26.10.2023
«Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը», - նախօրեին ամերիկյան Politico հանդեսի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, թե Բաքուն այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։
«Մեր օրակարգի հիմքում ընդամենը երկկողմ գործակցության շրջանակներում տրանսպորտային կապերի հաստատումն էր։ Եթե համաձայն են, մենք էլ ենք համաձայն, եթե՝ ոչ, խնդիր չկա։ Այս ծրագիրը շարունակում է մնալ սեղանին, սակայն դրա իրագործման համար հայկական կողմը պետք է ցույց տա, որ ինքն իրոք հետաքրքրված է դրա կյանքի կոչմամբ», - նշում էր Հաջիևը։
Իսկ ադրբեջանցի ամենաազդեցիկ պատգամավորներից մեկը՝ Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, այն նույն ժամերին, երբ հրապարակվեց Politico-ի հոդվածը, X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրեց. - «Մի հին արևելյան ասացվածք կա՝ «որևէ մեկը մարդու համար այնքան խնդիր չի կարող ստեղծել, որքան ինքը՝ մարդը»։ Հայաստանն առաջնորդվեց հենց այս տրամաբանությամբ՝ հրաժարվելով «Զանգեզուրի միջանցքից» և կորցնելով տարածաշրջանային տրանսպորտային ցանցին մաս կազմելու վերջին հնարավորությունը»։
Ո՞րն է Բաքվից հնչող հայտարարությունների տոնայնության նման կտրուկ փոփոխության պատճառը։ «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում Իրանին առնչվող խնդիրները լուսաբանող ամենահայտնի լրագրողներից ու փորձագետներից մեկը՝ Նիկիտա Սմագինը, փորձում է պատասխանել այս հարցին՝ գալով եզրակացության, որ Թեհրանը Ադրբեջանի և Հայաստանի միջև ի վերջո ընտրություն է կատարել հօգուտ Բաքվի։
«Իրանա-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման առաջին նշույլները ի հայտ եկան ամռանը, երբ հուլիսի 5-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ժամանեց Բաքու և հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - գրում է «Քարնեգի»-ի փորձագետը՝ նկատելով, - «երկխոսություն նախաձեռնելու փորձը հաջողությամբ պսակվեց։ Փոխվեց հռետորաբանությունը, դադարեցին փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները»։
Սմագինի խոսքով՝ հենց Աբդոլահիանի այցից հետո էր, որ երկու երկրների պետական լրատվական գործակալությունները հայտարարեցին Բաքվում և Թեհրանում թղթակցական կետեր բացելու մասին, նաև պայմանագիր ստորագրվեց Աստարա գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամրջի շինարարությունն ավարտին հասցնելու մասին։
«Սեպտեմբերին արդեն Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ իր երկիրը Իրանից դրական ազդակներ է ստանում։ Իսկ նրանից հետո, երբ Բաքուն կարողացավ հասնել Լեռնային Ղարաբաղի հայկական չճանաչված հանրապետության պաշտոնական լուծարմանը՝ Թեհրանի հետ կոնֆլիկտն, ըստ էության, սպառվեց», - կարդում ենք «Քարնեգի»-ի հոդվածում։
«Իրանը վերանայեց իր մոտեցումները՝ հասկանալով, որ Կովկասում նոր աշխարհակարգ է։ Թեհրանին սպառնում էր պարտված երկրի հետ դաշինքի մեջ հայտնվելը մի իրավիճակում, երբ տարածաշրջանում այլևս գերակա դեր ունեին իր հանդեպ թշնամաբար տրամադրված Բաքուն և Անկարան», - պնդում է «Քարնեգի»-ի փորձագետը։
Սմագինի համոզմամբ՝ Թեհրանի՝ հօգուտ Ադրբեջանի այս ընտրությունը պայմանավորված էր նաև սեպտեմբերին Հայաստանում անցկացված համատեղ հայ-ամերիկյան զորավարժություններով։
«Իրանական իշխանությունները բազմիցս էին հայտարարել, որ իրենց համար արտատարածաշրջանային ուժերի զինվորականների ներկայությունը երկրի սահմանների մոտ կարմիր գիծ է», - գրում է Սմագինը։
Վերլուծության հեղինակի խոսքով՝ այս բոլոր գործոններից բացի Թեհրանի համար շատ կարևոր էր տարածաշրջանային տարանցիկ ծրագրերին մասնակցելը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյուններից ելնելով։
Comments