ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արձանագրում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել․ Անընդունելի ու ցավալի է, որ Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է Եռակողմ հայտարարության դրույթները, այլև չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումները: Ուստի, մեր հիմնավոր ակնկալիքն է միջազգային հանրության բոլոր պատասխանատու դերակատարներից՝ պատշաճ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա նշված պարտավորությունների անհապաղ ու ամբողջական կատարման նպատակով: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Միջազգային մակարդակով այդ կարգավիճակը դեռ որոշված չէ,- ասում է Հարությունյանը։
Անդրադառնալով ադրբեջանա-արցախյան հակամարտությանը՝ Արցախի նախագահը ընդգծել է․ «Իրոք, Ադրբեջանի նախագահն արդեն երրորդ տարին շարունակ փորձում է աշխարհին համոզել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, և որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս գոյություն չունի։ Սակայն, այո, խնդիրն այն է, որ այս ամենի շուրջ նա չունի լայն միջազգային հանրության համաձայնություն։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել»։
Արայիկ Հարությունյանը նշում է․ Արցախի ժողովրդի ինքնորոշման բնական ու անառարկելի իրավունքը, վերջիվերջո, պետք է հաղթանակի․ «Ելքը մեր վճռական ու երկարատև պայքարն է՝ մեր համազգային ողջ կարողությունների համախմբման ու արդյունավետ իրացման միջոցով»։ «Եթե մենք կարողանանք բավարար կամք ու կարողություն ցուցաբերել այս պայքարում՝ այս փուլում առնվազն կանխելու մեր կենսական շահերի հաշվին անդառնալի զիջումներն ու կորուստները, ապա դրա շնորհիվ և՛ կկարողանանք երկարատև պայքար մղել մեր հայրենիքի պաշտպանության ու ազատության համար, և՛ աստիճանաբար կշահենք պատշաճ միջազգային ուշադրություն ու աջակցություն:
Վերջիվերջո, հաջողում են միայն պայքարող ազգերը, իսկ իրավունքներն այս աշխարհակարգում չեն տրվում հենց այնպես, դրանք վաստակում ու պահպանում են շարունակական պայքարով», - ասել է նա։