Ծննդյանս օրվա առթիվ՝ պապերիս հիշատակին
(հուշեր հորական և մորական պապերիս դասերից…)
Մի անգամ Հովհաննես պապս թեժ վեճի մեջ էր իր կրտսեր որդու (իմ փոքր քեռուս) հետ: Դա 1967 կամ 1968 թիվն էր, ուստի ես 6 կամ 7 տարեկան էի: Վեճի մանրամասները չեմ հիշում, բայց լավ հիշում եմ, որ տանը իրենցից զատ ուրիշ մեկը չկար, մեկ էլ ես էի, որ տան մեծերի թունդ վեճի ճնշող ազդեցությունից կծկվել էի սենյակի մի անկյունում: Չեմ կարծում, թե այդ դեպքը կմնար հիշողությանս մեջ, եթե վիճաբանության թունդ պահին քեռուս օգտագործած մեկ օտար բառին (խոսքի մեջ ասաց, թե այսինչ բանը «վսյոտկի» ես այսպես կանեմ) չհետևեր պապիս կտրուկ դիտողությունը. –Այ տղա, այդ վսյոտկին ես էլ տեսա զուգարանի դռան առաջ ընկած, բայց ես չվերցրի, դու ինչո՞ւ վերցրիր: Պապիս բամբ ու խրոխտ ձայնով քեռուս կատարած դիտողությունն ինձ սթափեցրեց ոչ միայն խոսքի անակնկալ և պատկերավոր բնույթով, այլև նրանով, որ դիտողությունից հետո առանց վարկյան կորցնելու պապս անմիջապես անցավ վեճի բուն նյութին:
Այդ օրվանից հայերենում օտարալեզու բառ գործածելուն ուղղված պապիս այդ պատկերավոր նկատողությունը անջինջ մնաց հիշողությանս մեջ, սակայն, իբր դա քիչ էր, օրեր առաջ հորաքրոջս աղջիկն էլ համանման մի դեպք էլ պատմեց հորական՝ Բաղդասար պապիցս, որով էլ ինքն էր տպավորվել: Ահա այն. պապս տուն է մտնում և լսելով տան խոհանոցի պատից կախված ռադիոյից հնչող ռուսերենը, որին գուցե տնեցիներից ոչ ոք ուշադրություն չէր էլ դարձրել, զայրացած ասում է. –էլի այս շան հաչոցը կապել եք տնով մեկ:
Խոսք կա, թե պտուղը ծառից հեռու չի ընկնում (չնայած կարծիքովս երբեմն լավ էլ հեռու է ընկնում): Ինչևէ, ինձ համար թանկ են իրար հետևից՝ 1983 և 1984 թթ. կյանքից հեռացած մայրենիի պաշտպան պապերիցս մնացած այս հուշերը: Եվ քանի որ, այսքանը հիշեցի, ուրեմն պատմեմ նաև հետևյալը: Երբ, արդեն 6 կամ 7-րդ դասարան էի՝ հասարակական վայրերում իրենց երեխաների հետ ռուսերեն «չրթող» հայ ծնողները բառիս բուն իմաստով սկսել էին աջ ու ձախ ազդել ջղերիս վրա: Անվերջ մտածում էի, թե այս անպատիվ տգետ քաղքենիներին ինչպես կարող էի շանթահարել: Եվ պատկերացրեք մի օր հնարը գտա, ավելի ճիշտ գտա այն արտահարտությունը, որով սկսեցի հոսանքի տալ «հայ» մայրերին: Ահա այդ նախադասությունը, որն առանձնահատուկ գոհունակությամբ շպրտում էի անդեմ մայրերի երեսին «Տիկին, այդ լեզվով շուն են վարժեցնում», ասում էի և չսպասելով որևէ պատասխանի հեռանում (և իսկապես չգիտես ինչու, ով շուն ուներ հետը ռուսերեն էր խոսում. «կամնե», «սիդեց» և այլն ասելով):
Գնահատանքով հիշում եմ իմ մայրենիապաշտ ու մայրենիի պաշտպան պապերիս և նաև այդ «պատերազմի» առաջամարտիկ՝ Շիրազին, ով՝ «դու ռուսի ճուտ ե՞ս» ասելով փողոցում թեթև ապտակ էր հասցնում ռուսերեն խոսող պատահած հայ երեխային (ճանաչում եմ մարդու, որ հպարտությամբ է հիշում ռսերեն խոսելու համար Շիրազից ստացած ապտակը…):
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
1961-2020