22.05.2024
Տասնչորս տարի առաջ էր դա՝ 2010 թվականի ամռանը: Ավտոբուսը լի էր հայտնի մարդկանցով՝ զինվորականներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, լրագրողներ, ովքեր Ստեփանակերտ էին մեկնում Համահայկական համաժողովի: Մթնոլորտը ոգևորիչ էր, չնայած այն հանգամանքին, որ միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունը թելադրված էր բանակցային գործընթացում հերթական անբարենպաստ զարգացումներով: Սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ և օտարերկրյա գործիչներ նույնպես եկել էին Ստեփանակերտ: Կարիք չկա ասելու, որ այդ ներկայացուցչական միջոցառման հիմնական ուղերձն էր՝ ցուցադրել հայ ժողովրդի միասնական վճռականությունը Արցախի Հանրապետությունը պաշտպանելու հարցում։ Գորիսով անցնող չափազանց հարազատ ճանապարհը բերեց մեզ Քաշաթաղ: Չհասցրեց ավտոբուսը անցնել «մաքսատունը», ոնց Արկադի Տեր-Թադևոսյանը, ով մինչ այդ համեստորեն նստած էր իր տեղում, անցավ առաջ, կանգնեց վարորդի կողքին և սկսեց պատմել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի ընթացքում այս կողմերում: Լեգենդար Կոմանդոսը, ինչպես գիտենք, խոսքի վարպետ չէր. նա գործի վարպետ էր, չնայած դրան ավտոբուսի ուղևորներն անմիջապես լռեցին և սկսեցին ուշադիր ունկնդրել նրան: Նա պատմում էր գրեթե յուրաքանչյուր մետրի մասին. ահա այստեղ այսպես էր, ահա այնտեղ ինչ-որ մեկը վիրավորվել է, տանկերով այստեղ անցան, այնտեղ ջաղջախեցին թշնամուն, այնտեղ բենզինը վերջացավ և ստիպված էին կանգ առնել, - ցույց տալով շքեղ սարերը, որոնք, ինչպես և ինքը, վերջին հերոսական մարտերի ականատեսներն ու մասնակիցներն էին... Դա նման էր իսկական հրաշքի. ներկաներից յուրաքանչյուրը գիտակցում էր պահի պատմական լինելը և այն, թե ինչ բախտ է իրեն վիճակվել հենց տեղում լսել պատմություն կերտողի և Հայրենիքի մի կտոր ազատագրողի հուշերը: Ավաղ, այն ժամանակ դեռևս սմարթֆոններ չկային, որպիսի այս ամենը նկարահանվեր: Հասանք Շուշի: Բայց այստեղ Արկադի Իվանովիչը կանգ առավ. դա բոլորովին այլ պատմություն էր, յուրահատուկ, եզակի ոչ միայն հայոց պատմության մեջ: Այստեղ անհրաժեշտ էր քշել այլ տեղանքով, հասնել Հունոտի կիրճ (Ձդրդուզ), այցելել Ղազանչեցոց եկեղեցի և հիշատակել բոլոր նրանց, ովքեր կերտեցին բերդաքաղաքի վերադարձի հրաշքը: Ամենքին՝ ոչ միայն Կոմանդոսին ... Հայաստանում և Արցախում շատերն ունեն այդ մարդ-լեգենդին հանդիպելու իրենց սեփական պատմությունը, յուրաքանչյուրի համար այն անմոռանալի է: Նա այդպիսի մարդ էր`անմոռանալի: Անսահման հմայիչ և անսահման համեստ: Հերոս, ով ապրում էր մեր կողքին, ով, ի տարբերություն պատերազմի շատ այլ հերոսների, կարողացավ բացարձակապես անաղարտ պահել իր հեղինակությունը, սպայի պատիվն ու մարդկային արժանապատվությունը: Նրան սիրում և հարգում էին բոլորը, և նույնիսկ մեր շատ անորոշ և խավար ժամանակներում նրա անունը մնաց ազնվության, բարձր բարոյականության, հայրենիքի հանդեպ անշահախնդիր և անմնացորդ /ամեն ինչ հաղթահարող/ սիրո խորհրդանիշ: Այսպիսին նա, ով երկու տարի առաջ գնաց դեպի հավերժություն: Այո, Շուշին ժամանակավորապես հայտնվեց թշնամու ձեռքում, սակայն գլուխներս կախած դժվար թե կարողանանք վերադարձնել այն: Այս առումով նպատակահարմար է անց կացնել զուգահեռներ այսօրվա և 90-ականների սկզբի և կեսերի իրադարձությունների միջև, երբ ազատագրվեց Շուշին, սակայն Արկադի Տեր-Թադևոսյանը, որի հրամանատարությամբ մշակվեց և իրականացվեց «Հարսանիք լեռներում» եզակի ռազմական գործողությունը, դարձավ մերժված անձնավորություն: «Շուշիի ազատագրման 5-րդ տարեդարձը շուքով նշվեց Արցախում: Հրավիրված էին պատվավոր հյուրեր, էստրադային աստղեր Ռուսաստանից և այլն: Ծաղիկներ դնելուց հետո մեր ղեկավարները գնացին Շուշի՝ նշելու տոնը,ինչը ուղեկցվում էր, ինչպես միշտ, չափից առատ կերուխումով: Եվ քչերն էին նկատել համեստ հագնված մի մարդու, ով հյուրերից առանձնացած ծաղկեփունջ դրեց գերեզմաններից մեկին և, միայնակ, կարծես չցանկանալով ուշադրություն գրավել, հեռացավ հուշահամալիրից։ Քայլելով և մենակ: - Բայց դա Կոմանդոսն էր, - ցնցված ասաց ընկերուհիս, որի հետ մենք գնացել էինք Եղբայրական գերեզման,- Իսկ ինչու՞ նա բոլորի հետ չէ: - «Չէ որ նա դարձել է մերժված անձնավորություն, - հիշեցրեցի ես, - Մավրն իր գործն արել է, մավրը կարող է հեռանալ»: Մենք մոտեցանք Կոմանդոսին և ջերմորեն ողջունեցինք նրան, շնորհավորեցինք Հաղթանակի օրվա կապակցությամբ և ասացինք, որ հիշում և սիրում ենք իրեն: Վառ մնա քո հիշատակը, ընկեր գեներալ: Քո գործերն անմահ են հայոց հիշողության մեջ: Շնորհակալություն Շուշիի համար: Ներիր մեզ, որ չկարողացանք պահպանել: Հինգերորդ տարելիցը 1997 թվականն էր. Մռայլ անէության ժամանակներ էին, երբ ընտրություններում պարտված Տեր-Պետրոսյանը, անկախ ամեն ինչից, մնաց իշխանության գլուխ: Սակայն նա ստիպված եղավ հեռանալ 1998թ. փետրվարին, չորս ամիս անց այն բանից հետո, երբ նա հրապարակավ հայտարարեց, որ մտադիր է հանձնել Արցախը՝ արտասանելով ասուլիսում տխրահռչակ արտահայտությունը. «Լավ չես ապրելու, Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»: Թե կոնկրետ ինչպես էր Տեր-Պետրոսյանը մտադրվում լուծել ղարաբաղյան խնդիրը՝ նա նախանշեց 1992թ. մարտին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տրված հարցազրույցում՝ հստակ ասելով, որ իրեն կգոհացնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որպես ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում և որ ինքը պատրաստ է քննարկել այդ հարցը։ Դրանից ուղիղ 2 ամիս անց Շուշին ազատագրվեց: Ի հեճուկս Տեր-Պետրոսյանի ցանկությունների, - և սա հայտնի փաստ է: Հայտնի է նաև, որ այդ օրը՝ 1992թ. մայիսի 9-ին, առաջին նախագահը գտնվում էր Թեհրանում, և հենց այնտեղ նրան հասավ այն լուրը, որն չափազանց ուրախալի էր յուրաքանչյուր հայի համար աշխարհի ցանկացած կետում: Ցանկացած հայի համար, բայց ոչ Տեր-Պետրոսյանի, ով նախկինում հայտարարել էր, որ «Շուշին չի կարելի գրավել»: Կասկած չկա, որ նա երբեք չի ներել Արկադի Տեր-Թադևոսյանին և մեր մնացած գեներալներին ու զինվորներին, ովքեր «համարձակվել են» դեմ գնալ նրա դիրքորոշմանը և ազատագրել Շուշին: Դրանով, ինչպես ասաց ինքն Կոմանդոսը, կատարելով հայ ժողովրդի կամքը: Այսպիսով կերտելով հավերժական առասպել և բացելով հայ ժողովրդի պատմության նոր էջ: Բայց ոչ միայն դա: Շուշիի ազատագրմամբ հայ գեներալներն ու զինվորները Կոմանդոսի գլխավորությամբ կոտրեցին զոհի դարավոր բարդույթը ՝ ապացուցելով ամբողջ աշխարհին և, առաջին հերթին, հայ ժողովրդին, որ նա կարող է և պետք է հաղթի: Շուշիի ազատագրման խորը իմաստը նաև դրանում էր կայանում: Իսկ 2020թ. աշնանը Արցախի և Շուշիի հանձնման խորը իմաստը կայանում էր նրանում, որ մեզ հետ բերեն հաղթանակի անընդունակ ժողովրդի վիճակի, ժողովրդի, որը կարող է հաջողությամբ գոյություն ունենալ միայն թշնամուն լիակատար ենթարկվելու պայմաններում, ինչպես նաև ավագ եղբոր ՝ Ռուսաստանի անվերապահ պաշտպանության ներքո: Պարզվեց, որ դա հնարավոր էր անել միայն մեկ եղանակով. քառորդ դարից ավելի ՝ բնակչության մի մասի ուղեղները հիմնովին լվանալով և, որպես այդ ամենի պսակ, դավաճաններին ու ցինիկներին իշխանության բերելով: 1992թ-ին Հայաստանում և Արցախում, գոյություն ունեին բավականաչափ համարձակ գեներալներ և զինվորներ, որոնք ընդունակ էին գնալ Հայաստանի ղեկավարության կամքին հակառակ և անել այն, ինչ բախտորոշ էր ժողովրդի և պետության համար: Ավելին, այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը ստիպված էր թաքցնել իր զայրույթը և հաշտվել Շուշիի, ապա ամբողջ Արցախի ազատագրման հետ, քանի որ գիտեր, որ ժողովուրդը զորեղ էր իր նպատակների և հոգևոր ուժի միասնականությամբ: Նա գիտեր, որ հենց որևէ դատապարտող խոսք արտաբերեր ՝ «Հարսանիք լեռներում» ռազմական գործողության և հետագա բոլոր իրադարձությունների մասին, նա անմիջապես դուրս կթռներ իր պաշտոնից: Եվ այդպես էլ եղավ. Արցախի վերաբերյալ հենց իր դիրքորոշումն էր, որ 1998թ. փետրվարի 3-ին առիթ հանդիսացավ առաջին նախագահի հրաժարականի: «Վիշապին» այն ժամանակ հաջողվեց սպանել առանց ավելորդ աղմուկի և արյան մեկ պատճառով ՝ մենք ուրիշ էինք: Ավելի քան 28 տարի անց ավարտվեց այն փորձարկումը, որը սկսվել էր հենց այն ժամանակ` 90-ականներին: Մեզ չներվեց մեր ուժը `ոչ ֆիզիկական, այլ բարոյական, մեր միասնությունը, նվիրվածությունը Արցախին: Մեզ չներվեց մեր Հաղթանակը: Եվ նրանք գնացին այլ, սատանայական ճանապարհով. Լվանում էին մեր ուղեղները, գողանում մեր հոգիները ՝ բռնաբարելով ու այլասերելով ազգի մտածելակերպը և սերմանելով կեղծ գաղափարներ և արժեքներ: Եվ հասան իրենց նպատակին. Արցախը թուրքերին հանձնած և այժմ մնացած Հայաստանը հանձնող դավաճանը մնում է իշխանության: Որովհետև երկրում կան բավարար թվով քաղաքացիներ, որոնց կաշարել են խոշոր դրամաշնորհների միջոցներով՝ հատկացված անկիրթ ու աղքատ մարդկանց ուղեղները լվանալու համար: Քաղաքացիներ, որոնց համար Արցախը դադարեց լինել իրենց հայրենիքը, և միակ արժեքները դարձան փողն ու կուշտ կյանքը, թեկուզև թուրքական ճտկակոշիկի տակ: Ովքեր պատրաստ են փողի դիմաց խորհրդարանական ամբիոնից հայտարարել. «Շուշին ադրբեջանական քաղաք է», նույն բանը գոռում են Երևանի փողոցներում, ովքեր ծլվլում են տեսախցիկի մեջ, որ Նժդեհի ուսմունքը վտանգավոր է հայերի համար և խնամված մատով սպառնում են նրանց, ով երազում է վերադարձնել Շուշին: Մեր երկրում մի Վիշապ է գահակալել ՝ առաջին Վիշապի ժառանգորդը, որը ցանկանում է արգելել մեզ նույնիսկ երազել կրկին Շուշին ազատագրելու մասին: Այս անգամ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քանի որ նա բազմադեմ է ու բազմագլուխ, իսկ գեներալները, պարզվեց, բոլորը վախկոտ են, անընդունակ նրա դեմ գնալու: Կան բազմաթիվ զինվորներ, որոնք պատրաստ են վերադարձնել Շուշին: Հրամանատարներ չկան: Չկա Կոմանդոսը... Մենք այլևս չունենք Կոմանդոս, նա մեզ հետ չի նաև ֆիզիկապես: Արկադի Իվանովիչի հեռանալը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան մեծ է պատմության մեջ անձի դերը` հերոսական, համարձակ և նվիրված մեկ նպատակի` Հայրենիքի ազատությանը և բարգավաճմանը: Հանուն այս նպատակի պատրաստ գրոհել ակնհայտորեն անառիկ բերդաքաղաքը ՝ հավատալով իր առաքելության արդար և սուրբ լինելուն՝ Աստծուն և Հաղթանակին: Եվ նշանակություն չունի, որ հետո դու կմերժվես, իսկ Արցախի հերոսի կոչումը քեզ կտրվի մեծ սխրանքից միայն 17 տարի անց: Միայն 2009թ. Արկադի Տեր-Թադևոսյանը դարձավ Արցախի հերոս: Բայց արդյո՞ք դա էր ամենակարևորը այն մարդու համար, ում երկրպագում և պաշտում է մի ամբողջ հայ ժողովուրդ: Վիշապին այսօր էլ պետք է հաղթել, նաև այն բանի համար, որ Շուշին կրկին ազատագրել: Հաղթել և ազատագրել առանց Կոմանդոսի մեր կողքին, բայց Կոմանդոսը մեր հոգում: Վիշապը պետք է ջախջախվի, Շուշին պետք է վերադարձվի, այժմ դա նաև մեր պարտքն է մեր սիրելի զորավարի, 92թ. մայիսին Շուշին բոլոր ազատագրողների, Առաջին պատերազմում Արցախն ազատագրած յուրաքանչյուրի և երկուսուկես տարի առաջ Վիշապին կանգնեցնելու փորձ անողների առջև: