Կատարոն մնաց թշնամուն

18.11.2020

Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանը պատերազմի հետևանքով մնացել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտնեց` «Կատարո» գինու գործարանն ամբողջությամբ, «կազմ ու պատրաստ» վիճակում է մնացել թշնամուն։


«Գործարանի ղեկավարները չեն հասցրել այնտեղից որևէ տեխնիկա դուրս բերել. միայն մի քանի մեքենա գինի է հաջողվել փրկել ու հանել գործարանից։ Մնացած ամեն ինչ` այգիները, գինով լեփ–լեցուն ցիստեռները մնացել են այնտեղ։ Իմ հաշվարկով` 1 մլն դոլարից ավել վնաս են կրել»,–ասաց Հարությունյանը։

Նա հայտնեց, որ գործարանի ղեկավարների հետ հետագա անելիքների հետ կապված քննարկումներ կլինեն ավելի ուշ։


Հարությունյանը նշում է, որ, ճիշտ է, հիմա բոլորս շոկի մեջ ենք, սակայն պետք է հավաքվենք ու փորձենք վերականգնել գործարանը։ Նրա խոսքով` սեփականատերերի հետ զրույցից հետո պետք է հասկանանք` ով ինչով կարող է օգնել. գուցե պետական միջոցների հաշվին, գուցե բարեգործների, բայց գործարանը պետք է ոտքի կանգնի նորից։


«Կատարոն», ի դեպ, միակ գործարանն է, որ ամբողջությամբ մնացել է հակառակորդին։


Հայաստանի գինեգործների միության նախագահը հայտնեց` պատերազմի հետևանքով շատ այգիներ են մնացել թշնամուն (մասնավորապես` խնդողլուի)։ Մարտակերտում, Ասկերանում գինու 1-2 գործարան են ռմբակոծվել, որոնք մասնակի են տուժել։


«Կատարոն» հիմնել է Էդիկ Ավետիսյանն իր երեք որդիների հետ, գինու արտադրությունը մեկնարկել էր 2002թ.-ից, իսկ առաջին շշալցումը եղել է 2010-ին:

Գործարանը «Կատարո» է կոչվել Տող գյուղի մոտ գտնվող Դիզափայտ սարի վրա 17-րդ դարում կառուցված վանքի անունով։ Այն արտահանում էին Հայաստան, ինչպես նաև ՌԴ, ԱՄՆ, Կանադա, մերձբալթյան երկրներ, Բելգիա, Անգլիա...


2019-ին գործարան էր այցելել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության` կողմերը պետք է մնային այն կետերում, ուր կանգ էր առել պատերազմը։ Ադրբեջանը հասցրել էր գրավել Հադրութը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան