top of page

Կրկեսի հոգին. այսօր Լեոնիդ Ենգիբարյանի 85-ամյակն է


Ծաղրածու, մնջկատակ, կրկեսի դերասան,ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15 -ին Մոսկվայում:


Հայրը «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր: Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը:


Մինչեւ իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ: 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ: Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի եւ տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր եւ մինչեւ 1950-ական թվականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ ասպարեզում: 1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ եւ կրում ընդամենը մեկ պարտություն: Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում: 1952 թվականին սկսելով երրորդ կարգիցՙ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր:


1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին եւ Լեոնիդը ընդունվում է այդտեղ: 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երեւան եւ ընդունվում հայկական կրկեսախումբ: 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում: 1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագումՙ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը: 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն: Հենրիկ Մալյանը եւ Լեւոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին եւ այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական):


1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակիՙ Է. Բասի անվան գավաթին: 1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ: Նա հյուրախաղերով հաջողութամբ հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա): Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»: Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ: Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», 1964), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում: Վասիլի Շուկշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972):


Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմՙ «Ծանոթացեքՙ Լեոնիդ Ենգիբարյան» եւ «2-Լեոնիդ-2»: Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971), «Վերջին ռաունդ» (1984) գրքերը (երկուսն էլ ռուսերեն), արձակագիր եւ կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող: 1971 թվականին Ենգիբարյանը հեռանում է «Սոյուզգոսցիրկից»ՙ այն բանից հետո, երբ իր գործընկեր Բելովին չեն թույլատրում իր հետ մեկնել արտասահմանյան հյուրախաղերի:


Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնըՙ սկզբնավորելով ինքնատիպ, նորՙ «ենգիբարյանական ուղղությունը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրեւ», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Նա ստեղծել է ողբերգական եւ կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաեւ կրկեսում:


Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս եւ ստվեր» եւ այլ մանրապատումներ:


Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 1971 թվականին Մոսկվայի իր բնակարանում:


1972 թվականին Երեւանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր եւ ղեկավարՙ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջեւ կանգնեցվել է նրա հուշարձանը (1995, քանդակագործՙ Լեւոն Թոքմաջյան):


Երկու տարին մեկ Ծաղկաձորում կազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման եւ Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից:2010 թվականին Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը Ծաղկաձորում կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Իսկ արդեն 2012 թվականին, երբ Ծաղկաձորում անցկացվեց հերթական Մնջախաղի միջազգային փառատոնը, կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը: 2008, 2010 եւ 2012 թվականներին անցկացված փառատոներին մասնակցել են թատերախմբեր եւ անհատ կատարողներ Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Դանիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, ինչպես նաեւ հայկական թատերական, կրկեսային խմբեր, նվագախմբեր, երիտասարդական խմբեր:


Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից են` «Վառարան-նստարաններ», ռեժիսորՙ Վասիլիյ Շուշկին, 1975, «Մեր մանկության կրկեսը», ռեժիսորՙ Ալեքսեյ Գաբրիլովիչ, 1983,«Լեոնիդ Ենգիբարով», ռեժիսորՙ Լիլիան Ստեփանյան,1984,«Մարդըՙդեղին մոլորակից», թողարկում Իգոր Կիոյի «Բոլորը ծաղրածու են: 4-րդ եթերաշրջան: Լեոնիդ Ենգիբարով»,1986, «Լեոնիդ Ենգիբարյան: Հեռուստամեմուարներ: Նա արեւոտ ծաղրածու էր...» Ռոլան Բիկովը Լեոնիդ Ենգիբարյանի մասին, «Լեոնիդ Ենգիբարյան-բոլոր ռեպրիզները», Մարիետա Ռուդինա, 1993,«Լեոնիդ Ենգիբարյան», Վլադիմիր Օրենով, 1997, «Գրպանահատների արքան»: Լեոնիդ Ենգիբարյան, «Լյոնյա, մեզ մի բան ցույց տուր», ռեժիսորՙ Տատյանա Վիլկինա,«Աստղային ծաղրածուն», անիմացիոն կինոնկար, ռեժիսորՙ Կսենիա Կռատովա, սցենարի հեղինակՙ Մարիա Ռոմանուշկո, 2003,«Ծիծաղի արքաները: Ենգիբարյան», ռեժիսորՙ Դմիտրի Լյուտիկով, 2003, «Լեոնիդ Ենգիբարյան (Ինչպես գնացին կուռքերը)» 2006, «Սիրտը ափի մեջ», նվիրվել է Լեոնիդ Ենգիբարյանի 70 ամյակին, 2005, «Լեոնիդ Ենգիբարյան. ժպիտՙ արցունքների միջից», ռեժիսորՙ Սերգեյ Խալոդնիյ, 2005, «Պոետն ու ծաղրածուն», ռեժիսորՙ Օլեգ Վասին, 2008, «Ճանապարհ դեպի կրկես», ռեժիսորներՙ Լեւոն Իսահակյան, Հենրիկ Մալյան, 1963:


Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page