top of page

Կոմիտասի երկու նամակները` ուղղված Հովհաննես Թումանյանին

  • 24 июл. 2022 г.
  • 2 мин. чтения

24.07.2022

Հայ մշակույթի պատմության մեջ եզակի են Կոմիտաս-Թումանյան հարաբերությունները:

Նրանքերկուսն էլ մեծագույն դեր են խաղացել ժամանակի հայ մշակույթի, գրականության, ինչպես նաև հասարակական մտածողության վրա: Այդ առումով խիստ ուշագրավ են Կոմիտասի` ստորև բերված երկու նամականերն` ուղղված Ամենայն հայոց բանաստեղծին.

***

«Սիրելի՛ Յովհաննէս,

Ափսոս, որ Տփխիս եղած ժամանակս քեզ տեսնել չըկարողացայ. պէտք է միլաւ ծեծէի: Ա՛յ աղբէր, քեզ սպասելով աչքս ջուր դառաւ, չէ՞ որ դու ասել էիր, թե Զատկի տօներից յետոյ կը գաս մի քանի օրով: Էսա Համբարձումն էլ անցաւ, դեռ դու չերեւացիր եւ ես ստիպուած, յոյսս էլկ տրած, առայ գրիչս, որ քեզ լաւ հայհոյեմ, բայց ջահել ջիւան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար:

Աղբէր, վաղուց է սկսել եմ եւ բաւական բան գրել քո «Անուշից», բայց դեռ պակասաւոր բաներ շատ կան, որպէսզի մի ամբողջութիւն դառնայ: Այս գիրս առնելուն պէս գրիչդ կառնես եւ ինձ մի դրական բան կըգրես: Այս ամառու անարձակուրդին պէտք է զբաղուեմ առաւելապէս «Անուշով»: Գրի՛ր, թէ ե՞րբ կարող ես մի քանի օրով ինձ մօտ հիւր գալ եւ այստեղ միասին վերջացնենք եւ ես հանգիստ շարունակեմ. ամեն անգամ երբ տրամադրութիւնս տեղն է, ձեռքերս թուլանում են, որովհետեւ երգի յարմարեցրած չեն դեռ բաներ եւ պակասներ էլ կան: Սպասում եմ պատասխանիդ:

Կըգաս եւ առանց այլ եւ այլութեան կիջնես ինձ մօտ եւ միասին կաշխատենք: Գալուդ օրը եւ ժամը հեռագրով իմացուր, որ կառք ուղարկեմ քեզ համար կայարան: Շատ բարեւներ Տիկնոջ, օրհնութիւն սիրասուն զաւակներիդ եւ քեզ միլաւ համբոյր: Քո Կոմիտաս Վ.»

1908 թ. 24 մայիսի, Ս. Էջմիածին

«Սիրելի՛ Յովհաննէս,

Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդ սնորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:

Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւեթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով, մի խօսքով լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը կըկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:

Մանրամասն ծրագիներս կըպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:

Առայժմ ես էլ եմ զբաղուծ մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կըգամ Դիլիջան մինչև «Անուշը» լրացնենք:

Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր:

Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:

Համբոյրներով

Քո Կոմիտաս Վ.»

1908 թ. 8 հունիսի, Ս. Էջմիածին






 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page