ԱՍՏԱՆԱ, 10.05.2023
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աստանայում կայացած Satty Zhuldyz 2023 («Հաջողակ աստղեր 2023») շախմատային փառատոնում հաղթելուց հետո հարցազրույց է տվել ղազախստանցի գործարար և հասարակական գործիչ Ազիզա Շուժեևայի յութուբյան ալիքին։ Ստորև ներկայացված են որոշ հարցերի պատասխաններ (ոճական փոքր փոփոխություններով).
-Լևո՛ն, կա՞ն ազգեր, որոնք նախատրամադրվածություն ունեն շախմատի նկատմամբ։ Ինչո՞ւ են հայկական արմատներով այդքան հայտնի շախմատիստները։
-Հարցը միանշանակ չէ. Օրինակ, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով վերջերս է հրաժարվել իր տիտղոսից, նորվեգացի է։ Նորվեգիան երբեք ուժեղ շախմատի դպրոց չի ունեցել, սակայն նա դարձել է պատմության մեջ ամենագերիշխող շախմատիստներից մեկը։
Դժվար է ասել, որ ինչ-որ ազգ գենետիկորեն հակված է շախմատին, սակայն շախմատը միշտ հարգանքի է արժանացել հայկական և հրեական ընտանիքներում։ Նման ընտանիքում ոչ ոք չի զարմանա, եթե երեխան ցանկանա շախմատիստ դառնալ։
Ես մեծացել եմ 1990-ականներին, երբ դեռ չէր վերացել Տիգրան Պետրոսյանի չեմպիոնության էֆեկտը, թեպետ Տիգրան Վարդանովիչը կյանքից հեռացավ 1984թ.: Ավելացնեմ, որ Գարրի Կասպարովը նույնպես կիսով չափ հայ է։ Այսինքն՝ երկրում սիրված խաղի հերոս լինելու ցանկությունն այստեղ խառնվել է, գումարած հայտնի հայրենակիցների առկայությունը, որոնց ուզում ես ընդօրինակել շախմատում։
Հայաստանում շախմատի մասսայականացման գործում առանձնահատուկ դեր խաղացին անկախության շրջանում գրանցված հաջողությունները։ Մի բան է հաղթել որպես մեծ կայսրության մաս, և մեկ այլ բան՝ հաղթել որպես երեք միլիոն բնակչություն ունեցող [թիմային] երկրի մաս: Հպարտ եմ, որ երեք համաշխարհային օլիմպիադաներում հաղթել ենք այն ժամանակ, երբ ես թիմի ավագն էի։
- Ինչպե՞ս է այժմ Հայաստանում շախմատի պետական աջակցությունը։
-Մինչև 2018 թվականը երկրի նախագահն էր ազգային [շախմատի] ֆեդերացիայի ղեկավարը (Սերժ Սարգսյան-խմբ.)։ Նա շախմատի մեծ սիրահար է, և դրա նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ էր։ Իշխանափոխությունից հետո շախմատին վերաբերվում էին որպես նախկին իշխանական վերնախավի նախասիրության։ Հաճախ գերակշռում են զգացմունքները։ Թերևս ինչ-որ մեսիջ է ուղարկվել ձեռներեցներին և բարերարներին: Գործող իշխանությունն առանձնապես շախմատի սիրահար չէ. Իմաստուն խաղը դարձավ քաղաքական ինտրիգների զոհ։
-Ի՞նչ նպատակներ ունեք մոտ ապագայում:
- Գլոբալ նպատակն է լավ հայր լինել իմ աղջկա համար, որն այժմ վեց ամսական է: Ես կարող եմ շախմատ խաղալ, բայց դեռ պետք է սովորեմ հայր լինել: