20.08.2020
Երևանի «Արարարատի» հարձակվող Լևոն Իշտոյանը պատմել է կարիերայի, Ֆրունզիկի, խորհրդային և նոր դարաշրջանի ֆուտբոլային և ոչ մարզական կրքերի մասին։
Երևանի «Արարատի» հռչակավոր հարձակվող Լևոն Իշտոյանը, որն ավելի քանի 30 տարի բնակվում է ԱՄՆ-ում, 1975թ․-ից՝ իր մարզական կարիերայի ավարտից ի վեր, առաջին մեծ հարցազրույցն է տվել։ «Սպորտ-Էքսպրեսի» թղթակից Յուրի Գոլշակի հետ զրույցում լեգենդար հայ ֆուտբոլիստը որոշ անհայտ փաստեր է պատմել իր կյանքից, որոնք ներկայացնում ենք է ընթերցողին։
Բնակարանը տվեց Ամերիկա մեկնելու թույլտվության դիմաց
․․․-88-ին գիտակցո՞ւմ էիք, որ ընդմիշտ եք մեկնում։
-Այո, այո։ Ասացի՝ «մեկնում եմ», ուրեմն վերջ։ 20 տարի ֆուտբոլում էի, ի՞նչ ստացա պետությունից։ Միայն տալիս էի։ Որպեսզի թույլ տան մեկնել, հանձնեցի բնակարանս։ Նույնիսկ չվաճառեցի։
-Այ քեզ բան։
-Քիչ ավելի ուշ Նահանգներ տեղափոխվեցին ընկերներս՝ Սերգեյ Բոնդարենկոն և Արմեն Սարգսյանը։ Երևի գիտեք նրանց։
-Իհարկե, հայտնի ֆուտբոլիստներ են։
-Սերգեյը եկավ 92-ին, երբ արդեն Կոմունիստական կուսակցությունը չէր ղեկավարում։ Նա պահել էր Երևանի իր բնակարանը։ Իսկ ես ընտրություն չունեի։ Կա՛մ հանձնիր, կա՛մ ոչ մի տեղ չես գնում։ Իսկ բնակարանը շքեղ էր՝ 4 սենյականոց, որը գտնվում էր հենց քաղաքի կենտրոնում՝ շուկայի մոտ։ Ասացի՝ «վերցրեք, խնդրեմ»։
-Ո՞վ է այնտեղ հիմա ապրում։
-Լենինականի շրջկոմի նախկին երկրորդ քարտուղարը։ Համար երկրորդ կոմունիստն էր։ Անունը Տաճատ է, ազգանունը չեմ հիշում։ Այն ամենն, ինչ հիմա ասում եմ, ասում եմ անկեղծ, ոչինչ չեմ թաքցնում։
Սպիտակ «Վոլգա»՝ 00-08 համարներով
-Ամբողջ Երևանը գիտեր Ձեր սպիտակ «Վոլգան», որի համարներում միայն ութեր էին։
-Դա՞ էլ եք հիշում։ Օ՜, ես կարծում էի՝ միայն ես եմ հիշում։ Շնորհակալ եմ։ Միայն թե համարները զրոներով էին՝ 00-08։ Այդ «Վոլգայի» հետ կապված պատմություն կա։ 73թ․-ին վերցրինք Գավաթն ու հաղթեցինք մրցաշարում, թիմը հոյակապ էր։ Երբ խաղաշրջանը լավ սկսեցինք, հանրապետության մինիստրների խորհուրդը Մոսկվայից 16 հատ «Վոլգա» խնդրեց, որ խաղաշրջանի վերջում բոլորը ստանան։ Դառնում ենք չեմպիոն, այդ 16 մեքենաները գալիս են Երևան։ Գիտե՞ք՝ ինչ եղավ հետո։
-Ինչ-որ սխալ բա՞ն։
-Ընկերներիցս մեկն ասաց․ «Լյովա, արագ գնա «Վոլգայիդ» հետևից, թե չէ չես ստանա։ 10 մեքենա արդեն վաճառել են»։ Պատկերացնո՞ւմ ես, Յուրա ջան։
-Այ քեզ բան։
-Չե՞ս հավատում՝ Երևանում մեր տղերքին հարցրու։ Բոլորը կհաստատեն։ Ամբողջ թիմին 5 «Վոլգա» մնաց։
-Ո՞ւմ տվեցին։
-Ինձ, կապիտան Հովհաննես Զանազանյանին, դարպասապահ Ալյոշա Աբրահամյանին, Անդրեասյանին ու Մարգարովին։ Վերջ։ Անհարմար էի զգում այդ մեքենայով շրջել, ազնիվ խոսք։ Ամեն անգամ, երբ դրանով մարզումների էի գնում, տղերքն այնպես էին նայում․․․ ախր ընկերներ ենք։ Չէի կարողանում նստել այդ «Վոլգայի» մեջ։ Արագ վաճառեցի։
-․․․ Ձեր մասին միլիոնավոր զվարճալի պատմություններ են պտտվում։
-Օ՜, դրանք շատ են․․․ երբ Կիևին երկու գոլ խփեցի, սկսվեց։ Ես, ախր Լենինականում եմ ծնվել։ Գյումրեցի եմ։ Պատմում են, որ երբ Գյումրի է ժամանում Պելեն քաղաքում քայլիս նրան ոչ ոք չի ճանաչում։ Մոտենում է մեկին․ «Ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն եմ», նա էլ պատասխանում է․ «Օ՜յ, Լևոնչիկ, ոնց ես սևացել․․․»
-Գյումրիում ասում են՝ պատրաստվում էին ձեր հուշարձանը դնել։
-Թույլ չտվեցին։
-Ինչ տխուր է։
-Դե, Լենինի հուշարձանի մեջքին «8» էին նկարել․․․ Անեկդոտ է։
«Կիկաբիձեն մի ուղեկցորդուհու էր սիրում, իսկ նա չեկավ»
-Հիշո՞ւմ եք, թե ինչպես առաջին անգամ «Միմինոյում» հնչեց «Իշտոյանին է տեսնում» արտահայտությունը։
-Բա, իհարկե։ Քիչ էր մնում աթոռից ընկնեի։ Մենք Ֆրունզիկի հետ ընկերներ էինք, նա նույնպես Լենինականից է։ Այնտեղ անգամ հարևաններ էինք, միայն թե այն ժամանակ ես դեռ փոքր էի։ Երևանում էլ մոտ էինք ապրում։ Սունդուկյան թատրոնից երկու փողոց ներքև նրա տունն էր։ Հաճախ էինք հանդիպում։ Մի օր էլ Ֆրունզիկը կորավ, վեց ամիս չերևաց։ Խառնվեցի իրար՝ հո բան չի պատահել։
Մի օր էլ շուկա էի գնում և հո՜պ, դիմացս հայտնվեց․ «Ո՞ւր ես կորել, սիրելիս», թե բա․ «Կես տարի նկարահանման էի, վրացական ֆիլմի նկարահանման են հրավիրել։ Շատ լավ ռեժիսոր է, սցենարն էլ ոչինչ։ Վրացին ու հայը հանդիպում են Մոսկվայում։ Կիկաբիձեն մի բորտուղեկցորդուհու է սիրում, իսկ նա չի եկել․․․ գիտես՝ պատմելով երկար է։ Կնայես հետո։ «Միմինո» է կոչվում»։ Լռեց, հետո հանկարծ աշխուժացավ․ «Լյովա, այնտեղ քո մասին այնպիսի բան եմ ասել, տեսնես՝ կշշմես»։
-Այդպես էլ եղավ։
-Ի դեպ, սցենարում ոչ մի Իշտոյան էլ չի եղել։ Ֆրունզիկը բեռնատարի մեջ ասում է․ «Լսիր, բա ի՞նչ ես ուզում։ Եթե կինն ամեն օր արտիստների է տեսնում, ակադեմիկոսների է տեսնում, տիեզերագնացների․․․»։ Հանկարծ Դանելիան ընդհատում է․ «Ստոպ։ Ինչ-որ բան պակասում է։ Արտիստներ, ակադեմիկոսներ ու տիեզերագնացները քիչ են։ Տասնհինգ րոպե հանգիստ, մի բան կմտածենք»։ Հետո մոտենում է․ «Ֆրունզիկ, պատրա՞ստ ես», Ֆրունզիկն էլ պատասխանում է․ «Սկսում ենք․․․» ու սցենարի արտահայտության վրա է միանգամից իմպրովիզ անում․ «Իշտոյանին է տեսնում»։ Դանելիան ծիծաղից ընկնում է․ «Այ, այն է, ինչ պետք է։ Թողնում ենք։ Հանճարեղ է, Ֆրունզիկ, հանճարե՜ղ։ Բրավո»։
-Ես իսկապես երջանիկ էի, երբ լսեցի։ Ամեն մեկին այդպիսի վայելք չի վիճակվում։ Այ, դուք, Յուրա ջան, կուզեի՞ք, որ Ձեր մասին ֆիլմում այդպես ասեին․ «Գոլշակին է տեսնում»։ Վատ չի հնչում, չէ՞։ -Ինձ մինչև հիմա թե՛ Վրաստանում, թե՛ Երևանում այդ արտահայտությամբ են դիմավորում․ «Օ՜, Իշտոյանին է տեսնում։ Կարելի՞ է Ձեզ դիպչել»։ Շնորհակալություն, Ֆրունզիկին։
․․․-Իսկ թիմում այդ ֆիլմի մասին ի՞նչ էին ասում։
-Յուրաքանչյուրն էլ ուզում էր, որ ֆիլմում իր անունը հնչեր։ Իհարկե, երբ փողոցում մարդիկ ասում էին․ «Իշտոյանին եմ տեսնում։ Կարելի՞ է դիպչել», դա թիմի տղաներին այնքան էլ դուր չէր գալիս։
-Նախանձո՞ւմ էին։
-Բա, իհարկե։ Ամեն տեղ էլ նույնը կլիներ։
-Գտել եմ Ձեր լուսանկարը ինքնաթիռում, մակագրված է․ «Այսպես են ուղեկցորդուհիները տեսել Իշտոյանին»։
-Գիտեմ այդ լուսանկարը, ինձ էլ է դուր գալիս։
«Ուկրաինացիներն ունեն Գավաթի եզրափակչի տեսագրությունը, բայց վաճառում են»։
-Եթե հնարավոր լիներ սեփական անցյալից միայն մեկ խաղ վերանայել, որը կընտրեի՞ք։
-Գավաթի եզրափակիչն ընդդեմ Կիևի «Դինամոյի»։ Ֆենոմենալ խաղ էր։
-Տեսագրություն կա՞։
-Ես չունեմ։ Միայն խամրած դրվագներ են՝ իմ երկու գոլերը։ Կիևն այն ժամանակ ֆենոմենալ թիմ էր, հետո նրանք ամբողջ Եվրոպան ջախջախեցին։ 10 տարի բոլորին սարսափի մեջ էին պահում։ Բայց 73-ին Մոսկվայում մենք հաղթեցինք։ Ասում են՝ ուկրաինացիները խաղի տեսագրությունն ունեն, բայց վաճառում են։ Անվճար չեն ուզում տալ։ Ես տղերքին հարցրել եմ՝ ոչ մեկ ժապավեն չունի։
․․․-Հրաշք էր Ձեզ համար։ Մեկ գոլ՝ վերջին րոպեին, ևս մեկը՝ լրացուցիչ ժամանակում։
-Այն ժամանակ ուրիշ ձև էին խաղում․ եթե լրացուցիչ ժամանակն ավարտվում էր ոչ ոքի, հաջորդ օրը նորից էին խաղում։ Եվ ահա, լրացուցիչ ժամանակից առաջ Սիմոնյանն անգամ ադմինիստրատորներին խնդրեց դուրս գալ հանդերձարանից։ Մնացինք միայն մենք ու նա։ Լռեց, հայացքով անցավ բոլորիս վրայով․ «Մեկ հարց ունեմ․ «ի՞նչ ենք անում այսօր»։ Բոլորս աչքներս խոնարհած, անուժ կանգնել էինք։ Նա ձայնը բարձրացրեց․ «Եթե այսօր չհաղթենք, վաղը ուշ կլինի։ Պիտի մեռնենք, բայց հաղթենք»։
-Հաջորդ օրը իրո՞ք «ուշ կլիներ»։
-Հարյուր տոկոսով։ «Ֆիզիկայի» առումով Կիևի հետ ոչ ոք համեմատվել չէր կարող։ Իսկ մեր թիմը, օրինակ, հասակով ամենափոքրերից էր։ Գլխով գոլ գրեթե չէինք խփում։ Բայց այդ երեկո դուրս եկանք դաշտ և լրացուցիչ ժամանակում ջախջախվեինք նրանց։ Լարածի պես էինք վազում։ Կիևը նման ճնշում չէր սպասում։ Մենք կարողանում էինք մեզ հավաքել։ Անգամ ինքնուրույն, առանց մարզիչների հանդիպում էինք․ «Ինչքան էլ լավ թիմ լինի, տասը տարի անց կմոռանան, եթե ոչինչ չշահի։ Կա՛մ Գավաթը, կա՛մ չեմպիոնատը պետք է հաղթել»։ Այդ տարի ամբողջ աշխարհն իմացավ, թե ովքեր են հայերը։
․․․-Պատկերացնում եմ, թե ինչպես Ձեզ դիմավորեց Երևանը, երբ ժամանեցիք Գավաթով։
-Մեզ Դոնեցկը դիմավորեց։ Մոսկվայից անմիջապես գնացինք «Շախտյորի» հետ խաղալու։ Ջիգյարով տղերք էին, թվում էր՝ հենց դաշտի մեջտեղում ուզում են սպանել մեզ․․․ բայց հետո Երևանում ինչ էր կատարվում․․․ մարդիկ ծառերից էին կախված, ճանապարհի ամբողջ երկայնքով սեղաններ էին բացված։ Բոլորն ուտում-խմում են, երաժշտություն էր հնչում։
-Պատկերացնում եմ։
-Մենք անգամ տուն չմտանք՝ միանգամից բազա գնացինք։ Էհ, Յուրոչկա, ինչ հուշեր են․․․
-Ասում են՝ Հայաստանում մորթել էին բոլոր հավերին։
-Չեմ բացառում։ Այ, երբ «Զենիթին» հաղթեցինք 3։2 հաշվով, արդեն հաստատ բոլոր հավերին տապակեցին։ Շատ ծանր խաղ էր։ Այդ երկու ուկրաինական թիմերից հետո ուժասպառ էինք եղել։ Յուրա ջան, անհնար է դա պատմել։ Երբեմն թվում է, թե այդ ամենը հեքիաթ է եղել, երազ։ Չեմ ուզում գլուխ գովել, բաց այն «Արարատը» հզոր թիմ էր։ Այսօր նայում եմ «Բարսելոնային»՝ մենք ճիշտ այդպես էինք խաղում։ Չեմպիոն դառնալուց հետո մինչև առավոտ քաղաքում քայլում էինք։ Ոչ ոք տուն չէր գնում։
«Արարատը» պետք է շահեր Չեմպիոնների գավաթը
-․․․ «Բավարիայի» հետ այնուամենայնիվ մի անգամ հանդիպել եք։ Նույն Ալյոշա Աբրահամյանը պատմում էր, որ եթե ինքը չլիներ, Մյունխենում կպարտվեինք ոչ թե 0։2, այլ 0։6 հաշվով։
-Ճիշտ է ամեն ինչ։ Ալյոշան շքեղ դարպասապահ էր։ Այնպիսի գնդակներից էր փրկում։ Մինչև օրս չեմ հասկանում, թե ինչպես էր դրանք պահում։ «Բավարիայում» աշխարհի վեց չեմպիոն կա։ Վեց։ Հիմա նայում եմ «Բավարիային»՝ չէ, այն մեկը շատ ավելի ուժեղ էր։
-Վե՞ց չեմպիոն։
-Այո, բոլորի անունները կարող եմ ասել․ Մայեր, Բեքքենբաուեր, Շվարցենբեք, Մյուլլեր, Ռումմենիգե, Հեննես․․․ պատկերացնո՞ւմ եք, Յուրա, ում հետ էինք խաղում։ Հիմա ամբողջ Եվրոպայում երեք իրական աստղ կա՝ Մեսսին, Ռոնալդոն, Մբապպեն։ Իսկ այն ժամանակ միայն մի ակումբում այդպիսիք վեցն էին։ Այսպես ասեմ․ մեր «Արարատը» երբեք ու ոչ ոք այնպես չի «քշել», ինչպես «Բավարիան» իր հարկի տակ։ Բայց Մասլովը լիակատար պաշտպանության տարբերակն էր ընտրել, մենք հենց պետք է պարտվեինք նվազագույն հաշվով։ Ամենասկզբից էլ ոչ-ոքիից ավելին մեզ չէր սպասում։ Բայց իզուր։ Եթե Մյունխենում 0։1 հաշվով պարտվեինք, մեր հարկի տակ արդեն հաստատ կջախջախեինք նրանց։ Իսկ հետո կշահեինք Չեմպիոնների գավաթը։ Այդ տարի պետք է շահեինք այն։
-Չե՞ք չափազանցնում։
-Հաստատ եմ ասում։ Գավաթը շահեց «Բավարիան», որին մենք 1։0 հաշվով հաղթեցինք տանը։
-Ձեզ «Բավարիայից» ուժե՞ղ էիք զգում։
-Չէ, «Բավարիայից» ավելի ուժեղը չկար։ Բայց կարող էինք տեղը դնել նրանց։
Ամեն խաղի համար «երկուս» էի ստանում
․․․-Մարզիչներից վիրավորական բան լսե՞լ եք։
-Այն էլ ինչքա՜ն։
-Ամենավիրավորակա՞նը։
-Նոր էի տեղափոխվել «Արարատ»։ Խաղերից հետո թե՛ Ֆալյանից, թե՛ Պոնոմարյովից միայն «երկուսներ» էի ստանում։ Մեկին չորս էին դնում, մյուսին՝ հինգ։ Իսկ ինձ՝ միայն երկուս։
-Այ քեզ բան։
-Բոլոր ընկերներիս ասում էի․ «Ինչո՞ւ այս մարզիչներն ինձ այսքան չեն սիրում, ախր իրենք էլ հրավիրել են»։ Իսկ 1970թ․-ին, խաղաշրջանի ավարտից հետո Ալեքսանդր Պոնոմարյովը դարձավ հավաքականի գլխավոր մարզիչ։ Գիտե՞ք՝ առաջին հերթին ում հրավիրեց ԽՍՀՄ-ի հավաքական։
-Ձե՞զ։
-Ինձ։ Այդ բոլոր «երկուսներից» հետո։ Ես չդիմացա, մոտեցա․ «Ինչո՞ւ այդպես»։ Միանգամից պատասխանեց․ «Հիմարիկ ես դու, հիմարիկ։ Եթե այն ժամանակ քեզ հինգ դնեի, այդպես էլ կմնայիր այդ մակարդակին։ Իսկ դու պետք է առաջ գնաս»։ Աչքերս լայնացան․ «Շնորհակալ եմ, Ալեքսանդր Սեմյոնովիչ»։
Մեկ շաբաթ պառկած էի վնասվածքով, թիմից ոչ ոք չեկավ այցելության
-Մեկ տարի անց չեմպիոն «Արարատից» քիչ բան էր մնացել՝ ցնցումներ սկսվեցին։
-Այդպես էլ կա։ Ֆուտբոլիստներին սկսեցին այնպես վերաբերվել, կարծես՝ 40-ն անց էինք։ 28 տարեկանում դուրս քշեցին։
-Դուք քանի՞ տարեկանում հեռացաք։
-Հենց 28-ում։ Ոչ միայն ես։ Ահա այդ պատճառով էլ արդեն 47 տարի է անցել, իսկ Հայաստանում ֆուտբոլ չկա։
-Ո՞վ էր մարզում։
-Թիմը Էդիկ Մարգարովն ընդունեց։ Ես վնասվածք ստացա, մեկ շաբաթ պառկեցի, թիմից որևէ մեկն այցելության չեկավ, չհարցրեց․ «Լյովա, ո՞նց ես»։ Ես էլ ասացի՝ վերջ, ավարտում եմ տարիքի պատճառով։ Ինձ հրաժեշտի խաղ տվեք, ուրիշ բան չեմ ուզում։ Հետո կհեռանամ ֆուտբոլից։
-Տվեցի՞ն։
-Խա՞ղը՝այո։ Այն ժամանակ արդեն 29 էի։
-Ականջներիս չեմ հավատում։
-Իսկ ինչի՞ն չեք հավատում, Յուրա ջան։ Նայեք, ինտերնետում լուսանկարներ կան՝ ինձ ուսերի վրա են տանում, ձեռքիս ծաղկեփունջ է․․․ ԲԿՄԱ-ի հետ էինք խաղում։
-Ես ոչ թե խաղի, այլ Ձեր հեռանալու մասին եմ խոսում։ Հայաստանի մեծագույն ֆուտբոլիստին 29 տարեկանում հանո՞ւմ են «Արարատից»։
-Ինձ բարձրագույն Լիգայի չորս թիմ էին հրավիրում՝ «Սպարտակը», «Զենիթը», Ալմաթիի «Կայրաթը» և Կիևի «Դինամոն»։ Կարող էի գնալ, բայց կինս ասաց․ «Լյովա, քեզ պետք չէ «Արարատից» ուրիշ տեղ գնալ։ Ավարտիր այստեղ»։ Այդպես էլ արեցի։ Հազար անգամ ճիշտ էր։ Շնորհակալ եմ կնոջս։ Հովհաննես Զանազանյանը՝ մեր կապիտանը, ճիշտ նույն վիճակում էր՝ 29 տարեկանում գնացել էր «Սպարտակում» խաղալու։ Խաղաց վեց ամիս, նրա հետ միասին դուրս թռավ բարձրագույն Լիգայից։ Հետո արդեն Ղարաբաղում էր խաղում։ Բա ինձ պե՞տք էր այդպես ավարտել։
-Իսկ ինչո՞ւ ոչ ոք Ձեզ մոտ՝ հիվանդանոց չեկավ։
-Չգիտեմ։ Ինձ համար մինչև օրս էլ հանելուկ է։ Ես արդեն այն ժամանակ ուզում էի դիմում գրել․ մեր տղերքից շատերին, որոնք 10 տարի շարունակ առանց պահեստայինների են խաղացել, հանկարծ նստեցրին նստարանին․ «Այստեղ է ձեր տեղը»։ Իսկ նրանք պրոֆեսիոնալ էին, փորձառու, նոր-նոր չեմպիոն էին դարձել։
-Դա Մարգարովի ժամանա՞կ էր։
-Սկսվել էր Մասլովի ժամանակ։ Մարգարովի օրոք շարունակվեց։ Իրեն հարցրեք, թե ինչու։ Կենդանի է, կարող է պատմել։ Բայց զարմանալի է։ Ինձ ու հանգուցյալ Շուրի Կովալենկոյին գոնե ծաղիկներով ճանապարհեցին։ Մյուսներին՝ ոչ։ Բլոխինն այդ իրավիճակում հանգիստ գնաց արտասահմանում խաղալու։
-Գաղտնիք ասեմ՝ առաջին խորհրդային լեգիոները ես պետք է դառնայի։ Նաև դիտարկվում էր Կիևից Կոնկովի թեկնածությունը։ Բայց Ավստրիա գնաց Զինչենկոն՝ «Զենիթից»։ Չեմ պատկերացնում, թե ինչու։ Գիտեմ, որ Անդրեասյանին Հունաստան և Ավստրիա էին հրավիրում։ Հենց որ «Արարատի» ֆուտբոլիստը հայտնվում էր հավաքականում, արտասահմանյան յուրաքանչյուր քաղաքում մոտենում էին նրան․ «Դու կարող ես «Բավարիայում» խաղալ»։ Գին էին առաջարկում։ Իտալիայում, հիշում եմ, անընդհատ շրջապատում էին մեզ։
-Հիշում եմ, հիշում եմ, թե ինչպես էին հայերը ԽՍՀՄ-ի հավաքական գնում։ Իմ ամենասիրելի լուսանկարն այն ժամանակներից ֆրանսիացիների հետ խաղի առաջին խաղակեսից հետո նկարված ցուցատախտակն է։ Հաշիվը՝ 4։0, բոլոր գոլերը միայն հայերն էին խփել։ -Պաշտում եմ այդ լուսանկարը։ Զարմանալի է, որ հիշում եք այն։ Կեցցե՛ք։ Դա օլիմպիական հավաքականն էր, «Արարատից» միանգամից հինգ հոգու կանչեցին։ Իսկ 72-րդ Օլիմպիական խաղերին ինձ չթողեցին։ Չնայած Մյունխեն գնալու ցուցակում առաջինն էի։ -«Արարատից» ինչ-որ մեկին տարա՞ն։ -Հովհաննես Զանազանյանին և Անդրեասյանին։ Իմ մրցակիցներն էին Եվրյուժինը՝ Մոսկվայի «Դինամոյից» և Գրեչկոն՝ Լվովի «Կարպատներից»։ Ասացին՝ «շնորհակալություն» ու հեռացրին։ Վիրավորական էր․․․ Հըն, ո՞նց ստացվեց հարցազրույցը։ Ամեն ինչ կարգի՞ն է, Յուրա ջան։ -Հոյակապ -Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ զրույցի, հիշողությունների համար։ Համբուրում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հիշում են Մոսկվայում։ Այդպես էլ կգրես։
Commentaires