top of page

Խեղկատակություն այն ժամանակ, երբ կանգնած է հայկական պետականության լինել-չլինելու հարցը

27.05.2023

Թող ոչ մեկի համար վիրավորական չթվա, բայց Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն, իմ կարծիքով, իրենց ելույթներով եւ վեճերով բավականին հեռու են այն լրջագույն մարտահրավերներից, որոնց առջեւ այսօր կանգնած է Հայաստանի Հանրապետությունը: Այն իրավիճակում, երբ բառիս բուն իմաստով կանգնած է հայկական պետականության լինել-չլինելու հարցը, կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրում ԱԺ-ն պետք է կարողանա տալ իրական, պահի լրջությանը համապատասխանող «արտադրանք»:


Հասկանալու համար, թե ինչ «արտադրանքի» մասին է խոսքը, պետք է հստակ գիտակցել, որ Ադրբեջանի հետ նոր պատերազմն անխուսափելի է: Եթե Փաշինյանը նույնիսկ հայտարարի, որ Հայաստանն Ադրբեջանի անբաժանելի մասն է, թշնամին, միեւնույն է, ցանկանալու է «զարգացնել հաջողությունը» եւ ամբողջությամբ վերացնել հայկական էթնոսն այս տարածաշրջանից: Քանի որ խոսքը բոլոր հայերի մասին է, քաղաքականությամբ զբաղվող եւ չզբաղվող, նիկոլական եւ քոչարյանական, «ներկա» եւ «նախկին», այստեղ որեւէ քաղաքական խրամատում դիրքավորվելը պարզապես ծիծաղելի է: Շարքային քաղաքացին կարող է ասել՝ «մեր Նիկոլն ամեն ինչ ճիշտ է անում, մենք թույլ ենք, մենք չենք կարող թուրքի հետ կռվել», բայց բարձրագույն օրենսդիր մարմնում հայտնված մարդիկ պետք է հասկանան (եւ, ի դեպ, կարծում եմ, մեծամասնությունը հասկանում է), որ պատերազմից խուսափելն անհնարին է:


Ի՞նչ «արդյունք» եմ ես ակնկալում խորհրդարանից: Այնպիսի օրենքներ եւ հայտարարություններ, որոնք կնպաստեն բանակի մարտունակության բարձրացմանը եւ հասարակության մոբիլիզացիային: Այնինչ ներկա Ազգային ժողովն ինձ հիշեցնում է դիլետանտ պատմաբանների ակումբ, որի նպատակն է քննարկել, թե 5 եւ ավելի տարի առաջ ՀՀ որ նախագահն ինչ է արել կամ ասել: Այդ հարցերը քաղաքական առումով բացարձակապես արդիական չեն, զուտ ակադեմիական հետաքրքրություն են ներկայացնում, եւ մասնագետների քննարկման առարկա են: Ի՞նչն է գործնական առումով փոխվում նրանից, որ 5, 10 կամ 30 տարի առաջ նախկին ղեկավարները ճի՞շտ բան են արել կամ ասել, թե՞ սխալ: Ավելի արդիական խնդիրներ չկա՞ն:


Խեղկատակությունը, լեզվակռիվները, քաշքշուկը, իհարկե, ցանկացած խորհրդարանի աշխատանքի անբաժանելի մասն են: Բայց նման շռայլություն կարելի է թույլ տալ սովորական, խաղաղ վիճակում:


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ»-ի խմբագիր

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page