15.06.2020, ԵՐԵՎԱՆ
«Բայց ես էսօր որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Հարգելի ժողովուրդ, ինչ ուզում են սարքեն, չոռը մարդուն չի կպնելու, պատրաստ եմ ամեն ինչի: Այդ վստահությունը եղել ա հնուց, 15 թվականից, ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել: Ամենակարեւորը ով ինչ խոսք է տվել, ինչ պարտավորություն վերցրել է, պետք է կատարի», հայտարարել է ԲՀԿ նախագահ Ծառուկյանը հունիսի 14-ին մինչ իր տնից ԱԱԾ գնալը: Ծառուկյանի խոսքը, որ ուղղել է համակիրներին, ներկայացրել է news.am-ը։
Թեեւ խոսքն ուղղված է համակիրներին գոտեպնդելու, այդուհանդերձ տողատակում նշմարվում է ԲՀԿ նախագահի հուսահատությունը՝ «ամենակարեւորը, ով ինչ խոսք տվել է, ինչ պարտավորություն վերցրել է, պետք է կատարի»:
Ինչի՞ մասին է խոսում Գագիկ Ծառուկյանը: Համակիրների՞ն է ակնարկում, որ ունեն ինչ-ինչ պայմանավորվածություններ, թե՞ Գագիկ Ծառուկյանը պայմանավորվածություն ունի որեւէ մեկի հետ եւ ԱԱԾ գնալուց առաջ հայտարարում է, որ ինքը չի նահանջելու, միաժամանակ հիշեցնում, որ ով ինչ պարտավորություն ու խոսք ունի, պետք է կատարի:
Թե՞ գործ ունենք այլ վիճակի հետ, երբ ԲՀԿ նախագահը թափանցիկ ակնարկում է, որ իր հանդեպ չեն կատարվել տրված խոսքեր ու պարտավորություններ, եւ ինքը գնում է մինչեւ վերջ: Դա վերջնագի՞ր է, թե՞ հուսահատություն:
Ծառուկյանը հիշեցնում է 2015-ի մասին, ասելով, թե շատ բան են առաջարկել, չի համաձայնել, «հիմա էլ են առաջարկում», չի համաձայնում: Նա ըստ ամենայնի ուզում է ասել, թե որեւէ մեկի հետ գործարքի մեջ չէ: Ըստ այդմ, ոչ թե ինքն է ինչ որ խոստում տվել, այլ իրեն են տվել խոստումներ: Ե՞րբ, արդյո՞ք 2015-ին:
2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանն իր կոշտ ելույթով Գագիկ Ծառուկյանին դուրս մղեց քաղաքականությունից: Գործընթացը սակայն ուշագրավ էր: Բանն այն է, որ փետրվարի 12-ի կոշտ ելույթին Գագիկ Ծառուկյանը տվեց ոչ պակաս կոշտ հրապարակային պատասխան, ինչը նշանակում էր ներքաղաքական լուրջ բախում: Հետո սակայն, փետրվարի 16-ին մամուլում տարածվեց տեղեկություն, որ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի դղյակում ընթանում է Սարգսյան-Ծառուկյան հաշտության բանակցություն՝ ՀՅԴ եւ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջնորդությամբ:
Ընդ որում, հատկանշական էր, որ ՀՀԿ դեմքերը դրանից տեղյակ չէին, մամուլին հայտնել էր Արմեն Ռուստամյանը, այն դեպքում, երբ Վահրամ Բաղդասարյանն ասել էր, թե չկա այդպիսի բան: Պարզվեց, որ եղել է, ինչից հետո Ծառուկյանը գնաց ոչ թե բախման, այլ քաղաքականության էջը փակելու:
Արդյոք եղել են խոստումներ ու պարտավորություններ 2015 թվականի այդ օրը, որ տրվել են Ծառուկյանին՝ էջը փակելու դիմաց: Ինչի՞ հետ են կապված եղել այդ խոստումները: Բայց, չէ՞ որ եղել է հեղափոխություն, Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել ժողովրդական պահանջի դիմաց, ըստ այդմ իրավիճակ է փոխվել եւ խոստումները բնականաբար չեղարկվում են, ըստ տրամաբանության: Թե՞ ԲՀԿ նախագահը ունի իրավիճակի այլ գնահատական եւ մեկնաբանություն, կամ նրան նորերս են որեւէ բան հայտնել այդ առնչությամբ, հասցնելով հուսահատության:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԼՐԱԳՐԻ մեկնաբան