Կորոնավիրուսի համավարակը, հավանաբար, ավելի երկար է ձգվելու, քան աշխարհի կառավարությունները, քաղաքացիները եւ, ինչո՞ւ չէ, նաեւ՝ բժիշկները, կանխատեսում էին: Թե երբ է այս պատմությունն ավարտվելու՝ այս պահիս ոչ ոք չի կարող ասել. պետք է պատրաստ լինել, որ այս իրավիճակում ստիպված կլինենք ապրել մի քանի ամիս: Բայց ակնհայտ է, որ մի օր դա կվերջանա, եւ կյանքը մեր մոլորակում շարունակվելու է: Հարցն այն է, թե ինչպես է շարունակվելու: Այնպես, ինչպես ընթանում էր համաճարակից առա՞ջ, թե՞ մենք, այնուամենայնիվ, դասեր կքաղենք կատարվածից:
Իհարկե, այդ թեմայով դեռ շատ բան կասվի եւ կգրվի, բայց հիմա էլ, կարծում եմ, կարելի է անել մի քանի դիտարկում:
Առաջինն այն է, որ մարդկությունն ունի միասնական մարտահրավերներ, եւ համավարակն առանձնապես «տարբերություն չի դնում» բարեկեցիկ եւ աղքատ, ժողովրդավարական եւ բռնապետական պետությունների միջեւ: Բոլոր պետությունները պարտավոր են այս հարցում համագործակցել, որովհետեւ վարակը սահմաններ չի ճանաչում:
Երկրորդ դիտարկումն այն է, որ կորոնավիրուսի հաղթահարումը հնարավոր չէ, եթե 7,7 միլիարդանոց մարդկությունից յուրաքանչյուրն իր մասնակցությունը չունենա այս պայքարում: Մարդու ներդրումն այստեղ պետք է լինի նախեւառաջ նրանում, որ նա ամեն ինչ անի՝ վարակը չտարածելու համար:
Երրորդը՝ տեղեկացված լինելու կարեւորությունն է. մինչ ոմանք ինչ-որ «կարոտախտով» խոսում են Հիտլերի մասին, ներկայիս Գերմանիայի ղեկավար Անգելա Մերկելն այսօր իրավիճակի հետ կապված հետեւյալ կարեւոր շեշտադրումն է արել. «Մենք ժողովրդավարություն ենք, մենք ապրում ենք ոչ թե պարտադրանքով, այլ գիտելիքներով, որոնցով կիսվում ենք»: Իսկ գիտելիքների համար պետք ճշմարիտ եւ հավասարակշռված տեղեկատվություն: Այդ առումով, կարծում եմ, որ Հայաստանի պարետատունը ճիշտ է վարվել՝ հանելով թերթերի վաճառքի արգելքը, քանի որ մեր համաքաղաքացիների մի մասը շարունակում են օգտվել տեղեկատվության այդ աղբյուրից:
Չորրորդը՝ այս ժամանակահատվածի համար մտածողության փոփոխությունն է: Օրինակ, առաջ հարազատների նկատմամբ հոգատարությունն արտահայտվում էր նրանց այցելելով, հիմա ճիշտ հակառակը՝ հոգատարությունը Չ-այցելելու ձեւով պիտի արտահայտվի: Դրա հետ դժվար կլինի համակերպվել, բայց իրականությունն այդպիսին է:
…1992-94 թվականների պատերազմի ժամանակ Հայաստանում վիճակը շատ ավելի ծանր էր, քան այսօր: Իմ կարծիքով, «այն» վիճակից մենք դուրս եկանք պատվով: Բայց 3-4 տարի անց պատերազմն ու նրա հետեւանքով առաջացած զրկանքները սկսեցին անվանել «ցրտի ու մթի տարիներ»: Իհարկե, դա քաղաքական քարոզչություն էր, բայց քանի որ մարդկանց մտքով անցնում էր այդպե՛ս քարոզել, ուրեմն դրա համար կային որոշակի սոցիալ-հոգեբանական հիմքեր: Չէի ուզենա, որ «կորոնավիրուսի ամիսները» մեկնումեկը փորձի նման բառերով բնութագրել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր