Իսրայելը ղեկավարում են հրեաները՝ առաջնորդվելով բացառապես և միմիայն ազգային հրեական շահերով:
Ամփոփենք: Պատմությունը մեծ քաղաքական ակտիվ է, հատկապես եթե այն պարունակում է ազգային ողբերգություններ: Նորմալ ազգային իշխանությունները միշտ դիվիդենդներ են քաղում պատմությունից, առավել խելոքները, հրեաների պես, մաքսիմալ դիվիդենդներ են քաղում իրենց պատմությունից: Թող էսօր մեկը փորձի ասել հրեաների հասցեին այն, ինչ ասում են ռուսների մասին, ասենք, բանդերականները պետական մակարդակով (ռուսներին պետք է սպանել աշխարհով մեկ, ռուսները տեղ չունեն Ուկրաինայում՝ ով որ իրեն ռուս է համարում, պետք է հեռանա, որքան շատ ռուս սպանենք մենք, այդքան քիչ սպանելու բան կմնա մեր երեխաներին և այլն, և այլն), և կտեսնենք, թե ինչ տիեզերական սկանդալ կսկսվի: Սա հրեաների շնորնքն է՝ ազգային ողբերգությանը տեր կանգնել և սեփական իրավունքները պաշտպանել ամեն գնով, և այդ շնորքից զուրկ են նաև ռուսները, որոնք նոր են ֆայմել, որ, պարզվում է, Լենինգրադի բլոկադան ցեղասպանություն էր…
Բա եթե 80 տարից անց նոր եք գլխի ընկնում, որ մեկ միլիոն մարդ սովով սպանելը ցեղասպանություն է, ինչո՞ւ եք զարմանում բանդերականների նացիստական կոչերի և ռեալ գործողությունների վրա: Կա՞ մի երկիր աշխարհում, որի դեսպանը ռիսկ կանի հայտարարել հրեաների մասին այն, ինչ ասում էր բանդերականների դեսպանը Ղազախստանում ռուսների հասցեին: Մեկնաբանություններն ավելորդ են…
Էլ ի՞նչ ասեմ: Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կսկսի Ցեղասպանության վաճառքի գործընթացը՝ հանուն խաղաղության և, ամենակարևորը՝ նախրի համար 50 դրամանոց պոմիդորի, որը, կրկնեմ, հայոց նախրի հիմնական լափն է կարտոֆիլի ու կաղամբի հետ միասին: Այդ ժամանակ հայ հանրությունը պետք է արդեն իր վճռական խոսքն ասի, ազատվի իրավական, բարոյական և այլ կաղապարներից: Եվ դիմի ամենաարմատական քայլերի:
Իսկ գուցե ճիշտ էլ կանի՞, գուցե հայերին հասնո՞ւմ է այս ամենը: Մտածելու բան է…
Ըստ Արտյոմ Խաչատուրյանի