top of page

Կառավարության թեթև ձեռքով այսօրվանից լուծարված «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի մահախոսականը

31.05.2023

Իմ հիշողության մեջ տակավին թարմ են անցյալ դարի 90-ականների աշնանային այն օրերը, երբ փլուզվում էր խորհրդային կայսրություն կոչված Բաբելոնյան աշտարակը, եւ Արցախյան հուժկու շարժման ոգով էր տրոփում համայն հայության հավաքական սիրտը: Հիշում եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ծնունդը՝ 1990-ի հոկտեմբերի 9-ին լույս տեսած անդրանիկ համարով: Իսկ մինչ այդ այն վեճերն ու խոսակցություններն եմ հիշում, երբ շատերը գերադասում էին տակավին հրատարակվող «Խորհրդային Հայաստանն» անվանափոխել եւ դարձնել ՀՀ նորաստեղծ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ: Այս մոտեցումն ունեցողները շատ էին, նրանց թվում էր նաեւ Հրանտ Մաթեւոսյանը. «Կա թերթ՝ իր պրոֆեսիոնալ աշխատակազմով, խմբագրության համար անհրաժեշտ լիարժեք պայմաններով, էլ ի՞նչ կարիք կա լրացուցիչ ծախսերի: Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, ապա այնտեղ աշխատողներն էլ են մեզ ու ձեզ նման հայ մարդիկ, նույն ազգայինի ջատագով մտահոգ խմբագիր եւ լրագրողներ…»:


Բայց այդպես չէր լինելու՝ հաղթելու էր նորն ստեղծելու տարբերակը: Եվ ստեղծվեց «ՀՀ»-ն՝ երկլեզվյա՝ հայերեն եւ ռուսերեն տարբերակով: Գլխավոր խմբագիր նշանակվեց Այդին Մորիկյանը:Հետագայում՝ 1992 թ. նոյեմբերից «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվեց եւ սկսեց լույս տեսնել որպես առանձին թերթ:


Դժվար էր, իհարկե, նորընծա «ՀՀ»-ի կայացման ճանապարհը: Այդպես է, իհարկե, ցանկացած նորը կյանքի կոչելու պարագայում: Սակայն երջանկահիշատակ առաջին խմբագիրը, որ ունենալով բարձրագույն բանասիրական եւ լրագրողական կրթություն՝ աշխատած լինելով «Երեւանի համալսարան», ապա «Ավանգարդ» թերթերի խմբագրություններում եւ ամբարած պատկառելի փորձ ու հմտություններ, նախեւառաջ ջանաց իր շուրջը համախմբել կայացած լրագրողների: Եվ պետականամետ, ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող գլխավոր խմբագրին հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել հանրապետության թիվ մեկ թերթը՝ ներառելով նորանկախ մեր երկրում, ազատատենչ Արցախում, նրա շուրջ եւ աշխարհում տեղի ունեցող անշրջանցելի իրադարձությունները: Արցախյան պատերազմի ծանրագույն շրջանում, երբ հովհարային անջատումներից խավարում խարխափում էինք ազգովի, եղավ շրջան, որ չխաթարելու համար թերթի լուսընծայման պարբերականությունը՝ խմբագրակազմը «տեղափոխվեց» նախագահական եւ իր առաքելությունը շարունակեց այնտեղից: Այս փաստը լավագույնս է վկայում պետական պաշտոնաթերթի դերի, առաքելության եւ անհրաժեշտության մասին: Կարեւորագույն այն թերթի, որը կոչված էր նախեւառաջ վառ պահել ազգային ազատագրական շարժման գաղափարը ժողովրդի սրտում: Այն թերթի, որը, դուրս գալով իշխանական կուլիսային տրամաբանությունից, մնաց հայ ժողովրդին ու նրա ճակատագրին հավատարմության դիրքերում՝ հետխորհրդային շրջանում իրապես նոր մակարդակի հասցնելով նաեւ մշակույթի եւ արվեստի լուսաբանումը: Որովհետեւ մշակույթը, ինչպես գերբն ու հիմնը, արտացոլում է ոչ միայն ժողովրդի անցած ուղին, այլեւ մատնանշում է նրա հեռանկարները, նրա տեղն ու դերը համաշխարհային ընտանիքում:


Վերադառնալով անցյալ՝ անհրաժեշտ է հիշել բոլոր գլխավոր խմբագիրներին, որոնցից յուրաքանյուրը մեկ մոմ հաստատ վառել է նրա կայացման ու հաստատման ճանապարհին՝ Այդին Մորիկյան, Մեսրոպ Հարությունյան, Լիզա Ճաղարյան, Աշոտ Աղաբաբյան, Տիգրան Ֆարմանյան: Բայց ազնվորեն պետք է խոստովանել, որ վերջին գլխավոր խմբագրին՝ Արթուր Ղարագյոզյանին հաջողվեց թերթը մոտեցնել միջազգային չափանիշներին ինչպես դիզայնի, այնպես էլ հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու առումով: Նրա օրոք «ՀՀ»-ն իրապես վերածվեց պետական լրաստվամիջոցի՝ այս բառի բուն իմաստով. ամենօրյայի էջերում հայտնվեցին նաեւ ընդդիմության ներկայացուցիչները: Թերթի հաղթանակներից մեկն էլ այն է, որ ներկուսակցական գզվռտոցը չտեղափոխեց իր էջեր, ուշադրության կենտրոնում պահեց ոչ թե անհատներին, այլ գաղափարներն ու տեսակետները, որոնք իրենց հիմքում առողջ հատիկ ունեն՝ միտված հայոց ապագային: «ՀՀ»-ն չդարձավ ոչ իշխանության, ոչ էլ որեւէ անձի, կուսակցության կամ կազմակերպության խոսափողը, «պատկերասրահը» չդարձավ «առանձնահատուկ» որեւէ մեկի… Շնչեց ազատորեն՝ առանցքում ունենալով երկրին ու ժողովրդին շահեկանորեն ծառայելու համեստ առաքելությունը:


«ՀՀ»-ին վերապահված էր 33 տարվա գործունեություն: Ասել է, թե այն տարեգիրը դարձավ անկախ Հայաստանի ընդամենը առաջին երեք տասնամյակի պատմության: Խմբագրակազմը, որի յուրաքանչյուր անդամ իր գործի պրոֆեսիոնալն է, վաղը, մյուս օրը իր եսը կվերահաստատի այս կամ այն լրատվամիջոցում, կասի իր ասելիքը՝ հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին, որոնք ձեւավորվել էին մայր թերթի հայրենաշունչ մթնոլորտում, նաեւ ցորենի հատիկ կդառնա մամուլի դաշտում՝ ծնունդ տալով բազմաթիվ հասկերի…


Հակոբ Սրապյան

«Թերթ, որ չդարձավ խոսափող կամ պատկերասրահ»

Comments


«Քոչարյանին ասացի՝ ժողովուրդը ձեզ ատում է». Հարութ Սասունյանը՝ Քըրք Քըրքորյանի համեստության, մեր անփառունակ ոչ վաղ անցյալի և վտանգավոր ներկայի մասին | «Զրույցներ հայության մասին»

bottom of page