24.04.2023

Լոնդոնի բարձր դատարանը Տիգրան Արզաքանցյանի կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին ձերբակալման որոշում է կայացրել։ Բրիտանական The Telegraph-ի փոխանցմամբ՝ պատճառն այն է, որ Ռոտենբերգը հրաժարվել է վճարել ամուսնալուծության հարցերով զբաղվող իր փաստաբաններին և չի ներկայացել դատարան, գրում է hetq.am-ը։
Պարբերականի տվյալներով՝ դատարանը ընդունել է, որ Նատալյա Ռոտենբերգը, մատուցած ծառայությունների համար, 11,5 հազար ֆունտ ստերլինգ չի վճարել Candey իրավաբանական ընկերությանը, ինչպես նաև մի քանի անգամ չի ներկայացել դատական նիստերին։ Ինչպես նշել են ընկերությունում, Ռոտենբերգը «որևէ կերպ չի արձագանքել» իր հետ կապ հաստատելու փորձերին։
The Telegraph-ը նշում է, որ նախորդ երկու լսումներին չներկայանալու համար դատավոր Էնդրյու Ռիչին Ռոտենբերգին արդեն իսկ դատապարտել է 3 շաբաթ ազատազրկման, սակայն նա հնարավորություն է ունեցել խուսափելու ազատազրկումից, եթե դատական նիստին ներկայանար նախորդ հինգշաբթի օրը՝ ապրիլի 20-ին։
Մինչ Տիգրան Արզաքանցյանի հետ ամուսնանալը, Նատալյա Ռոտենբերգը 2005-2013 թվականներին ամուսնացած է եղել ռուսաստանցի գործարար Արկադի Ռոտենբերգի հետ։ 2022 թվականի մարտին ներկայիս ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի հետ հայտարարել էր «Ուժ հայրենյաց» կուսակցության ստեղծման մասին։ Բացի այդ, կուսակցությունը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնին Ռոտենբերգը կլինի իրենց թեկնածուն։
Նատալյա Ռոտենբերգը երկար ժամանակ փորձում էր դատարանի միջոցով հասնել ռուսաստանցի գործարարի հետ ամուսնական պայմանագրի անվավեր ճանաչմանը՝ փորձելով ստանալ նաև Ռոտենբերգի կարողության կեսը։ Դատական գործընթացն ավարտվել էր 2016 թվականի հուլիսին։ Արկադի Ռոտենբերգը Լոնդոնի դատարանին խնդրել էր չհրապարակել բաժանման պայմանները։
Նատալյա Ռոտենբերգի հայտարարությունը
Ի պատասխան լրատվամիջոցների հրապարակումներին` հայտնում ենք, որ Նատալյա Ռոտենբերգը բաժանվել է իր առաջին ամուսնուց՝ Արկադի Ռոտենբերգից, 2013 թվականին, 2016 թվականին երկու կողմերը կնքել են ընտանեկան ակտիվների վերաբերյալ հաշտության համաձայնագիր, բայց որոշ ժամանակ անց, նախկին ամուսինը փոխել է իր միտքը, որից հետո շարունակվել է դատական գործընթացը:
Նատալիա Ռոտենբերգի նկատմամբ հայց ներկայացրած փաստաբանական գրասենյակը իրեն պաշտպանել է ընդամենը 1 օր դատարանում (1,5 ժամ դատարանում), ինքն անձամբ երբեք չի հանդիպել նրանց հետ և ծանոթ չէ: Նրանց կատարած միակ աշխատանքը այն է եղել, որ նրանք դատական նիստին խնդրել են դատը տեղափոխվի մեկ այլ օր: Այլևս չեն ներկայացրել գործը ոչ մի դատարանում և նիստերում։ Դա միանգամյա ծառայություն էր, որի համար փաստաբանները պահանջել են ավելի քան £100.000:
Նատալիա Ռոտենբերգը համաձայն չի եղել այդ գումարի չափի հետ, քանի որ նշված չափը չի համապատասխանում մատուցված ծառայություններին: Ինչ վերաբերում է Նատալիա Ռոտենբերգի դատարան չներկայանալու մեղադրանքին, ապա դա տրամաբանական է. Անգլիան 2018 թվականից դադարել է երկարաձգել երկիր մուտք գործելու վիզան ռուսների համար, առավել ևս այնպիսի անձանց համար, ովքեր ունեն այսքան հայտնի ազգանուն, որը մտել է պատժամիջոցների մեջ։
Տրամաբանական չէ պահանջել այն, ինչ իրենք են արգելափակում ու չեն տալիս, առավել ևս նման անհեթեթ վճիռ կայացնել։ Թող նախ միջանցք բացեն, վիզա տան, թույլ տան դատարանում պաշտպանվել և ապացուցել իրենց իրավացիությունը, իսկ հետո նոր մեղադրանք առաջադրեն։ Այն է, որ փաստաբանները խնդրել են £100.000 Նատալիա Ռոտենբերգը անհեթեթ է համարում և ունի նրանց նամակների և հայցերի բոլոր ապացույցները թվերով: Եվ եթե հարցը ընդամենը £11.500 է, ապա դա փոխում է ամբողջ պատկերը:
Ինքը ՝ Նատալիա Ռոտենբերգը չի տեսել վերադարձի գումարի և կալանքի որոշման վերաբերյալ որոշումը, և եթե վերջին որոշումը 11.500 ֆունտ ստեռլինգի մարումն է, ապա նա պատրաստ է մարել այդ պարտքը: Յուրաքանչյուր մարդ կարող է բախվել դատարանների հետ, և դա նորմալ է: Դրա համար էլ նրանք գոյություն ունեն, որպեսզի լուծեն նմանատիպ հարցերը, որոնք մարդիկ չեն կարողացել լուծել խաղաղ ճանապարհով։ Դրանից մեծ ողբերգություն սարքելու և ուռճացնելու անհրաժեշտություն չկա: Խորհուրդ ենք տալիս բոլորին իրենց «երկար քթերը» չխոթեն ուրիշի անձնական կյանքի մեջ:
Նատալիա Արզաքանցյան (Ռոտենբերգ)