18.08.2020
Նույնիսկ եթե մեռնեմ էլ, իշխանությունը չեմ հանձնի, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նման նախադեպեր իհարկե կան, օրինակ Լեոնիդ Բրեժնեւը մահվանից հետո շարունակել է ղեկավարել երկիրը, մինչեւ պաշտոնապես հայտնել են նրա մահվան եւ նոր գլխավոր քարտուղարի մասին: Իսկ Յասիր Արաֆաթը մահվանից հետո ավելի երկար է ղեկավարել, մինչեւ նրա կինն ու Պաղեստինի ներկայիս առաջնորդ Մահմուդ Աբբասը կարողացել են համաձայնության գալ Արաֆաթի հաշիվներին գտնվող մի քանի միլիարդ դոլարի բաժանման շուրջ:
Դիկտատորները կառչում են իշխանությունից, եւ դա բնական է: Մի կողմից, առկա է ֆիզիկական գոյության խնդիրը, քանի որ նրանք սովորաբար ծանրագույն հանցագործություններ են կատարում՝ կոռուպցիայից ու անձնական հարստացումից մինչեւ իշխանության յուրացում:
Մյուս կողմից, առկա է ավելի լուրջ պաթոլոգիա, որը թերեւս ավելի կարեւոր է: Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում նման գործիչները կորցնում են համարժեքության զգացումը, ինքզինքը պատկերացնում երկնային մեսիայի դերում, անկեղծորեն հավատում դրան եւ համարում, որ ժողովուրդը սիրում է իրենց, իսկ իրենցից հետո երկիրը կկործանվի:
Լուկաշենկոյի հետընտրական պահվածքը այս երեւույթների թերեւս ամենավառ դրսեւորումն է. մինչ նա շարունակում է դիկտատորներին բնորոշ տափակաբանությունները արտաքին դավադիր ուժերի մասին, նրա աչքի առաջ արդեն փողոց են դուրս եկել ոչ թե «ջահելները», այլ խորքային ժողովուրդը՝ բանվոր դասակարգն ու աշխատավորները, որոնք համարվում էին նրա ամուր բազան: Նրան սուլում են այն գործարաններում, որոնք նրա հպարտությունն են, քանի որ թույլ չի տվել թալանի առարկա դարձնել դրանք, ինչպես հետխորհրդային մյուս երկրներում:
Լուկաշենկոն անկեղծորեն չի հավատում, որ իրեն այլեւս չեն ցանկանում տեսնել նախագահի պաշտոնում, որ հոգնել են իրենից: Նա անընդհատ խոսում է արտաքին դավադրություններից, Բելառուսի դեմ ռազմական ներխուժման սպառնալիքից, բայց այդ մանր խորամանկություններին ու հնարքներին չի հավատում անգամ խորքային ժողովուրդը: Նա չի ընդունում, որ արդեն կորցրել է իշխանությունը, ինչը նշանակում է, որ իշխանության մնալը վեր է ածվել օկուպացիոն ռեժիմի հաստատման՝ այդպիսով լրացնելով ապագա մեղադրանքների բազան:
Այս ջանքերը խղճուկ ու անարժանապատիվ տեսք ունեն: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ նման գործիչները ժամանակի ընթացքում յուրահատուկ վերաբերմունք են ձեւավորում ժողովրդի հանդեպ, համարելով, որ նրանք պետք է բավարարվեն կուշտ ու ապահով կյանքով: Նրանք չեն պատկերացնում, որ մարդն այն արարածն է, որը կարիք ունի բազմաթիվ այլ պահանջների, ինչպիսին է օրինակ ազատությունը, որը դիկտատորների բառապաշարում էլ կոչվում է արտաքին դավադրություն:
Հիշվում է՝ թավշյա հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանը կանխատեսում էր, որ մարդկանց սառնարանները շուտով դատարկվելու են, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալվելու է: Այդպես էլ փաստորեն չընկալվեց, որ հեղափոխությունները չեն անում միայն դատարկ սառնարանների պատճառով ու Նիկոլ Փաշինյանի համար, եւ որ անցյալի ձեռքբերումները փաստարկ չեն պատմության ու ժամանակի համար: Մարդկանց մեծամասնությունը շատ լավ գիտե, որ հնարավոր է իրենց սառնարանները դատարկվեն, բայց դա հետ չի պահում նրանց: Ինչո՞ւ՝ պատճառը հենց այդ ռեժիմների բնույթն է:
Հնարավոր չէ դեմ գնալ պատմությանն ու ժամանակին, ցավոք թե բարեբախտաբար: Այդ դեպքի համար քաղաքակիրթ աշխարհում ներդրել են ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու մեխանիզմը: