19.07.2020
Ռուսաստանում հայկական ինքնության վերելք է, որի ֆորմալ առիթը ծիրանն է: Առիթը տվել են ադրբեջանցիները, որոնք արգելել են ծիրանի հայ արտահանողներին հայկական ապրանքը վաճառել ադրբեջանական սեփականության շուկաներում: Իսկ դրանք վաճառքի հիմնական կետերն են: Ըստ այդմ, առաջացել է վաճառքի խնդիր, որն էլ լուծելու համար Ռուսաստանի հայությունը տարերայնորեն ինքնակազմակերպվել է ծիրան գնելու համար, որպեսզի չփչանա հայ արտահանողների ապրանքը:
Հայկական վերելքի առիթը խիստ խորհրդանշական է: Բանն այն է, որ ծիրանը պարզապես ապրանք չէ, պարզապես բերք չէ, այն հայկական ինքնության, պատմա-քաղաքակրթական խորքի մի կարեւոր ու քաղցր մաս է:
Դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում աքքադացիներն այն կոչում էին «արմանու» («արմանական», այսինքն՝ «հայկական»), իսկ Հայաստանը՝ Արմանի («ծիրանի երկիր»)։ Միջագետքի հնագույն բնակիչներ արամեացիները (քաղդեացիները) ծիրանի ծառը կոչում էին «խազուրա արմենայա» («հայկական խնձորենի»)։ Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թուֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»: Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»։ 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, և անվանեց այն Armeniaca Vulgaris։
Այդ ամենը կարդում ենք Վիքիպեդիա հանրագիտարանում, որտեղ կան էլի հետաքրքիր տեղեկություններ հայկական ծիրանի մասին: Կարդացե՞լ էին այդ ամենն ադրբեջանցիները, երբ Տավուշի ուղղությամբ կրած ռազմական պարտության ֆոնին Մոսկվայում վրեժխնդիր էին լինում, տրորելով հայկական ծիրանը: Հազիվ թե: Հազիվ թե նրանք գիտակցեին, թե հայերի ինչին են կպնում:
Ընդ որում, խոսքն այս դեպքում բուն ծիրանի մասին չէ: Իհարկե, նույնը կլիներ անշուշտ որեւէ հայկական ապրանքի պարագայում: Խնդիրն այն է, որ պետք չէր տրորել հայկական ոչինչ, պետք էր պարզապես լուռ սգալ սեփական կորուստն ու մտածել սեփական ռազմա-քաղաքական ղեկավարությանը խաղաղության մարդկային ու քաղաքակրթական իմաստն ու արժեքը բացատրելու մասին:
Որովհետեւ հայկական որեւէ բան տրորելն անիմաստ է, աշխարհի որ ծայրում էլ լինի: Հակառակը, հայկական ինքնությունը շատ ավելի անբռնազբոս ու անփույթ է դառնում այն դեպքում, երբ չկա որեւէ մարտահրավեր: Որեւէ մարտահրավեր արթնացնում է հայերին, դարձնում մեկ մարդ, մեկ աշխարհ: Իհարկե հետո դարձյալ գալիս է «նինջը», երբ հարցը լուծվում է:
Ահա այդ իմաստով, Ռուսաստանում հայկական վերելքը որքան հուզում, որքան լցնում է ազգային արժանապատվության ու հպարտության զգացումով, նույնքան առաջացնում է հարցեր, կարեւոր հարցեր. ի՞նչ անել, որ հայկական ինքնակազմակերպումը վերածվի ինքնաբավ մեխանիզմի, որը չունի որեւէ էթնիկ կամ ագրարա-գյուղացիական խթանի կարիք, եւ գործում է ոչ իբրեւ ինքնապաշտպանական ընթացիկ ռեակցիա հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակում, այլ որպես ստեղծարար ուժ, որն ունի շատ ավելի լայն ու հարուստ օրակարգ:
Օրակարգ, որը ներառում է օրինակ հայկական պետականության ապագային, անվտանգությանն ու զարգացմանը վերաբերող կոնցեպտուալ հարցեր, որոնց թվում եւ հայ-ռուսական հարաբերությունը, դրա տրանսֆորմացիան ավանդական «մետրոպոլիա-գաղութ» տրամաբանությունից փոխադարձ շահի եւ իրավունքի վրա հիմնված միջպետական տրամաբանության: Օրակարգ, որը ներառում է Ռուսաստանում հայկական կապիտալի վարքի եւ մտածողության վերափոխման, համաշխարհային նոր իրողություններին համահունչ արդիականացման խնդիրներ, այդ համատեքստում հայկական պետականության ու համահայկական կյանքի կազմակերպման հարցում նրանց անձնական եւ հավաքական պատասխանատվության նոր որակի նշաձողեր: Դրանք իհարկե շատ բարդ եւ բազմաշերտ հարցեր են, որոնց լուծումը սակայն էապես պայմանավորելու է թե համահայկական կենսունակությունը, թե դրա առանցքում հայկական պետականության ապագան:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Լրագրի մեկնաբան
Comments