top of page

Ինքնիշխան որոշումը

  • 19 июн. 2020 г.
  • 2 мин. чтения

19.06.2020, ԵՐԵՎԱՆ

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել Գազպրոմ Արմենիայի գազի գնի թանկացման հայտի վերաբերյալ: Ըստ այդ որոշման, հայտը բավարարվել է մասնակի, բնակչության համար այն մնացել է անփոփոխ, իսկ տնտեսվարողների համար բարձրացել է Գազպրոմ Արմենիայի ներկայացրած հայտից զգալիորեն ավելի քիչ:


Այդ որոշումից հետո Գազպրոմ Արմենիայի տնօրենը հայտարարել է, որ արդեն հուլիսի 19-ից՝ երբ ուժի մեջ կմտնի որոշումը, հարկ կլինի կրճատել մոտ 1000 աշխատակից: Գազպրոմ Արմենիան հայտարարել է, թե ներկայիս գինը թույլ չի տալիս աշխատել բավարար շահութաբերությամբ:


Հայտնի է, որ Հայաստանը դեռեւս մարտին դիմեց Ռուսաստանին՝ էներգետիկ միջազգային շուկայում գնանկման համատեքստում նվազեցնել նաեւ Հայաստան մատակարարվող գինը սահմանին: Հայաստանի փոխվարչապետը հայտարարեց, որ 23 դոլար նվազեցնելու դեպքում հնարավոր կլինի չթանկացնել ներքին գինը: Մոսկվան չարեց դա, դնելով քաղաքական պահանջներ: Այդ պահանջներին էլ չգնաց Երեւանը, փաստորեն կայացնելով գազի հարցում թերեւս առաջին ինքնիշխան որոշումը՝ բավարարել Գազպրոմ Արմենիայի հայտը մասնակի:


Մինչ այդ, հայ պաշտոնյաները հավաստիացրել էին, որ գազի հարցում չի լինելու ինքնիշխանության հաշվին որեւէ լուծում:


Իհարկե, տնտեսվարողների համար անգամ մի քանի դրամ թանկացումը կունենա նշանակություն, հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում: Միեւնույն ժամանակ, այստեղ հարցի արժեքն ու նշանակությունն էլ լայն է՝ Հայաստանի ինքնիշխանություն ու քաղաքական անկախություն: Մի բան, որ պարբերաբար տորպեդահարվել է գազային մահակի գործադրումով, սկսած Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից:


Հայաստանի նոր կառավարությունն այս անգամ չգնաց քաղաքական զիջման: Դժվար է ասել, թե որքան է Հայաստանի դիմադրունակությունն այդ առումով, որովհետեւ քաղաքական ինքնիշխան որոշումն ունի որոշակի տնտեսական եւ սոցիալական գին: Գազպրոմ Արմենիան փաստացի դիմում է սոցիալական սպառնալիքի, նշելով, որ հայտը չբավարարվեց եւ իրենք գործազուրկ են դարձնում ավելի քան 1000 մարդու, առավելապես տեսուչներից: «Պահանջարկ չկա նման աշխատանքի օրենքով, դրա համար ենթադրում ենք, որ հսկիչները 50 տոկոսով կրճատվելու են։ Կարծում եմ՝ խոսքը ոչ պակաս, քան 700-800 հոգու մասին է», նշում է ընկերության տնօրենը, ասելով, որ շատ բարձր աշխատավարձ ստանում է ընդամենը մոտ տասը մարդ, որոնց աշխատավարձերը կրճատվելու են:


Առերեւույթ, ընկերության տնօրենի մոտեցումը տնտեսվարման տրամաբանության մեջ է, թեեւ ինչպես Հայաստանում ռուսական խոշոր կորպորացիաների, այնպես էլ Գազպրոմ Արմենիայի հարցում մանրամասն ուսումնասիրության կարիք կա, թե որքան է կառավարումը արդյունավետ եւ որքան կա ծախսերի օպտիմալացման, ըստ այդմ ներկայիս գնի պայմաններում անփոփոխ կառավարման ռեզերվ:

Մյուս կողմից, տնօրենի խոսքից ստացվում է, որ այս տարիների ընթացքում եղել են հաստիքներ, որոնց պահանջարկը չի եղել: Այսինքն, ըստ էության լուծվել է սոցիալական հարց սպառողի հաշվին, բայց կառավարող համակարգի քաղաքական նպատակների տրամաբանության շրջանակում:


Այլ կերպ ասած, գազի բարձր գնով սպառողը սնուցել է աշխատատեղեր, որոնց տնտեսական պահանջարկ մեծ հաշվով չի եղել, եղել է համակարգի քաղաքական պահանջարկ:


Ըստ էության, այստեղ է նաեւ պետական ինքնիշխանության գինը, եւ այդ հանգամանքն է միաժամանակ ինքնիշխան որոշումը դարձնում կարեւոր, բայց միաժամանակ ծանր, որովհետեւ անկախ ամեն ինչից, գործ ունենք մարդկանց հետո, որոնք աշխատանք են կորցնում: Իսկ դա ծանր բան է: Անշուշտ, առավել քան ծանր բան է ինքնիշխան պետության դե ֆակտո կորուստը, բայց ազգային պետականության կայուն զարգացող ապագան ի վերջո երկարաժամկետ հեռանկարի համար հնարավորինս արագ այդ երկու հանգամանքների համադրման արդյունավետ տնտեսա-քաղաքական բանաձեւ գտնելն է: Առանց դրա, անգամ ինքնիշխան որոշումները ունենալու են կարճաժամկետ էֆեկտ:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Լրագրի մեկնաբան

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page