22.07.2020
Իսրայելի ռազմական արդյունաբերությունն ավելի մեծ խայտառակություն չէր ապրել, գրում է հայտնի իսրայելցի բլոգեր Լապշինը, խոսելով Տավուշում Հայաստանի ՀՕՊ արձանագրած արդյունքի ՝ ադրբեջանական զինուժի անօդաչուների խոցման մասին:
Այստեղ թերեւս շատ կարեւոր է տարբերակել շեշտադրումները: Հայտնի բլոգերը, ինչպես հայտնի է, առեւանգվեց եւ ազատազրկվեց Բաքվում, որովհետեւ անդուր բաներ էր ասել Ալիեւի հասցեին: Լապշինն անցել է ադրբեջանական ազատազրկման պատմության մղձավանջը եւ գուցե իր խնդիրներն ունի թե Բաքվի, թե Թել Ավիվի հետ, բայց դրանք Հայաստանի եւ հայկական զինուժի խնդիրները չեն: Հայաստանի խնդիրը Իսրայել հետ գործնական հարաբերության հասնելն է, ինչը բխում է ռեգիոնալ անվտանգության շահից: Իսրայելական ռազմարդյունաբերությունը եթե խայտառակվել է, ապա ոչ միայն Տավուշում, այլ Ադրբեջանի բանակ կոչված միավորումում, որի ձեռքում է հայտնվել այդ ռազմարդյունաբերական արտադրանքը:
Այդ իմաստով, Իսրայելը թերեւս իրապես պետք է մտածի, թե ում է «վստահում» իր ապրանքը, թեկուզ փողով: Խայտառակության աղբյուրը հենց դա է, իսկ հայկական զինուժը պարզապես արել է իր գործը:
Ինչ խոսք, Իսրայելը թերեւս ուշադիր հետեւում էր իր ռազմարդյունաբերության մարտական արդյունքին, թե ինչ պատկեր է ստացվում հայերի դեմ կիրառումով: Բայց նաեւ հենց այդ քաղաքական պատկերն է, որ պետք է փոխի Հայաստանն իր ուժեղ դիրքով եւ ուժերի հարաբերակցության վերաբերյալ ադրբեջանական պատրանքները ցրելով:
Իսկ Հայաստանն ու Իսրայելը կարող են խոսելու շատ ընդհանուր բան ունենալ տավուշյան իրադարձությունների արդյունքում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Լրագրի մեկնաբան