top of page

Կճոյանին մեղադրում են

  • YO
  • 15 апр. 2020 г.
  • 2 мин. чтения

Обновлено: 16 апр. 2020 г.

15 ապրիլի 2020, ԵՐԵՎԱՆ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:


Խոսքը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է։ Հիշեցնենք, որ 2013թ–ին մամուլը գրեց, որ Կճոյանի անունը կապված է օֆշորային գործարքի հետ։ Սրբազանը հերքեց մամուլում տարածված լուրերը` նշելով, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ Առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:


Ստացված փաստական տվյալների համաձայն` վերջինս, 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանում վերամշակելու և վաճառքի հանելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին ներդրում կատարել։


Այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ` մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը:


Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոսով բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:


Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո` 2013 թվականի ընթացքում, նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել:


Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:


Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page