top of page

Ի՞նչ է կարելի անել

04.05.2020, ԵՐԵՎԱՆ

Այսօրվանից սկսած Հայաստանում տեղարշարժի թերթիկի անհրաժեշտություն այլևս չկա, բազմաթիվ ոլորտների գործունեությունը թույլատրվել է, սակայն դեռ գործում են որոշ սահմանափակումներ:


Մասնավորապես, չի գործելու տրանսպորտը, թեեւ պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ շուտով այդ արգելքը եւս կհանվի: Այս սահմանափակումը դեռ կգործի՝ նկատի ունենալով համավարակի տարածման հետ կապված հասարակական տրանսպորտի բարձր ռիսկայնությունը: Փոխարենը գործում են տաքսիները։


Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմանափակումները: Այս մոտեցումը պահպանվում է, փոխարենը՝ վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված՝ կարող է ժամանակավորապես փակվել առանձին համայնքների ելումուտը:


Հանվել են տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ սահմանափակումները: Մայիսի 4-ից գործում են միայն բացօթյա ռեստորանները, սրճարանները, իսկ փակերը դեռեւս չեն գործի:


Թույլատրվում են հետեւյալ գործունեության տեսակները.


• Ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն,


• Շինարարության ավարտական փուլի աշխատանքները,


• Մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում: Մոլերը, առևտրի կենտրոնները և շուկաները շարունակում են փակ մնալ, դրանցում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները,


• Տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ:


Կգործեն բուսաբանական և կենդանաբանական այգիները, բնության հատուկ պահպանվող տարածքները, արգելոցները: Սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը կթույլատրվի՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար:


Կգործեն նաեւ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, մարմնի խնամքի ծառայությունները:

Հայաստանում տնտեսական գործունեության տեսակների, ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացմանը զուգահեռ մի քանի ուղղություններով մշակվել են ուղեցույցներ, թե աշխատավայրերում ինչպիսի կանոններ պետք է գործեն: Դրանք կօգնեն գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները:


Կանոններն ու ուղեցույցները հրապարակված են կառավարության կայքէջում, նաև Covid19.gov.am կայքում:


Սկզբունքները նույնն են բոլոր տեսակի գործունեությունների համար՝ աշխատողների միջև, հաճախորդների հետ շփվելիս ապահովել սոցիալական հեռավորություն, հիգիենիկ տարբեր միջոցառումների իրականացում՝ ախտահանումներ, օդափոփոխություն, ձեռքերի հաճախակի լվացում:


Այն դեպքերում, երբ աշխատողները կամ հաճախորդները կունենան ջերմություն, պետք է անպայման լքեն աշխատավայրը և դիմեն բժշկի:


Մյուս կարևոր միջոցառումների շարքում է խոցելի խմբերի՝ 65 տարեկան և բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանություններով տառապող անձանց հեռահար աշխատանքների կազմակերպումը՝ հնարավորության դեպքում: Տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է աշխատեն բացառել ժողովների անցկացումները կամ փոքրաթիվ անձանցով պետք է անցկացնեն՝ նորից ապահովելով սոցիալական հեռավորությունը: Գործող բացօթյա սրճարաններում, ռեստորաններում մատուցողները պետք է կրեն պաշտպանիչ դիմակ, ձեռնոց:

Հիշեցնենք, որ արտակարգ դրություն Հայաստանում հայտարարվել է մարտի 16-ին՝ մեկ ամսով, սակայն մարտի 24-ին խստացվել է արտակարգ դրության ռեժիմը, սահմանփակվել էր մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը: Այնուհետեւ ապրիլի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է եւս մեկ ամսով մինչեւ մայիսի 14-ը, ժամը 17-ը:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page