top of page

Կորոնավիրուսի ավարտից հետո...

10 ապրիլի 2020, ՀՀ

Քանի որ համավարակը եւ նրա հետ կապված խնդիրներն արդեն շաբաթներ են տեւում, բոլորս, բնականաբար, ծրագրեր ենք գծում, թե ինչ ենք անելու, երբ այս պատմությունն ավարտվի: Ես, օրինակ, սիրում եմ աշխատել գրադարանում (գրքերի յուրահատուկ հոտը վայելելով), ինչպես նաեւ սրճարաններում, եւ կանխավայելում եմ այն պահը, երբ մի քանի շաբաթ հետո այդ հնարավորությունը կունենամ:


Ոմանք անհամբեր սպասում են այն պահին, թե երբ վերջապես կկարողանան հանդիպել ընկերներին կամ հարազատներին: Դատելով տարբեր ֆեյսբուքյան մեկնաբանություններից, կարծում եմ, որ շատ կանայք առաջին հերթին կշտապեն գեղեցկության սրահներ: Երեխաներն էլ երեւի արդեն սիրով դպրոց կշտապեն, քանի որ ընկերների եւ ուսուցիչների հետ միայն վիրտուալ միջավայրում շփվելը նրանց էլ է հոգնեցրել:


Շատերին էլ, կարծում եմ, կորոնավիրուսը խանգարում է լիաթոք զբաղվել «քաղաքական գործունեությամբ» կամ «քաղաքացիական ակտիվիզմով», որը Հայաստանում, համենայնդեպս, հասկացվում է որպես ֆեյսբուքում «հակառակորդների» եւ հատկապես «ազգի թշնամիների» «պորտը տեղը դնելով», նրանց «շշելով» եւ «շամփրելով»: Այսօր ոմանց, կարծես թե, այնքան էլ պատեհ չի թվում նման գործերով զբաղվելը:

Բայց ինձ թվում է, որեւէ դրական կամ բացասական մտադրություն հետաձգելը սխալ է, եթե դրա համար չկան անհաղթահարելի ֆիզիկական խոչընդոտներ (ինչպիսին կարանտինն է): Չիրականացված մտադրությունը մարդուն ուժասպառ է անում, նսեմացնում է նրա հարգանքն իր հանդեպ:


Դա ճիշտ է նաեւ հակառակ մտադրության դեպքում: Ինչ-որ լավ բան չանելու համար մարդիկ զանազան պատճառաբանություններ են գտնում: «Այ, երբ ստանամ 300, 500 հազար կամ 1 միլիոն դրամ աշխատավարձ եւ ունենամ 3,5 կամ 10-սենյականոց բնակարան, ահա այդ ժամանակ ես կդառնամ բարի, մեծահոգի, առատաձեռն, առավոտյան կմարզվեմ եւ օտար լեզու կսովորեմ»: Ծանոթ տրամաբանություն է, չէ՞: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ 1 միլիոնի կամ 10 սենյակի պատճառած հաճույքը խիստ ժամանակավոր է. մարդը կարող է 5 րոպե ուրախանալ դրանց առկայությամբ, որից հետո նրա մոտ անդիմադրելի ցանկություն կառաջանա ունենալու երկրորդ միլիոնը եւ 11-րդ սենյակը: Դա բնական է, այդ ցանկության մեջ ոչ մի վատ բան չկա: Պարզապես խելամիտ չէ մեր մտադրությունները կախվածության մեջ դնել մեր հարաճուն ցանկություններից: Այնպես որ «դուխով» արեք այն, ինչ մտադրվել եք, ձեր մեջ մի պահեք:


Անձամբ ինձ համար սա մի օր է, երբ առավելագույնս պետք է կենտրոնանալ այն արժեքների վրա, որոնք դավանում ես՝ ոչ այնքան դրանց ձեւակերպումները կրկնելով (ձեւակերպումները բոլորի համար պարզ են ու գրեթե համընդհանուր), այլ դրանք, այսպես ասած, կյանքի կոչելու առումով: Այս արժեքները ժամանակային սահմանափակումներ չունեն: Զարմանալի կլիներ, եթե հավատացյալն ինքն իրեն ասեր՝ «այ, հիմա Մեծ պահքը կվերջանա, եւ ես կսկսեմ հայհոյել, ատել եւ դիմացիններիս ցավ պատճառել»: Այդպես մտածողը ավելի լավ է՝ դա անի Պահքի ընթացքում:


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ» թերթի գլխավոր խմբագիր

bottom of page