29.08.2023
Օգոստոսի 29-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու «Հայրենակիցների» հանդիպում։ «Վեհաժողովի օրակարգում է չճանաչված ԼՂՀ-ում բնակվող ռուս հայրենակիցների իրավական կարգավիճակը, ինչպես նաև շրջափակման մեջ գտնվող ԼՂՀ բնակչության կյանքին առնչվող հարցեր, հանրապետության զարգացման ռազմավարությունը, որը հայտնվեց կրիտիկական իրավիճակում 11.09.2020թ.-ի եռակողմ համաձայնագրի կոպիտ խախտման՝ «կյանքի ճանապարհ» Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում։ Միջոցառմանը կմասնակցեն հասարակական կազմակերպություններ՝ ԼՂՀ ռուսական համայնքը, Արցախի ռուսալեզու հասարակությունը, Պատմահայրենասիրական երիտասարդական շարժումը, Մարշալ Բաղրամյանը, «ԱՌԿԱ» հայ-ռուսական մշակութային ասոցիացիան, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, ինչպես նաև ԼՂՀ մայրաքաղաքի բնակիչներ, ովքեր կիսում են ռուսական աշխարհի հիմնարար արժեքները», հայտնում է «Արցախպրես» կիսապաշտոնգործակալությունը։
Արցախի իշխանության արտոնմամբ ու հովանավորությամբ այս միջոցառումը պատահական չէ։ Լավրովի կողմից իր անվամբ պլանի հրապարակումից եւ ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթից հետո Մոսկվան ձեռնամուխ է Արցախի բնիկ մեծամասնության արտաքսման օպերատիվ խնդիրներին։
ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթից հետո, որում նա շարադրեց «ազերբայդժանի օրենքների համատեքստում ԼՂ բնակիչների ինտեգրման» ծրագիրը, Նիկոլը հայտարարեց Բերձորի միջանցքի «միակողմանի բացման մշակվող ծրագրերի» մասին, իսկ Բաքուն հրապարակեց Արցախի բնիկ մեծամասնության արտաքսման «ճանապարհային քարտեզ»։ Ըստ դրա՝ նախ տարհանվում են «ՌԴ քաղաքացիները», ապա «10 հազար ահաբեկիչները», այսինքն՝ Արցախի ուժայինները, մնացած բնակչությունը ենթարկվում է ֆիլտրացիայի՝ «ազերբայդժանի օրենքները պահպանելու» պատճառաբանությամբ։
Գործընթացը մեկնարկել է «հայրենակիցների» եւ ՌԴ անձնագրերի հովանու ներքո։ Հասկանալի է, որ դա ընդամենը պատրվակ է «ՌԴ քաղաքացիների» անվան տակ զանգվածային տեղահանումն իրականացնելու համար։ Ռուս «խաղաղապահների» օպերատիվ գործառույթը դրանով չի ավարտվում՝ նրանք պետք է ապահովեն «ազերբայդժանցի փախստականների վերադարձը եւ անվտանգությունը», «բարձրացնեն Բաքվի դրոշը Խանքենդիում»։
Ահա ռուս «խաղաղապահների», իրականում՝ օկուպացիոն զորքի բուն գործառույթը, որին Լրագիրը մանրամասն անդրադարձել է դրա Արցախում տեղակայվելուց ի վեր։ Արցախի վերացումը «ռուսական աշխարհի հիմնարար արժեքներից» է, «փրկչությունը»՝ բնիկ մեծամասնության արտաքսումը։ Երեւանի ու Ստեփանակերտի ագենտուրային վարչակարգերն առաջնորդում են այս գործընթացը՝ գրեթե 100 տոկոսով ռուսապատկան քաղդասի ու ծախու մեդիա-քաղաքագիտության սազանդարությամբ։
Comments