29.04.2020, ԵՐԵՎԱՆ
Վերջին թարմացումը՝ 30.04.2020, 03:45

Այսօր Արամի փողոցին մերձակա այգում ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ակտիվիստ Արթուր Դանիելյանի միջև։
Իրարամերժ փաստերի համադրումով կարելի է ասել, որ վեճը սկսվել է Արթուր Դանիելյանից, ով այգում զբոսնող Սիմոնյանին սեռական հայհոյանքներ է տվել, վերջինս էլ հարվածել է նրան և սկսվել է ծեծկռտուք։
Նրանց հետ գտնվողները չեն կարողացել բաժանել իրարից։ Երկուսն էլ մարմնական վնասվածքներ ունեն։
Միջադեպով 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, այդ թվում` Արթուր Դանիելյանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Այնուհետև Արթուր Դանիելյանը ոստիկանության բաժնից տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն»,- ասաց Ջոնոյանը։
Նշենք, որ այժմ հիվանդանոցում է նաև Ալեն Սիմոնյանը։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է իր և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես եւ իմ ընկերը աշխատանքից քայլում էինք դեպի տուն եւ տան մոտ՝ այգում տեսանք երեք երիտասարդի, որոնցից մեկը որոշ շրջանակներում հայտնի մի անձնավորություն է, ես նրան ճանաչում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Խոսքը Արթուր Դանիելյանի մասին է։ Եկանք ընդառաջ եւ երբ նա շատ երկար նայեց ինձ վրա, ես ասացի՝ բարեւ, Արթուր, որին ի պատասխան լսեցի՝ բարեւ բ*** տղա։ Ես մոտեցա եւ ասեցի, որ նույն կարծիքը ունեմ իր մասին եւ գլխով հարվածեցի իր քթին։
Կարծում եմ՝ որեւիցե մեկը չի կարող ասել, որ երեւի ճիշտ էր այլ կերպ վարվել։ Ես հասկանում եմ, գիտակցում եմ իմ պետական պաշտոնյա լինելը, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող է իրեն թույլ տալ փողոցում քայլող, իրեն բարեւ տվող մարդուն, ընդ որում բարեւը իր մեջ չի պարունակել հեգնանք…
Նրանք երեքով (լավ չեմ հիշում, բայց այդ մասը լավ եմ հիշում) փորձեցին ինձ քաշքշելով եւ հարվածելով կանգնեցնել։ Ես հիմնականում ուզում էի հասկանալ՝ ինչ է կատարվում, եւ ինձ ով է փորձում հարվածել, փոքր ծեծկռտուք տեղի ունեցավ այդ վայրում, որից հետո փողոցով անցնող մարդիկ սկսեցին բղավել, եւ այդ երիտասարդները շտապեցին հեռանալ այդ վայրից...
Այս ամենը ունի նախապատմություն։ Բնակվում եմ այդ վայրից ոչ հեռու։ 2016 թվականին նույն երիտասարդը, որը փորձում էր անդամագրվել ՔՊ–ին, ես այն ժամանակ աշխատում էի «Արարատնյուզ» լրատվականում, մի նյութի հետ կապված բավականին կոպիտ ձեւով պահանջեց, որպիսի ես հեռացնեմ նյութը։ Ես իրեն ասացի, որ դա իր գործը չէ, որովհետեւ նախեւառաջ նա որեւիցե կապ չի կարող ունենալ այդ կայքի հետ, թեեւ նա այդ ժամանակ հանդիսանում էր կայքի սեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի փեսան։
Իրեն ասացի, որ նույնիսկ ինձ հետ աշխատող Սուքիասյանները նման կերպով ինձ պահանջներ չեն ներկայացնում եւ ինձ հետ այդ կերպ չեն խոսում։ Դրան հետեւեց այն, որ նա պահանջեց, որ ես իջնեմ ներքեւ՝ տան բակ։ Նա եկել էր իմ վրա հարձակվելու, ինձ ծեծելու։ Փորձը չստացվեց, որովհետեւ նախեւառաջ գալիս էր ընդառաջ եւ ես տեսնում էի, որ նա եկել է ինձ հարվածի, ինչը ինձ համար զարմանալի էր, քանի որ ես այդ ժամանակ հանդիսանում էի ՔՊԿ խոսնակը, իսկ նա մարդ էր, ով դիմում էր ՔՊ-ին, ուզում էր անդամագրվել, նաեւ իմ աշխատատուի փեսան էր։ Ասացի՝ եկել ես՝ ինձ ծեծե՞ս, որին հետեւեց հայհոյանքներ եւ հարձակում ինձ վրա։ Հարվածները չստացվեցին, ես փորձում էի նրան սթափենցել, երբ զգաց, որ որեւիցե բան չի ստացվում, նստեց մեքենան, հեռացավ։ Դրանից հետո ինձնից հրապարակային ներողություն խնդրեց։
Այսօրվա միջադեպը ինձ հիշեցրեց այն, ինչ տեղի էր ունեցել նույն վայրում մի քանի տարի առաջ։ Տեսնել, որ նա փորձում է այն երիտասարդների մոտ ինքնահաստատվել եւ ուղղակի անցորդ մի տղայի բարեւին ի պատասխան սեռական բնույթի հայհոյանք հնչեցնել, երկրորդ անգամ չարձագանքել ուղղակի ես ինձ չէի կարող թույլ տալ, որովհետեւ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կարելի է բարեւ տվող մարդուն սեռական բնույթի հայհոյանք հասցնել։
Իր կողմից նաեւ բազմիցս սպառնալիքներ են հնչեցվել ֆեյսբուքյան իր էջում, եթերներում, իր չակերտավոր գործընկերների եթերներում։ Հունվարի 30-31-ին ինձ նույնպես սպառնալիք է հնչեցվել, մոտավորապես՝ նենց մի արա, որ Արթուր Իսպիրյանի իրավիճակը, Ալենչո, քո համար ավելի վատ լինի...
Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել, եթե հանրությունը, եթե ոստիկանությունը, եթե դատավորը կգտնի, որ այն քայլերը, որոնք ես գնահատում եմ ինքնապաշտպանություն, սխալ են եղել»,– ասաց նա։
Դեպքի մասին առաջինը հայտնել էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը.
«Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,- գրել էր նա։
Միայն մեկնաբանություններում էր Բաբաջանյանը մանրամասնել, որ տեղի է ունեցել ծեծկռտուք։
Մինչդեռ ֆեյսբուքյան իր էջում Դանիելյանի զինակից-ակտիվիստ Կոնստանտին Տեր-Նակալյանն տրամագծորեն հակառակ բանն էր հաղորդում՝ հրապարակելով Արթուր Դանիելյանի լուսանկարը:
«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,-լուսանկարին կից գրել էր նա:
Արթուր Դանիելյանին անգամ չեն թողել բուժօգնություն ստանալ։ Մեր վերջին ինֆորմացիան նրանից եղել էր այն, որ նա հասել է Առաջին հիվանդանոց, հեսա պետք է մտնի։ Փաստորեն նրան Առաջին հիվանդանոց մտնելուց ձերբակալել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29–ին, Facebook-ի ուղիղ եթերում ասել է Կոնստանտին Տեր-Նակալյանը։
«Դրանով էլ պայմանավորված էր այն հանգամանքը, որ մենք ունեինք տեղեկություն, որ նա մտել է հիվանդանոց ու նաեւ ներսից էին հաստատում, որ նրան այնտեղ տեսել էին։
Ոստիկանությունը թույլ չի տվել, որ Արթուրը ստանա առաջին բուժօգնություն, թեեւ նկարից արդեն ակնհայտ է, որ նա ունի մարմնական վնասվածքներ... Ալեն Սիմոնյանն է ինչ-որ հարցազրույցներ տվել՝ ըստ էության հաստատելով այն, ինչ մենք ենք ասում։
Առաջինը Արթուր Դանիելյանին հարվածել է Ալեն Սիմոնյանը։ Դրանից հետո Արթուր Դանիելյանի կողմից կարելի է որակել, որ տեղի է ունեցել ինքնապաշտպանություն։ Ալեն Սիմոնյանի ասելով՝ ինքը հարվածել է, որովհետեւ իրեն հայհոյել են, բայց մենք տեսանք, որ երեկ իրեն անբարոյականի վաստակ էին ասում, նա ոչ մեկի չէր հարածում, հետո էլ լայվ էր մտնում։ Այս պատմությունը դուք չեք մարսելու»։
ԱՎելի վաղ, Նակալյանը հայտնել էր. «Արթուր Դանիելյանը փողոցում պատահաբար տեսել է Ալեն Սիմոնյանին, ով եղել է ոչ մենակ, նրա հետ եղել է ՊՈԱԿ-ի Հովոն: Ալեն Սիմոնյանը բարևել է, Արթուրը բարևել է, ինչից հետո Ալեն Սիմոնյանը հարվածել է Արթուրին: Արթուրը եղել է մենակ: Նրա բոլոր գործողությունները եղել են ինքնապաշտպանությունից դրդրված»։
Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա հայտնեց, որ Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ այս պահին քրեական գործ հարուցված չէ. «Պարոն Դանիելյանը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից տեղափոխվել է աստեղ։ Այս պահին պարոն Դանիելյանը գնում է տուն։ Պարոն Դանիելյանի կողմից հանցագործության մասին ընդդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հաղորդում է ներկայացվել։ Հուսանք կլինի օբյեկտիվ քննություն եւ ՀՀ գլխավոր դատախազը կպահանջի պարոն Սիմոնյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից»։
Այս իրավիճակում հետաքրքիր դիտարկում է արել լրագրող Լևոն Փանոսյանը.
«Այսպիսին պետք է լինեն լրատվամիջոցները, որ վերնագրում մեկը գրի` Ալեն Սիմոնյանի վրա հարձակվել են, մյուսը` Ալեն Սիմոնյանն է հարձակվել: Ընթերցողն էլ չստանա ստույգ տեղեկություն: Անաչառությո՞ւն, չէ, չենք լսել»։