Մահացել է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյաը: Այս մասին տեղեկանում ենք նրա թոռնուհու`Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումից:
Հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը ծնվել է Արաքում (Իրան) 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952թ.։
Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ.Սունդուկյանի թատրոնում։
1957-59թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։
1959-1961թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։