16.05.2023
Մայիսի 14-ին Թուրքիայում նախագահական և խորհրդարանական համատեղ ընտրություններն էին: Նախագահի պաշտոնին 6 կուսակցություններից կազմավորված «Ազգ» դաշինքն առաջադրել էր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին, որին աջակցել է «Աշխատանք և ազատություն» դաշինքը Թուրքիայի բանվորական և «Ձախ կանաչ» կուսակցությունների գլխավորությամբ:
Ի դեպ, վերջինը այդ նույն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է: Քանի որ Սամանադրական դատարում քննարկվում էր նրա գործունեությունը դադարեցնելու հարցը, ուստի վերջինը փակվելու փաստի առջև չկանգնելու համար որոշեց ընտրություններին մասնակցել «Ձախ կանաչ» կուսակցության անվան տակ:
«Հանրություն» դաշինքն էլ առաջադրեց գործող նախագահ, «Արդարություն և բարգավաճում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ընդդիմությունը խնդրահարույց էր համարում Էրդողանի առաջադրումը, թե նա արդեն երկու անգամ՝ 2014-18 և 2018-23 թթ. վարել է նախագահի պաշտոնը, իսկ Սահմանադրության 101 և 116-րդ հոդվածները նրան 3-րդ անգամ ընտրվելու իրավունք չեն տալիս:
Հակառակ կողմը առարկում էր, թե 2014-18 թթ. Թուրքիան դեռևս չէր անցել նախագահական համակարգի, հետևաբար, Էրդողանն այդ իրավունքն ունի: Հիրավի, Թուրքիայում նախագահական համարգին անցումը տեղի ունեցավ 2017 թ. սահմադրական փոփոխությունների մասին հանրաքվեի միջոցով ընդուված օրենքով, որն Էրդողանն էր առաջարկել, այսինքն՝ ոչ ավելի, քան 2 անգամ ընտրվելու իրավունքի մասին հոդվածը ինքն էր հեղինակել: Համենայն դեպս՝ Էրդողանը ստացավ ընդհանուր ձայների 49,35%-ը և առաջ անցավ 45%-ի ձայն ստացած Քըլըչդարօղլուից: Այսպիսով, նախագահի ընտրության հարցի լուծումը հետաձգվեց մինչև մայիսի 28-ին նշանակված երկրորդ փուլը:
Մինչդեռ «Ազգ» դաշինքի կուսակցությունները հույս ունեին առաջին իսկ փուլում հասնել հաղթանակի, որ ձեռնամուխ լինեն երկրում «ուժեղացված դեմոկրատական կարգերին» անցնելու, Թուրքիան վարկավորվող պետություն դարձնելու համար Էրդողանի միանձնյա իշխանությանն ու կամայականություններին վերջ տալու և երկրում իրավական պետության հիմքերը հաստատելու ձեռնարկումներին: Դրան էին սպասում նաև դաշինքի բազմամիլիոնանոց ընտրողները: Սակայն արդյունքը վերջիններիս նախ զայրացրել է, ապա՝ վշտացրել և խոր հիասթափություն է պատճառել, մանավանդ որ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները նշում էին. «Էրդողանը երբեք այսքան մոտ չի եղել պարտությանը»:
Ըստ երևույթին այս հաղթանակն անակնկալ է եղել նաև Էրդողանի համար, որ «Bir Gun» թերթի հեղինակ Յաշար Այդընը «Halk TV»-ի էկրանից հայտարարեց. «Էրդողանը ելութ չէր նախատեսել, բայց տեսնելով, որ առաջին փուլում հաղթել է Քըլըրդարօղլուին, որոշեց ելույթ ունենալ»:
Մայիսի 14-ի գիշերվա ելույթում նա անդրադարձավ նաև երկրորդ փուլին, ասաց, որ դեռ հաղթանակ չեն տարել: Կնշանակի՝ պարտության դեպքում բախումներ չի հրահրի երկրում, որովհետև հաշտվել է փաստի հետ, ինչի մասին ընդիմությանն ու նրա ընտրազանգվածին ահաբեկելու նկատառումով հաճախ էր խոսում քարոզարշավի հանրահավաքներում:
Ավելին՝ նա ապրիլի 21-ին Ստամբուլի «Կապույտ» մզկիթում արած նամազից հետո, բակում ելութ էր ունեցել՝ ասելով. «Ես Ալլահից եմ հրաման ստանում, իսկ Քըլըչդարօղլուն և նրա թիմը` PKK-ի և Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկիչերից, հետևաբար, քյաֆիրներ (գյավուր) են նրանք, ովքեր կաջակցեն վեջիններիս»:
Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Էրդողանին «պաշտոնանկ» անելու ընդդիմության նախաձեռնությունը, այսինքն՝ ընտրություններին մասնակցությունը հրապարակավ որակեց պատական հեղաշրջման փորձ, իսկ «Արդարություն և բարգավաճում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը՝ օկուպացիա, թե ամերկացիներն են գալու Քըլըչդարօղլուի փոխարեն կառավարեն Թուրքիան:
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն էլ զգուշացրեց թուրք ժողովրդին՝ եթե Քըլըչդարօղլուն և նրա թիմակիցներն իշխանության գալու լինեն, ապա երկրում թույլատրելու են տաղամարդկանց ամուսնությունը տղամարդու, նույնիսկ կենդանիների հետ:
Մայիսի 3-ին, Վանում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հանրահավաքին շուրջ 300 հոգանոց մի խումբ, ոստիկանների անմիջական ներկայությամբ, քաղաքապետի հետ անարգել քարկոծեց մասնակիցներին, որոնցից 12-ը մարմնական վնասվածքներ ստացան։ Ըստ երևույթին, քարկոծում էին, որ ստիպեն Իմամօղլուին փախչել հրապարակից, սակայն նա թեև դադարեցրեց ելութը՝ խնայելու համար մասնակիցներին, բայց չփախավ:
Նույն օրը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հեռուստատեսությամբ քարկոծության համար մեղադրեց Իմամօղլուին, թե նա և նրա նմանները մոլի սադրիչներ են, քարերը բերել են իրենց հետ և իրենք էլ քարկոծել հանրահավաքի մասնակիցներին: Էրդողանը Սոյլուի ասածները հաստատեց իր հանրահավաքում, թե նրանցից կարելի է ամեն ինչ սպասել: Եղան նաև հարձակումներ ինչպես Ժողովրդա-հանրապետական, այնպես էլ «Լավ» կուսակցությունների քաղաքային վարչության շենքերի վրա՝ արձակալով կրակոցներ հրազենից, ընդ որում՝ ոչ միայն Ստամբուլում:
Այդ հարձակումներից իր բաժինն առավելագույնս ստացավ «Լավ» կուսակցության նախագահ տիկ. Մերալ Աքշեները, որովհետև նրա կուսակցությունը կազմավորվել է Էրդողանի հետ դաշինք կազմած Բահչելիի Ազգայնական շարժում կուսակցության հենքի վրա, հետևաբար ձայներ էր խլելու և Էրդողանի, և Բահչելիի կուսակցություններից:
Ի՞նչ կբերի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, ցույց կտա ժամանակը: Բայց որ ստացած ձայների քանակով Էրդողանի «Հանրություն» դաշինքը, որի ատաջատարն է Բակչելիի Ազգայնական շարժումը, պատգամավորների թվով զգալի գերազանցում է Քըլըչդարօղլուի Ժողովրդա-հանրապետական և Աքշեների «Լավ» կուսակցություններին, փաստ է: Էրդողանի կոսակցությունը 600 տեղանոց խորհրդարանում ստացել է 266 տեղ, Բահչելիինը՝ 49, Քըլըչդարօղլուինը՝ 169, Աքշեներինը՝ 44, վերջիններին աջակցող «Ձախ կանաչ» կուսակցությունը՝ 62 պատգամավորական տեղ:
Ընդհանուր առմամբ՝ Էրդողանի դաշինքը Թուրքիայի ազգային մեծ ժողովում ստացել է 321, իսկ Քըլըչդարօղլուինը՝ 213 տեղ: Այլ կերպ՝ եթե Քըլըչդարօղլուն նույնիսկ հաղթի ընտրությունների երկրորդ փուլում, նրա գլխավորած «Ազգ» դաշինքը չի կարող երկրում նախագահական կարգերից անցում կատարել «ուժեղացված դեմոկրատական» կարգերին, որովհետև դա ենթադրում է պատգամավորական տեղերի բացարձակ մեծամասնություն, այսինքն՝ առնվազն 400 տեղ, հակառակ դեպքում՝ պետք է գնալ հանրաքվեի, որ խորհրդարանը հաստատի, ինչը, փաստորեն, բացառվում է: Մինչդեռ այդ դաշինքի ստեղծումը, ըստ Քըլըչդարօղլուի և նրա թիմակիցների, հենց դրանով էլ պայմանավորում էին:
Հակոբ Չաքրյան
ԱԶԳ
Comments