Կինոյի կախարդը


Փարաջանով... կինոյի հանճարներից մեկը: Իսկապես չգիտես ինչ խոսքեր ասես, որպեսզի կարողանաս ամբողջությամբ ներկայացնել նրան: Թվում էՙ ինչ էլ ասես, մեկ էՙ քիչ է լինելու: Առավել դժվար է գրել նրա մասին, այնքան շատ բան կա գրելու, որ չգիտես ինչից սկսես: Նրա ամեն մի ֆիլմը, ամեն մի կոլաժը, կենսագրության յուրաքանչյուր շրջան մի առանձին հաստափոր գրքի նյութ կարող են դառնալ: Բացի այդ, նրա մասին այնքան շատ է խոսվել ու գրվել, որ նոր բան չես կարող հայտնաբերել: Երկար մտածելուց հետո որոշեցինք, որ պետք է ներկայացվեն գոնե այնպիսի դրվագներ, որոնք քիչ են հայտնի հանրությանը, կամ դրանց մասին ինչ-ինչ պատճառներով քիչ է խոսվել:


Առաջինը, որ ուզում ենք ներկայացնել, պատմությունն է Փարաջանովի մեծ սիրո, նրա առաջին կնոջՙ Նիգյար Քերիմովայի մասին: 1950-ին Փարաջանովը Մոսկվայում ամուսնանում է ազգությամբ թաթար Նիգյարի հետ: Նիգյարի սերն այնքան մեծ էր Փարաջանովի հանդեպ, որ նա դավանափոխ է լինում, դառնում է քրիստոնյա, եւ նրանք ամուսնանում են եկեղեցով, սակայն նրանց վիճակված չէր երկար վայելել իրենց մեծ սերը: Նիգյարի հարազատները, չներելով նրան դավանափոխ լինելու համար, ամուսնությունից որոշ ժամանակ անց սպանում են Նիգյարին` գցելով նրան գնացքի տակ: Փարաջանովն ահավոր ծանր է տանում կնոջ կորուստը, այնքան, որ այլեւս չի կարողանում մնալ Մոսկվայում եւ մեկնում է Կիեւ: Հետագա ողջ կյանքի ընթացքում Փարաջանովը միշտ հիշում էր Նիգյարին եւ չէր դադարում տանջվել նրա համար: Սակայն գրեթե երբեք չէր խոսում այդ մասին: Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը պատմում է, որ ինքը Փարաջանովի կյանքի հատկապես վերջին տարիներին շատ մտերիմ է եղել նրա հետ, բայց երբեք չի լսել, որ Փարաջանովը երբեւէ խոսի իր եւ Նիգյարի մասին:


Ցավոք սա միակ ողբերգությունը չեղավ Փարաջանովի կյանքում, դրան հաջորդեցին ստեղծագործական արգելքներ, զրպարտություններ, երեք ձերբակալություններ, բանտում անցկացրած դաժան տարիներ: Բոլոր այդ տարիների ընթացքում Փարաջանովի հետ նամակագրական կապ էր պահպանում 20-րդ դարի ամենահմայիչ եւ հայտնի կանանցից մեկըՙ Լիլիա Բրիկը, ով համարվում է հիրավի ճակատագրական կին, քանի որ ճակատագրական դեր է խաղացել շատ շատերի կյանքում: Սակայն այդ ճակատագրական կնոջ կյանքում ճակատագրական դերը վիճակված էր խաղալու Փարաջանովին:


Անհերքելի փաստ է, որ Բրիկը շատ է նպաստել, որպեսզի Փարաջանովը դուրս գա բանտից, եւ երբ վերջապես դա տեղի ունեցավ, Իվ Սեն Լորանի մոտ հատուկ այդ առիթով զգեստ պատվիրած Բրիկը, անհամբեր սպասում էր իրենց հանդիպմանը: Լիլիա Բրիկի բոլոր կենսագիրները նշում են, որ հարյուրավոր սրտեր կոտրած Բրիկը 80-անց տարիքում մանկան նման սիրահարվում է Փարաջանովին: Դա էր պատճառը, որ նա այդքան շքեղ ու մանրկրկիտ ձեւով պատրաստվել էր իրենց հանդիպմանը: Ցավոք այդ հանդիպումը չի արդարացնում Բրիկի սպասելիքները: Փարաջանովը հավանաբար մերժում է նրան: Հանդիպումից որոշ ժամանակ անց, Լիլիա Բրիկն ինքնասպան է լինում: Արեւմտյան շատ արվեստաբաններ եւ Բրիկի կենսագիրներից շատերը պնդում են, որ նա ինքնասպան է եղել Փարաջանովի պատճառով: Սակայն միանշանակ այդպես պնդելը սխալ է: Նույն այդ կենսագիրների պնդմամբ, Լիլիա Բրիկը, ժամանակի առաջին գեղեցկուհին, կյանքի վերջին տարիներին շարունակ տառապում էր այն մտքից, որ իր գեղեցկությունը գնալով խամրում է: Իսկ ինքնասպանությունից որոշ ժամանակ առաջ Բրիկն ընկնում է ու կոտրում ողնաշարը, որի պատճառով այլեւս չի կարողանում քայլել եւ նրա հարազատների պատմելովՙ Բրիկը հաճախ էր կրկնում այն միտքը, որ իր ապրելն արդեն անիմաստ է: Թե ո՞րն է իրականում եղել ինքնասպանության պատճառը, թերեւս, այդպես էլ առեղծված կմնա:


Մի անգամ մեկ այլ տաղանդավոր ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը այցելում է Փարաջանովին: Նա այդ ժամանակ նոր էր վերջացրել իր «Մենավոր ընկուզենին» ֆիլմը, սակայն այն դեռ էկրան չէր բարձրացել: Փարաջանովը նրան ցույց է տալիս մի հրեշտակի պատկեր եւ ասում է. «Իմ հրեշտակն օրհնում է քո ֆիլմը»: Այդ օրհնանքն իրոք որ հաջողություն բերեց ֆիլմին: Այդպիսի մի օրհնանքի եւ հաջողության կարիք ինքըՙ Փարաջանովը, ողջ կյանքում շատ զգաց: Բոլոր ժամանակների ամենահանճարեղ ռեժիսորներից մեկի կյանքն անցավ դառնությունների, զրպարտությունների եւ բանտերի մեջ: Իսկ ամենասարսափելին այն էր, որ նրան թույլ չէին տալիս ստեղծագործել: Եվ չնայած այդ ամենին, նա ստեղծագործեց եւ աշխահին նվիրեց իր մոգական արվեստը:


Համաշխարհային մեծություններ Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո Անտոնիոնի, Բերնարդո Բերտոլուչիի, Ջուլիետտա Մազինիի, Տոնինիո Գուերայի, Մարչելլո Մաստրոյանի կողմից Փարաջանովի մահվան կապակցությամբ ուղարկված նամակում գրված էր. «Կինոյի աշխարհը կորցրեց իր կախարդին»:


ՍՈՍԻ ԽԱՆԻԿՅԱՆ

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան